«Սարդարապատ» նախաձեռնությունը երեկ գումարել է այլընտրանքային խորհրդարանի սոցիալ-տնտեսական հանձնաժողովի առաջին նիստը: Նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ շարժման նպատակն է ձեւավորել մի բեմահարթակ, որտեղ համապատասխան ոլորտի մասնագետները կարող են ազատ ներկայացնել իրենց կարծիքը: Այս նախաձեռնությունում հնարավորինս մեծ թվով երիտասարդ մասնագետներ պետք է ներգրավվեն, քանի որ, ըստ Սեֆիլյանի, առանց երիտասարդների որակական փոփոխություններ հնարավոր չէ պատկերացնել: Ներգրավվելու է նաեւ սփյուռքահայության ներուժը, որին, ըստ բանախոսի, մշտապես խոչընդոտել են ներկա եւ նախկին իշխանությունները: Որոշ սփյուռքահայեր արդեն իսկ դրական են արձագանքել: Այլընտրանքային խորհրդարանի ձեւավորման ողջ գործունեությունը տեղի է ունենալու հրապարակային: Իսկ թե ինչպես է այն ձեւավորվելու՝ կմանրամասնվի ավելի ուշ: Նախաձեռնության անդամ Հայկ Բալանյանի համոզմամբ էլ՝ եթե ուզում ենք Հայաստանում ազատականություն կառուցել, ապա պետք է սոցիալիստական մեթոդներով միջին դասակարգ ստեղծենք: