Քաղբանտարկյալի էլի մի «գործ» կարող է դատարան մտնել
Քաղբանտարկյալի գույքը դեռ կալանքի տակ է
Թերեւս առաջիկայում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կարող է 2008թ. «Մարտի 1»-ի գործով հինգ տարվա ազատազրկման եւ 900 հազար դրամի չափով տուգանքի դատապարտված, քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանին առնչվող էլի մի գործ քննվել: Բանն այն է, որ երկու տարի առաջ, մարտի 1-ին, Սաղաթելյանի ձերբակալությունից, ապա կալանավորումից օրեր անց, մարտի 21-ին «Մարտի 1»-ի քրգործի վարույթն իրականացնող ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Կարապետյանը որոշում էր կայացրել «կալանք դնել մեղադրյալ» Մուշեղ Սաղաթելյանի գույքի վրա՝ «որտեղ էլ այն գտնվի»: Ըստ այդմ, կալանք էր դրվել ոչ միայն Սաղաթելյանին, այլեւ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքի վրա: Ավելի ուշ քաղբանտարկյալի հարազատներին հաջողվել էր դատարանի միջոցով վերացնել իրենց գույքի վրա դրված կալանքը, բայց Սաղաթելյանի գույքն այսօր էլ կալանքի տակ է: Երեւանի քրեական դատարանը 2008թ. հոկտեմբերի 23-ին Սաղաթելյանի նկատմամբ կայացված դատավճռում որեւէ կերպ չի անդրադարձել նրա գույքի վրա դրված կալանքին: Մինչդեռ դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարտավոր էր դա անել ու կամ՝ կալանքը թողնել ուժի մեջ՝ մինչեւ դատավճռով 900 հազար դրամի տուգանքը վճարելը, կամ՝ վերացնել կալանքը: Բայց ահա քաղբանտարկյալի գույքը կալանքի տակ պահելու անհրաժեշտությունն այլեւս վերացել էր այն պահից, երբ 2009թ. մարտի 19-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քննել ու բավարարել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի նույն համայնքի բաժանմունքի պետի՝ Սաղաթելյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակը այլ պատժատեսակով փոխարինելու եւ պատժի կատարումը կասեցնելու միջնորդությունը: Այս դատարանի որոշմամբ, քանի որ Սաղաթելյանը հրաժարվել էր վճարել Երեւանի քրեական դատարանի դատավճռով նշանակված 900 հազար դրամ տուգանքը, նրա նկատմամբ այդ պատժատեսակը փոխարինվել էր 2200 ժամ տեւողությամբ հանրային աշխատանքներով, եւ պատժի կատարումը կասեցվել էր «ազատությունից զրկելու հետ կապված պատժի կրման ժամկետով»: Սակայն, ինչպես պարզվում է, դրանից հետո էլ Սաղաթելյանին պատկանող գույքի վրայից կալանքը չի հանվել: Քաղբանտարկյալի որդու՝ Սեւակ Սաղաթելյանի մատուցմամբ, Մուշեղ Սաղաթելյանին պատկանող գույքի հետ կապված գործարքներ կատարելու անհրաժեշտությունը ստիպել է կալանքի վերացման հարցով դիմել պետական տարբեր ատյանների՝ «կադաստրից» մինչեւ գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացրած ՀՔԾ քննիչ, ԴԱՀԿ ու դատավոր Մնացական Մարտիրոսյան: Բոլոր այս կառույցներից եւ պաշտոնատար անձանցից ստացված միակ պատասխանն այս է եղել. կամ՝ դա իրենց «պազիցիան» չի, կամ՝ տեղյակ չեն, թե արդյոք իրե՞նք են իրավասու լուծելու առաջացած կազուսը: Դատավոր Մարտիրոսյանն էլ Սաղաթելյանի որդուն խորհուրդ է տվել, որ դրանով փաստաբանը զբաղվի: Ասել է թե՝ փաստաբանը հիմա էլ նոր՝ քաղբանտարկյալի գույքի վրա դրված կալանքը վերացնելու հայցով կամ բողոքով պիտի էլի դատարանին դիմի:
ՄԻԵԴ-ից նյութե՞ր են կորում
Մուշեղ Սաղաթելյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե ՄԻԵԴ-ի քարտուղարությունից իրեն ուղղված մի նամակով Սաղաթելյանի գանգատին վերաբերող բավականին շատ եւ էական նշանակություն ունեցող փաստաթղթեր են պահանջվել, որոնք ինքն արդեն իսկ ուղարկած է եղել: «Սա ինձ ստիպում է ենթադրել, որ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ի քարտուղարությունում որոշ մարդիկ առանձին փաստաթղթեր, հավանաբար, թույլ չեն տալիս տեղ հասնեն: Չգիտեմ, բայց մտավախություն ունեմ, որ այնտեղ էլ կան մարդիկ, ովքեր փորձում են թույլ չտալ, որ եվրոպական կառույցները բնականոն աշխատեն: Սա իմ տպավորությունն է»,- ասաց պաշտպան Սաֆարյանը՝ կարծիք հայտնելով, թե արժե այդ փաստը պատշաճ կերպով ստուգել:
Թե որքանով են պաշտպանի կասկածները հիմնավոր՝ այս պահին բարդ է ասել: Բայց այս կասկածները փարատելն առավել դժվար է, քանի որ ենթադրյալ մեքենայությունները կատարվում են ՄԻ Եվրոպական դատարանի քարտուղարությունում աշխատող եւ Հայաստանից ստացվող գանգատների գրանցմամբ զբաղվող Արա Շահզադեյան անուն-ազգանունով մեկի կողմից, որի զեղծարարությունների մասին ՄԻԵԴ դիմած ՀՀ մի քանի քաղաքացիներ հրապարակայնորեն բարձրաձայնել էին դեռ 2004-2005 թվականներին: Խոսքը մասնավորապես Մաշտոցի պողոտայի իր բնակարանից զրկված ՀՀ քաղաքացի Ռուդոլֆ Հունանյանի եւ համանման գործով ԵԴ դիմած քաղաքացի Ռ. Սիմոնյանի բողոքների մասին է: Դեռ 2005-ին նրանք թերթերից մեկին պատմել էին, որ իրենց գանգատների մի մասը ՄԻԵԴ-ի պատերի ներսում կորել է, գանգատներից ինչ-որ փաստաթղթեր են հանվել եւ այլն: Այդպիսի մի դեպք արձանագրել էր նաեւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, որը հաստատվել էր: Արա Շահզադեյանի գործողությունները ՄԻԵԴ քարտուղարությունում կարեւոր են այնքանով, որ ԵԴ-ում գանգատները վարույթ ընդունել-չընդունելու հարցը մեծապես հենց նրանից է կախված՝ գանգատի ճիշտ թարգմանությունից, անհրաժեշտ եւ հիմնական փաստաթղթերը տեղ հասցնելու, գործը ձգձգելու, ի վերջո՝ ԵԴ Կոմիտեին գանգատի վերաբերելիության մասին ներկայացվող զեկույցի բովանդակությունից: Զեղծարարությունն անելն էլ, ի դեպ, այնքան էլ ռիսկային չէ, որովհետեւ ԵԴ կանոնակարգով, Կոմիտեում գանգատը մերժելուց հետո դրա հետ կապված բոլոր փաստաթղթերը ոչնչացվում են:
Երեկ մենք փորձեցինք այս առնչությամբ որոշակի պարզաբանումներ ստանալ «Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի» ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանից: Նա ասաց, թե «շատ նորմալ է, որ ԵԴ-ն գանգատը նայելուց հետո այլ՝ լրացուցիչ փաստաթղթեր է ուզում: Դրանք կարող են հարակից փաստաթղթեր լինել, որոնք հավելյալ անգամ կհաստատեն գանգատի հիմնավորվածությունը: Դրանք կարող են նաեւ վերաբերել փաստաթղթերի, որոնց գոյության մասին ԵԴ-ին տեղյակ է պահվել, եւ նա կարող է ըստ անհրաժեշտության պահանջել»: Նա ասաց, թե այս պահին հիմքեր չունի կասկածելու, թե ՄԻԵԴ քարտուղարությունից գանգատներին վերաբերող նյութեր են կորել, կամ՝ «տեղ չեն հասել», կամ՝ ճիշտ չեն թարգմանվել ու ներկայացվել. «Բայց նախադեպն այնպիսի բան է, որ երբ այն կա՝ կասկածը չի կարող ամբողջությամբ փարատվել: Այս պահի դրությամբ այն կարգի ապացուցված ահազանգ, ինչպիսին ժամանակին Արտակ Զեյնալյանն էր ներկայացրել, դեռեւս չունենք»: «Առավոտն» այս խնդրի շուրջ զրուցեց նաեւ ՄԻԵԴ-ում նախկին քաղբանտարկյալներից շատերի գործերով ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ: Նրա պարզաբանումները կներկայացնենք մեր առաջիկա համարներից մեկում: