Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՔՍՈՒԱԼ ՆԵՎՐՈԶԸ ՀԵՏԵՎԱՆՔ Է…

Հունիս 11,2010 00:00

 Խանգարում, որից կարելի է հեշտությամբ ձերբազատվել

\"\"

«Սեքսոլոգիայի մեջ, որպես այդպիսին, գոյություն չունի սեքսուալ նեւրոզ տերմինը»,- ասում է բժիշկ-սեքսոլոգ Ռուզաննա Ազատյանը:

Ըստ նրա, «սեքսուալ նեւրոզ» արտահայտության տակ պետք է հասկանալ նեւրոտիկ սեռական խանգարումները:

«Սեռախանգարումները յուրաքանչյուր անհատի մոտ յուրովի են դրսեւորվում: Դրանք հաճախ կախված են մարդու անձից, տիպից, բնավորության գծերից: Օրինակ, շատ զգայուն տղամարդու մոտ, որոշակի պայմաններում, սթրեսային իրավիճակից կարող է լինել էրեկցիայի խանգարում: Մեկ ուրիշի մոտ կարող է վաղաժամ սերմնաժայթքում տեղի ունենալ: Կանանց մոտ դա ավելի դրսեւորվում է անօրգազմիայով եւ սեռական ցանկության բացակայությամբ եւ այլն»,- ասում է զրուցակիցս ու հավելում, որ վերջին շրջանում կանանց մոտ հաճախ ախտորոշում ենք վագինիզմ:

«Ինչպես հայտնի է, վագինիզմը կրկնվող կամ մշտական ախտաբանական վիճակ է, որի ժամանակ տեղի է ունենում հեշտոցի ջղաձիգ կծկում՝ անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը: Երբեմն վագինիզմի զարգացման հիմքում ընկած է անհաղթահարելի վախի զգացումը: Վախը սեռական ակտից կամ դեֆլորացիայից (կուսաթաղանթի պատռում) սրվում է ակտի փորձի ժամանակ՝ առաջացնելով ակամա կծկումներ, որն էլ անհնարին է դարձնում բուն ակտը: Իսկ վախի հիմքում ընկած է սեռական ոլորտում սխալ տեղեկացվածությունը կամ անտեղյակությունը»,- պարզաբանում է Ռ. Ազատյանը ու նշում նաեւ այն փաստը, որ վագինիզմ հիվանդության պատճառ կարող է դառնալ տղամարդու կողմից ինքնահաստատվելը անկողնում: Հայտնի է, որ երբեմն տղամարդիկ կնոջ հետ անկողնում փորձում են լինել ագրեսիվ եւ կոպիտ: Բժշկուհու խոսքերով, վագինիզմը, ինչպես եւ մնացած սեռախանգարումները, չեն ենթադրում ֆիզիոլոգիական խախտումներ: Այս հիվանդությունների հիմքում հոգեբանական խնդիրներն են:

Կանանց մոտ հաճախ հանդիպող սեռախախտումներից մեկն էլ, Ռ. Ազատյանի փոխանցմամբ, անօրգազմիան է կամ սեռական ցանկության բացակայությունը: Նա անօրգազմիան հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Անօրգազմիան՝ սեռական մերձեցման ժամանակ օրգազմի բացակայությունն է: Անօրգազմիայի դեպքում սեքսուալ խթանումը առաջացնում է գրգռվածություն, բայց օրգազմ կամ չի լինում, կամ հազվադեպ է լինում: Հաճախ կանանց մոտ անօրգազմիան անհանգստության, անքնության, ներքին լարվածության, գլխացավերի, որովայնի ստորին հատվածի շրջանում ցավի պատճառ է դառնում, ինչն էլ կարող է բերել զուգընկերոջ հանդեպ սառնության, կոնֆլիկտային իրավիճակների, մինչեւ անգամ փախուստի՝ սեռական մերձեցումից»: Ի դեպ, ըստ Ռ. Ազատյանի, տեւական սեռական ցանկության բացակայությունը կարող է պատճառ հանդիսանալ խոր միջանձնային խնդիրների, անձի նեւրոտիզացիայի, ինչպես նաեւ տարբեր սոմատիկ հիվանդությունների զարգացման:

Տղամարդկանց մոտ, ըստ մեր զրուցակցի, պատկերը հետեւյալն է: Ամենահաճախ հանդիպող սեռախանգարումը՝ էրեկտիլ դիսֆունկցիան է, որն էլ պատկանում է այն սեռական խանգարումների թվին, որոնք խիստ մտահոգություն են պատճառում տղամարդկանց: Էրեկցիան կորցնելու վտանգը սեռական վախի պատճառ է հանդիսանում, որը հաճույքի անմիջական զգացողությունից ուշադրությունը շեղում է դեպի առնանդամի պրկվածության աստիճանին հետեւելը:

Բժշկուհին, որպես սեռախանգարում, տղամարդկանց մոտ առանձնացրեց նաեւ վաղաժամ սերմնաժայթքումը: Ըստ Ռ. Ազատյանի, ընդունված է տարբերել վաղաժամ սերմնաժայթքման երկու տեսակ՝ բացարձակ եւ հարաբերական:

Բացարձակ է համարվում այն սերմնաժայթքումը, որը վրա է հասնում սեռական ակտի առաջին րոպեի ընթացքում, եւ որի ընթացքում զուգընկերուհին սեռական բավարարվածություն չի ստանում: Հարաբերական էլ համարվում է այն սերմնաժայթքումը, որի առաջացման ժամանակահատվածը բավարար չէ զուգընկերուհու սեռական բավարարման համար:

Բժշկուհուց հետաքրքրվեցինք, թե սեռախանգարման պատճառ կարո՞ղ է դառնալ ընդհատված սեռական ակտը:

«Սովորաբար ընդհատված սեռական ակտի, էմոցիաների զսպան մասին խոսում են կանայք, ովքեր ապրում են բազմամարդ ընտանիքում: Նրանք հաճախ գանգատվում են, որ իրենց խանգարում է այն հանգամանքը, որ երեխայի առկայությամբ ստիպված են լինում սիրաբանելու կամ զսպում են էմոցիաները օրգազմ վերապրելու պահին, քանի որ պատից այն կողմ, ասենք, քնած է սկեսուր մայրիկը եւ այլն… Դա եզակի պատճառ է, այն ընդհանրացնել եւ ասել, որ կարող է նման գանգատը բերի սեռախանգարման՝ սխալ է»,- ասում է Ռ. Ազատյանը: Բժշկուհու համոզմամբ, 20 կանանցից, ովքեր ապրում են բազմամարդ ընտանիքում, միայն 7-ի մոտ կարող է լինել նման գանգատ: Բայց հիմքում կան այլ ենթատեքստեր, ասենք, հնարավոր է՝ կինը ուզում է առանձնանալ ամուսնու ընտանիքի անդամներից:

Վերոնշյալ պատճառներից զատ, հարցրի բժշկուհուց, թե ի՞նչ անցանկալի հետեւանքի է բերում սեռական ակտի ժամանակ զույգերից մեկի կողմից արված ծաղրը, չար կատակը:

«Սեռական ակտի ժամանակ թույլ տված ծաղրը կամ չար կատակը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ եւ նույնիսկ դառնալ սեռախանգարումների պատճառ: Օրինակ, եթե կինը չար կատակ է իրեն թույլ տվել, խոսել է, ասենք, տղամարդու առնանդամի փոքր չափսերից, ապա չի բացառվում, որ այդ ծաղրը բերի տղամարդու մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի եւ այլ տեսակի սեռախախտումների»,- ընդգծում է Ռ. Ազատյանը:

Բժշկուհին նույնիսկ դեպքեր է հիշում, որ այս խնդրով հիվանդներից մեկը ստիպված է եղել ամեն օր քանոնով չափել իր առնանդամը, այնուհետեւ համեմատել գրքում տրված օրինակելի չափսերի հետ: Բայց դա էլ չի օգնել հիվանդին ձերբազատվել սթրեսից: Նույն ծաղրի դեպքը կարող է գրանցվել հակառակ սեռի պարագայում, երբ տղամարդու ոչ ճիշտ արտահայտությունը, պատահական հնչեցրած բառը կարող է սթրեսի պատճառ դառնալ կնոջ համար:

Վերջում հարցրի բժշկուհուց, թե ի՞նչ բուժում են առաջարկում սեռախանգարումների պարագայում:

Նա ասաց, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ փուլում է գտնվում տվյալ անհատի խնդիրը: Տարբեր մեթոդներ են այսօր կիրառվում: Յուրաքանչյուր այցելուի անհատական մոտեցում է ցուցաբերվում: Ռ. Ազատյանը փաստում է, որ կան մարդիկ, ովքեր կտրականապես հրաժարվում են դեղորայքային բուժումից եւ իրենց միակ գործիքը մնում է հոգեթերապիան, ինչը կրկին արդյունավետ միջոց է:

«Սեքսուալ նեւրոզները, սեռախանգարումները հաղթահարվող բաներ են»,- եզրափակում է բժշկուհին եւ հորդորում ժամանակին դիմել մասնագետի ու չապավինել այն ընդունված կարծիքին, որ խնդիրն ինքն իրեն կլուծվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել