Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ կանցկացվի թենիսի Հայաստանի առաջնություն

Հունիս 11,2010 00:00

Հունիսի 1-9-ը «Orange Tennis» ակումբում կայացավ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի՝ մինչեւ 10, 12, 14 եւ 16 տարեկան պատանիների ու աղջիկների ամենամյա առաջնությունը, որին մասնակցում էին 60 պատանի թենիսիստներ՝ Հայաստանի բոլոր մարզերից:

Մասնակիցների համար առաջնությունում հանդես գալը կարեւորվում էր ոչ միայն մեդալներ ու գավաթներ նվաճելով, այլեւ այն պատճառով, որ ցուցադրած արդյունքները հիմք կհանդիսանան ՀԹՖ-ի համար՝ լավագույններին տարբեր միջազգային մրցաշարերի ուղեւորելիս: Առաջնության փակման ու մրցանակների հանձնման պաշտոնական արարողությանը, ի թիվս ՀԹՖ ներկայացուցիչների, ներկա էր նաեւ Թենիսի միջազգային ֆեդերացիայի ու Եվրոպայի թենիսի ասոցիացիայի Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի համակարգող Հրբոյե Զմայիչը: Նա շնորհավորեց մրցանակակիրներին ու հաղթողներին՝ նշելով, որ նման մրցաշարի անցկացումը հնարավորություն է ստեղծում մրցակցության բարձրացման, ինչպես նաեւ թենիսի զարգացման: «Առավոտի» հետ զրույցում Զմայիչը փաստեց, որ վերջին 10 տարիների ընթացքում թենիսը Հայաստանում շատ դժվար ճանապարհ է անցել, բայց որոշակի առաջընթաց է նկատվում, սակայն հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել հենց պատանեկան թենիսի վրա: Իսկ այդ հարցում շատ կարեւոր դեր ունեն պատանեկան մրցաշարերը:

Ի դեպ, ՀԹՖ-ն 2010թ.-ին նախատեսել է անցկացնել մի շարք պատանեկան մրցաշարեր, մասնակցել միջազգային մրցաշարերի, որոնք կնպաստեն մեր պատանի թենիսիստների՝ խաղային փորձի կուտակմանը: Այդպես, հունիսի 14-27-ը հայ պատանի թենիսիստները կմասնակցեն Վրաստանում կայանալիք «Ռենա եւ Դաթո գավաթ» ու «Ավստրիական ավիաուղիներ» միջազգային մրցաշարերին, որից անմիջապես հետո՝ հունիսի 30-ին արդեն Երեւանում կմեկնարկեն «Ալեքսանդր Ծատուրյան» եւ «Արթուր Շիլաջյան» միջազգային հուշամրցաշարերը: ՀԹՖ գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանի խոսքերով՝ սպասվում է, որ Երեւան կժամանեն շուրջ 140 թենիսիստներ 14 երկրներից, որոնց թվում են Իտալիան, Սերբիան, Գերմանիան, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Իսրայելը, Հունաստանը, Կիպրոսը, Ղազախստանը, Թուրքիան, Վրաստանը: Չի բացառվում նաեւ, որ մասնակիցների թիվը դեռ փոփոխության ենթարկվի: Մրցաշարերը կանցկացվեն մինչեւ 14 եւ 16 տարեկան պատանիների ու աղջիկների միջեւ: Բացի այս, 2010 թվականին առաջին անգամ նախատեսվում է անցկացնել Հայաստանի թենիսի առաջնություն: «Այդ առաջնությունը ՀԹՖ-ի ու սպորտի նախարարության համատեղ նախագիծն է: Այն անցկացվելու է ինչպես պատանիների, այնպես էլ կանանց եւ տղամարդկանց միջեւ ու մեկնարկելու է հոկտեմբերի 18-ին»,- ասաց Գեւորգ Կարամանուկյանը՝ միաժամանակ նշելով, որ մեծահասակների մրցաշարեր մեզ մոտ շատ քիչ են անցկացվում եւ Հայաստանի առաջնության դերն այդ առումով անչափ կարեւորվում է: «Նախկինում մեզ մոտ անցկացվում էին «feauteres» մրցաշարեր, բայց դրանք շատ մեծ ծախսերի հետ էին կապված: Մեր թենիսիստներն այժմ մասնակցում են հարեւան երկրներում անցկացվող «feauteres»-ներին: Կոնկրետ հիմա Հարություն Սոֆյանը գտնվում է Իրանում: Թեեւ, պետք է նշեմ, որ դրսում մասնակցություն ապահովելն էլ շատ բարդ է, քանի որ գործ ունենք մեծ գումարների հետ, իսկ ծախսերն ամբողջությամբ մարզիկը կամ հովանավորը պիտի հոգան»,- ասում է Կարամանուկյանը: ՀԹՖ զարգացման գծով համակարգող, «Օրանժ թենիս» ակումբի կառավարիչ, կանանց հավաքականի ավագ Աննա Գասպարյանն էլ փաստում է, որ հովանավորների հարցը մեր երկրում ամենադժվարներից է: «Գուցե մենտալիտետի հարց է: Մեզ մոտ պատրաստի արդյունք են ուզում տեսնել, ապա միայն՝ ֆինանսավորել, մինչդեռ առանց համապատասխան ֆինանսավորման՝ դա հնարավոր չէ: Տարիներ ի վեր թենիսը գոնե չնչին ֆինանսավորում չի ստացել անգամ կառավարությունից: Այս տարին առաջինն է, որ բյուջեով նախատեսվում է որոշակի գումար, ու մենք մտադիր ենք անցկացնել Հայաստանի առաջնություն»,- ասում է Աննա Գասպարյանը: Միեւնույն ժամանակ, ՀԹՖ զարգացման գծով համակարգողն ընդգծում է նաեւ, որ նույնիսկ նման պայմաններում շատ բան է արվել ու դեռ շատ բան կա անելու: «Ամենակարեւորը՝ ճիշտ ուղու վրա ենք, միայն թե ժամանակ է պետք»,-փաստում է Գասպարյանը՝ ներկայացնելով պատանեկան թենիսի զարգացմանն ուղղված ծրագրերը: Այդպես, այժմ անցկացվում են ոչ միայն միջազգային ու ներքին մրցաշարեր, այլեւ՝ ամենշաբաթյա «week-end tournaments» մրցաշարեր՝ տարբեր տարիքային խմբերում: Դրանք եւ մրցակցային միջավայր են ստեղծում, եւ խրախուսում ու ոգեշնչում են երեխաներին: Բացի այդ, մի շարք հանրակրթական դպրոցներում անցկացվում է «մինի-թենիս» ծրագիրը՝ մինչեւ 8 տարեկան երեխաների համար: «Երեխաները ոչ միայն ֆիզկուլտուրայի ժամին են թենիսով զբաղվում, այլեւ գալիս են ակումբ, ստանում անվճար մարզվելու իրավունք: Ծրագրի նպատակը թենիսի մասսայականացումն է ու նոր տաղանդների որոնումը»,- նշում է ՀԹՖ զարգացման գծով համակարգողը: Մեր հարցին, թե արդյո՞ք կարելի է ՀԹՖ պատանեկան առաջնությունը տաղանդների բացահայտմանն ուղղված քայլ համարել, Աննա Գասպարյանը պատասխանեց, որ հաղթողները իրենց համար նոր անուններ չէին. «Նրանք այն երեխաներն էին, ովքեր տարվա ընթացքում քանիցս ապացուցել են իրենց լավագույնը լինելը: Իհարկե, որոշ բացահայտումներ եղել են մասնակիցների թվում, սակայն դա առանձնապես եղանակ չի ստեղծել»: Ինչ վերաբերում է հենց առաջնության հաղթողներին, ապա 10 տարեկանների մրցապայքարում հաղթել են Մարինա Դավթյանն ու Դավիթ Նազարեթյանը, 12 տարեկանների պայքարում՝ Միլենա Ավետիսյանն ու Դավիթ Մուրադյանը, զուգախաղերում՝ Միլենա Ավետիսյան-Մարիամ Բայաթյան եւ Դավիթ Մուրադյան-Արման Մուրադյան զույգերը: 14 տարեկանների մրցապայքարում առաջինն էին Արեւիկ Թումանյանն ու Միքայել Ավետիսյանը, Սեդա Վարդանյան-Կարինե Թության եւ Միքայել Ավետիսյան-Սուրեն Բաղդասարյան զույգերը, իսկ 16 տարեկանների խմբում հաջողությունը Միքայել Ավետիսյանի (մենախաղեր) եւ զուգախաղերում՝ Միքայել Ավետիսյան-Սուրեն Բաղդասարյան զույգի կողմն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել