Հայ ազգային կոնգրեսի երիտթեւի ակտիվիստները, որոնք ի պատասխան ոստիկանության կողմից Ազատության հրապարակ մտնելու արգելքին վերսկսել են ուրբաթօրյա իրենց բողոքի երթերը, երեկ երթ են անցկացրել դեպի Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցչության գրասենյակ։ «News.am»-ի մատուցմամբ, նրանք երթի ճանապարհին ՀԱԿ կալանավորված ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի նկարով եւ նրան ազատ արձակելու պահանջով թռուցիկներ են բաժանել։ Երթի մասնակիցները ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին հասցեագրված նամակ եւ դրան կից տեսանյութ են փոխանցել: Իսկ նամակում ասված է. «Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված Հայաստանին վերաբերող 1609, 1620, 1643 բանաձեւերում կոչ է արվում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, այնինչ՝ այսօր ավելանում են քաղբանտարկյալները: Վառ օրինակ է 18-ամյա Դավիթ Քիրամիջյանը, ով ուսանող է եւ սովորում է Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Ունի խնդիրներ առողջության հետ կապված՝ մասնավորապես վիրահատության է ենթարկվել նրա աջ ոտքը, ունի մշտական բժշկական հսկողության կարիք: Ձերբակալման ժամանակ տեղի ունեցած բռնությունների հետեւանքով տեղաշարժվել է նրա ծնոտը»: Նամակի հեղինակները հորդորել են ԵԽ գլխավոր քարտուղարին՝ հավատարիմ մնալ ԵԽԽՎ սկզբունքներին եւ վերջինիս կողմից ընդունված բանաձեւերին, պահանջել ՀՀ իշխանություններից ազատ արձակել Քիրամիջյանին եւ մյուս քաղբանտարկյալներին, հետամուտ լինել բանաձեւերի կատարմանը: Ի դեպ, այսօր լրանում է Դավիթ Քիրամիջյանի 19-ամյակը, որը նա կնշի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է մայիսի 31-ին՝ Ազատության հրապարակում, կալանավորվել է հունիսի 3-ին՝ խուլիգանություն կատարելու մեղադրանքով: