Հայկական պատմաճարտարապետական բացառիկ նմուշներն էլ՝ խարխլվում
«Այն հուշարձանը, որը չի գտնվում այս կամ այն տուրիստական գոտում, դուրս է մնում պետական ուշադրությունից, իսկ այդպիսի հուշարձանները բազմաթիվ են՝ Ավանի տաճարը, մեր գոհարներից մեկը, որ ահավոր վիճակում է, էլ չեմ ասում հեռավոր վայրերում գտնվող հուշարձանների մասին: Առաջնահերթ բարեկարգման շատ հուշարձաններ կան, որոնց այդպես էլ հերթ չի հասնում: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, Մայրավանքը գտնվում է սոսկալի, կործանման վիճակում, բայց գյուղում նոր եկեղեցի են կառուցում, մեր բարերարների գումարները պարզապես փոշիանում են»,- երեկվա ասուլիսում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ նշելով, որ մշակութային լուրջ արժեքներ վերանալու վտանգի տակ են. «Դսեղի Ս. Գրիգոր եկեղեցին ընդհանրապես երեւի ոչնչանա, որովհետեւ ոչ ճանապարհ կա, ոչ էլ՝ վերականգնելու հեռանկար, միայն տարիներ առաջ որոշակի չափագրական աշխատանքներ են կատարվել»:
Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մոսոյանն էլ հակադարձեց. «Թվարկված հուշարձաններից 50%-ը արդեն վերականգնման գործընթացում է»: Նա վստահեցրեց, որ հուշարձանների պահպանումը իրենց ուշադրության կենտրոնում է ու նշեց, որ այս տարի Նորավանքում մեծ շուքով բացելու են անվանի մանրանկարիչ Մոմիկի թանգարանը, Եղեգնաձորում՝ մանրանկարչության պատկերասրահը: Ապա թվարկեց հրատապ միջամտության ու վերականգնման կարիք ունեցող հուշարձանների անունները, որոնց համար պետբյուջեից տրամադրվել է մոտ 213 միլիոն դրամ. «Այս հուշարձաններից են՝ Ապարանի Աստվածընկալ, Բուժականի Թեղենյանց եւ Վայոց ձորի Քարկոպի եկեղեցիները, նախատեսել ենք նաեւ Ոսկեվազի Ս. Հովհաննես եկեղեցին ամրակայել, ընդհանուր առմամբ վերականգնման ծրագրում կա 10 հուշարձան, որոնց թվում ընդգրկված է նաեւ Երեւանի՝ «Էրեբունի արգելոց-թանգարանի» միջնաբերդը, բայց վերականգնման գործընթացը առայժմ չի սկսվել»: Պարոն Մինասյանի կարծիքով. «Այդ գումարները, որ նախատեսել են 10 հուշարձանների համար, բավական չէ: Փաստորեն, վերականգնման աշխատանքները կիսատ են մնում, հաջորդ տարի մոտենում ենք այդ հուշարձաններին, տեսնում՝ ինչ-որ բան աղավաղված է: Այսինքն՝ անհրաժեշտ է դրա վրա նորից նույն քանակությամբ գումար ծախսել»:
Ճարտարապետի խոսքով, վերջին տարիներին մեր պատմական հուշարձանների վերականգնումը վստահում են գործից անտեղյակ մարդկանց. «Հուշարձանների վերականգնումը մրցութային կարգով երբեմն հանձնում են շինարարական ընկերության, որը հուշարձան վերականգնելուց շատ հեռու է, միայն վերցնում է գումարը ու մտածում, թե երկու քար է փոխելու, քարն էլ չլինի՝ ուրիշ բան կփոխի…»:
Պարոն Մինասյանը այլ խնդիր եւս բարձրացրեց. «Երբեմն էլ գործող եկեղեցիներում անցկացնում են ջեռուցման համակարգ կամ պատուհաններ տեղադրում՝ առանց մասնագետին հարցնելու, ու պատուհանի նմուշը միանգամից աղավաղում է եկեղեցու կերպարը, ախր դա անելու տեխնիկական տարբեր մեթոդներ կան»: Պարոն Մոսոյանն էլ պարզաբանեց. «Ձմռան ցրտին ինչո՞ւ պետք է հավատացյալը սառչի»: Ճարտարապետը առաջարկեց նաեւ ստեղծել հայկական հուշարձանները ներկայացնող կատալոգ: