Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾԸ ՓՈԽԱՆՑՎԵՑ ՌՈ-ԻՆ

Հունիս 12,2010 00:00

Ի պատասխան «Առավոտի» խնդրանքին, ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ-ն երեկ մեզ տրամադրեց հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը Արտաշատի քաղաքային զբոսայգում Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանի որդու՝ Վահե Հովակիմյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված հաղորդումը: Ըստ այդմ, «հունիսի 6-ին, ժամը 01:45-ին, անհայտ անձից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին, որ Արտաշատ քաղաքի զբոսայգում մարզպետի տղա Վահեն կռիվ է անում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժ. 00:30-ի սահմաններում, Վահե Հ.-ն (Հովակիմյանը- խմբ.)՝ ծնվ. 1988թ., եւ Ժորա Մ.-ն՝ ծնվ. 1985թ. (Մարկոսյանը- խմբ.) քաղաքի զբոսայգում վիճաբանել են իրար հետ, հարվածել են միմյանց եւ պատճառել վնասվածքներ: Վերջիններս բերման են ենթարկվել բաժին, Վահե Հ.-ի եւ Ժորա Մ.-ի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նրանք ստորագրությամբ բաց են թողնվել: Կատարվում է հետաքննություն»: Հիշեցնենք, որ «Առավոտն» այդ միջադեպին անդրադարձել էր դեռ հունիսի 10-ին՝ «Ծեծկռտուք Արտաշատում» վերտառությամբ հրապարակմամբ, որին արձագանքած մարդիկ նաեւ պնդեցին, թե Վահե Հովակիմյանը նախկինում էլ ոստիկանության ուշադրության կենտրոնում է եղել մի դանակահարության դեպքի կապակցությամբ, որին, սակայն, ընթացք չի տրվել: Երեկ ՀՀ ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ այդ միջադեպի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցված քրգործը նախօրեին տեղափոխվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն, քանի որ Վ. Հովակիմյանը միջադեպի պահին հանդիսացել է ժամկետային զինծառայող: Հավելենք, որ «Առավոտի» հրապարակմանը արձագանքելով՝ Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը մեր ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին էր զանգել ու հայտարարել, թե՝ թաքուն-թաքուն եկել, օբյեկտներս ես նկարել, ես մի 30 հատ օբյեկտ էլ ունեմ, ինձ ասեիր՝ նկարները կտայի: «Առավոտը» պատրաստ է հրապարակել մարզպետին պատկանող նաեւ մյուս օբյեկտների լուսանկարները, եթե վերջինս դրանք մեզ փոխանցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել