Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔԸ՝ ՌԻՆԳՈՒՄ

Հունիս 11,2010 00:00

\"\"Մոսկվայի «Մեգասպորտ» մարզապալատում ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում են արդեն իսկ առնվազն բրոնզե մեդալ նվաճած բռնցքամարտիկները, որոնց մեջ են մեր հանրապետության ներկայացուցիչներ Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Հրաչյա Ջավախյանը (64) եւ Արթուր Խաչատրյանը (81):

48 կգ քաշային կարգում, մասնակիցների սակավության պատճառով, մենամարտերն սկսվում էին քառորդ եզրափակչից, եւ հաղթողները միանգամից առնվազն բրոնզե մրցանակակիր էին դառնում: Հովհաննես Դանիելյան-Դենիս Շկարուբո (Ուկրաինա) դիմակայությունը ծանր ընթացք ունեցավ: Իսկ երբ հնչեց եզրափակիչ գոնգը, հաշիվը հավասար էր՝ 4:4: Միայն մրցավարների լրացուցիչ որոշումով հաղթանակը շնորհվեց Եվրոպայի չեմպիոն հայ բռնցքամարտիկին:

Այս քաշային կարգում անակնկալ ավարտ ունեցավ Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Դավիթ Հայրապետյանի եւ ադրբեջանցի Էլվին Մամիշզադեի մարտը, որում ֆավորիտը Հայրապետյանն էր համարվում: Սակայն նա անակնկալ պարտվեց ու զրկվեց մեդալ նվաճելու հեռանկարից: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հաջողության հասնելու դեպքում Հովհաննես Դանիելյանը կիսաեզրափակչում հանդիպելու է վերոնշյալ զույգի հաղթողի հետ: Եվ հանգամանքների այսպիսի զարգացման արդյունքում այսօր ռինգում միմյանց դեմ ելնելու են Դանիելյանն ու Մամիշզադեն:

Կիսաեզրափակիչ մտել եւ արդեն բրոնզե մեդալ է ապահովել նաեւ Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը, որը միավորների 5:3 տարբերությամբ հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Դավիդ Մյուլլերին: Հրաչյան այսօր ուժերը չափելու է ուկրաինացի Ալեքսանդր Կլյուչկոյի հետ:

Եվ վերջապես լուրջ փորձություն է սպասվում Հայաստանի երրորդ ներկայացուցչին՝ 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանին, որի մրցակիցն այսօր Արթուր Բետերբիեւն է՝ Ռուսաստանից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել