Ալեծածան թութակներից հետո, հաջորդ թութակը, որը նույնպես շատ սիրելի է թռչնասերների շրջապատում՝ «կարմրաթռիկ» կորելլան է կամ թութակ-նիմֆան: Այս թութակներին առաջին անգամ Եվրոպա են բերել 1840 թվականին՝ Փարիզ: Հայրենիքն Ավստրալիան է:
Կորելլաները լինում են տարբեր գունավորումների՝ սպիտակ, գորշ, շագանակագույն, խայտաբղետ: Գեղեցիկ է նաեւ նրանց «կատարիկը»: Այս թութակների արուն ունի ավելի վառ գունավորում գլխի եւ «թշիկների» հատվածում, ինչպես նաեւ շատ լավ երգում է:
Ընդհանրապես, թութակների տեսակների մեջ կորելլաներն առանձնանում են իրենց հանգիստ եւ խաղաղասեր «բնավորությամբ» եւ հեշտությամբ նույն վանդակում կարող են ապրել ալեծածան թութակների հետ միասին:
Թութակների զույգը հեշտությամբ կարող է բազմանալ 80X40X60 սմ չափի վանդակում: Սակայն ավելի հաջողությամբ՝ մեծ վանդակում: Բնակելի չափերն են՝ 30X30X40 սմ: Բնարկղի հատակը ծածկում են միջին խոշորության փայտի թեփով՝ 2-4 սմ հաստությամբ: Բնարկղի անցքի տրամագիծն է՝ 5-7 սմ: Այս թութակների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ թխսում է նաեւ արուն: Կորելլայի էգն ածում է 4-6 սպիտակ գույնի ձու: Ճտերը դուրս են գալիս 21-22-րդ օրը: Նրանք կույր են, անօգնական եւ ծածկված խիտ, գորշ գույնի աղվափետուրով: Կերի նկատմամբ կորելլաները պահանջկոտ չեն՝ կորեկ, վարսակ, արեւածաղիկ, սորգոյի (ավելի) սերմեր, եգիպտացորենի թրջած եւ փափկեցրած հատիկներ, մրգեր, բանջարեղեն, պինդ խաշած ձու, թարմ կաթնաշոռի եւ հացի (քիչ քանակությամբ) խառնուրդ:
Կորելլաները խիստ մարդամոտ են եւ եթե բնարկղից վերցված են փոքր հասակում, կարող են դառնալ ձեռնասուն, ժամերով նստել «տիրոջ» ուսին: Որոշ «անհատներ» կարողանում են «խոսել», սակայն սահմանափակ բառեր՝ 10-12: Հեշտությամբ սուլում են տարբեր մեղեդիներ: Մարդկային ձայնը նրանք արտաբերում են աղավաղված, ի տարբերություն ալեծածան թութակների եւ, իհարկե, «ամենախոսուն» թութակների՝ ամազոնների եւ գորշ ժակոյի: