«Եթե ուշադիր ընթերցենք տարբեր ուղղությունների թերթեր, հեռուստատեսությունը նայենք, ռադիոն լսենք, պատկերացում կարող է առաջանալ, որ մենք երեք տարբեր երկրներում ենք ապրում: Առաջին երկրում ժողովուրդը ուղղակի հիացմունքով նայում է, թե ինչ տնտեսական աճ է արձանագրում կառավարությունը, նոր ներդրողներ է բերում, նոր տեխնոլոգիաներ են տարածվում: Եթե կենտրոնանում ես այլ թեւի ներկայացրած ինֆորմացիայի վրա, կստացվի, որ ժողովուրդն ամբողջությամբ ոչ մի ուրիշ հետաքրքրություն չունի, միայն մտահոգված է, թե 20-30 հոգիանոց խումբ հհշականներին կհաջողվի՞ օպերայի հրապարակ ներս մտնել եւ այնտեղ ցույց անել: Բայց ես երրորդ երկրում եմ ապրում, որտեղ ժողովուրդը վաղուց չի հավատում իշխանության խոստումներին եւ բացարձակապես հետաքրքրված չի հհշականների գործունեությամբ, այլ մտահոգված է իր կյանքին վերաբերող լուրջ հարցերով, թանկացումներով, անարդարությամբ, ոստիկանության, դատարանների գործունեությամբ, իր անապահովության մթնոլորտով:
Սրանով է ապրում ժողովուրդը եւ ոչ թե երկու ծայրահեղությունների կողմից ստեղծվող կեղծ պատկերներով»,- երեկ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Կարդացեք