Դաշնակցությունը պատրաստվում է գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ ներկայացնել, իսկ եթե չստացվի՝ փոխել իշխանությունը:
ՀՅԴ խմբակցության առաջարկը՝ գազի գների վերանայման մասին, ԱԺ հերթական նիստի վերջին օրը խորհրդարանական մեծամասնությունը բոյկոտեց եւ չքվեարկեց, կառավարությունն էլ հատուկ անտարբեր գտնվեց Դաշնակցության հարցապնդումների հանդեպ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ չթաքցրեց, որ իրենք մտադիր են շարունակել թեման: Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի՝ «Երբ հհշականները ցույց են անում, նույն այդ գազի հարցով, դա կառավարությանը չի հետաքրքրում, որովհետեւ այդ ոճին նա սովոր է, այդ աշխատելակերպը նրա համար վտանգ չի ներկայացնում: Բայց երբ դու լուրջ հարց ես տալիս, սկսում են մտահոգվել, ջղայնանալ»: Նկատենք, որ Դաշնակցության այս հարցապնդումները կառավարության կողմից ներկայացվեցին որպես քաղաքական շոու: Ի հակադարձումն այս որակման, Վահան Հովհաննիսյանը ասաց. «Հավանաբար կառավարությունում չգիտեն՝ ինչ բան է քաղաքական շոուն: Օրինակ, քաղաքական շոուն դա Դիլիջանը համաշխարհային բանկային կենտրոն դարձնելու ծրագիրն է, այ, դա շոու է, իսկ ուղղակի հարցնել՝ ոնց եղավ, որ գազի ճակատագիրն այս ուղղությամբ գնաց, սա շոու չէ, սա լուրջ հարց է, եւ պետք չի նեղվել, այլ պետք է պատասխանել»: ՀՅԴ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենք առաջ են քաշելու գազի հարցն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնություն:
Արդեն առանձին՝ «Առավոտը» պարոն Հովհաննիսյանին հարցրեց՝ հնարավո՞ր է, որ հատկապես գազի հարցում Դաշնակցությունը եւ Դաշնակցության չսիրած ՀՀՇ-ն միասնաբար հանդես գան, քանի որ, ըստ էության, նույն խնդրի մասին են խոսում: Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ խնդիրը ոչ Դաշնակցությանն է, եւ ոչ էլ ՀՀՇ-ինը. «Սա մեր ժողովրդի եւ անվտանգության խնդիրն է, ուրեմն, եթե հնարավոր է որեւէ նման խնդրի շուրջ միավորել ջանքերը, մենք դրան պատրաստ ենք: Պարզապես մենք ունենք մտավախություն: Հենց մեջտեղ է գալիս հասարակությանը մտահոգող մի լուրջ խնդիր, մենք ասում ենք՝ եկեք լուծենք այս խնդիրը, նրանք ասում են՝ այս խնդիրը չի լուծվի, եթե մենք հենց հիմա չգնանք ու չգրավենք Սերժ Սարգսյանի պալատը: Այստեղ է տարբերությունը: Մենք ասում ենք՝ եկեք խնդիրը լուծենք, իրենք ասում են՝ եկեք այդ խնդիրը օգտագործենք ուրիշ նպատակի հասնելու համար»: Միանշանակ է, որ խորհրդարանական մեծամասնությունը Դաշնակցության այս նախաձեռնությունը չի ընդունելու, եւ չկան երաշխիքներ, որ հանկարծ կառավարությունը եւ իշխանական խորհրդարանը ընդառաջ գնան ՀՅԴ նախաձեռնությանը: Սա ՀՅԴ-ն գիտակցում է. «Քաղաքականության մեջ ոչ ոք ոչ մի հարցում երաշխիք չի կարող ունենալ, իհարկե, մենք չունենք երաշխիք, բայց երաշխիք չունենալը չի կարող մեզ ետ կանգնեցնել պայքարից»,- նշեց խմբակցության ղեկավարը:
Մեր դիտարկմամբ, ցանկացած հանձնաժողով եւ հատկապես՝ ժամանակավորները ստեղծվում են մեկ նպատակով՝ մարդկանց ուշադրությունը շեղելու եւ «գազը» (ոչ բնական) բաց թողնելու նպատակով: Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ «եթե այդպես լիներ, ապա կառավարությունը կփորձեր հանգիստ, ծավալուն, հանգամանալից պատասխաններով ձեր ասածի պես «գազը» կամ ավելի ճիշտ՝ գոլորշին հիմա բաց թողնել, բայց դա չարվեց: Մենք կասկածում ենք, որ մեր հարցերի մեջ կան էլեմենտներ, որոնց պատասխանները, եթե անկեղծ լինեն, վտանգավոր կլինեն, իսկ եթե անկեղծ չլինեն, մենք նրան չէինք հավատա եւ ոչ միայն մենք: Դրա համար այս կուրսը պետք է շարունակել, բայց առանց հիստերիաների եւ հանգիստ, որովհետեւ խնդիրը կարեւոր է»:
Մենք համառորեն փորձեցինք պարզել՝ եթե չհաջողվի ոչ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել եւ ոչ էլ գազի հարցերը լուծել, ի՞նչ է անելու Դաշնակցությունը: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Մենք ընդդիմություն ենք, գնում ենք մյուս ընտրություններին իշխանությունը փոխելու մտադրությամբ»: Նկատեցինք՝ մի՞թե սա այն չէ, ինչին ձգտում է նաեւ ՀՀՇ-ն: Պարզվեց, որ՝ «էդքան էլ էդպես չի, որովհետեւ մենք կոնկրետ ասում ենք, թե ինչ ենք անելու դրանից հետո, իսկ այնտեղ (նկատի ունի ՀՀՇ-ն-Մ. Ե.) ես կոնկրետ ծրագիր չեմ տեսնում: Այնտեղ պրոբլեմը գիտե՞ք ինչումն է. Լեւոն Տեր-Պետրոսյանին ընդդիմության համահայկական լիդեր ճանաչելու հարց են դնում: Ի վերջո իրենց հարցը դա է, այստեղ մենք ասում ենք՝ ոչ: Իսկ որեւէ ասպարեզում համագործակցել՝ սիրով: Բայց մենք գիտենք, որ դա չի լինի, որովհետեւ իրենց ամբողջ ասածը ի՞նչ է՝ ով մեզ հետ չի, տականք է, կեղծ ընդդիմություն է եւ այլն»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը գազի հարցում համամիտ չէր Վահան Հովհաննիսյանի հետ, քանի որ «ՀայՌուսգազարդում» գերշահույթներ չկան. «Ես գիտեմ, որ «ՀայՌուսգազարդը» այն ընկերություններից չի, որը Հայաստանում զբաղված է թալանով, եւ այդ պատճառով այդ մոտեցումը ես համարում եմ արտակարգ խստացված: Ես դրա համար էլ դեմ եմ քվեարկել ՀՅԴ-ի այդ առաջարկին»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նկատեց, որ ոչ մի հանձնաժողովի կարիք չկա. «Որպես ընդդիմություն՝ քաղաքական տեսանկյունից ՀՅԴ-ն ճիշտ ակցիա է կատարում, բայց ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի: Համապատասխան լսումներ կլինեն, կհասկանանք, թե ինչ են ուզում»: