Հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումները
Երեւանի հարավ-արեւելքում՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից ոչ հեռու՝ Արին բերդի բլրի վրա կառուցված է Էրեբունի ամրոցը: Այն Արարատյան դաշտավայրում ուրարտական առաջին խոշոր ռազմավարական կենտրոնն էր: Մինչեւ 20-րդ դարի առաջին կեսը հայտնի չէր դրա գտնվելու վայրը: Միայն 1950-ին Արին բերդի հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերվեց Արգիշտի Առաջինի շինարարական մի արձանագրություն. պարզվեց՝ դա Էրեբունի քաղաք-ամրոցի կառուցման վավերագիրն է: Ըստ դրա՝ քաղաքը հիմնադրվել է ք.ա. 782 թ.: Էրեբունիի միջնաբերդը ճարտարապետական համալիր է՝ կրթական, պալատական ու տնտեսական կառույցներով, որոնք տեղավորված են կրթական հրապարակի երեք կողմերում: Մուտքից ձախ Խալդ աստծո տաճարն է, աջում՝ տնտեսական կառույցներն ու հացահատիկի շտեմարանը, հանդիպակաց՝ պալատական համալիրը՝ սյունազարդ բակով եւ առանձին տաճարով, նվիրված Իվարշա աստծուն: Միջնաբերդը շրջափակված է բարձր ու հաստ պարիսպներով: Հուշարձանին շքեղություն են հաղորդում զոհաբերության, որսի, երկրագործական եւ այլ տեսարաններով որմնանկարները:
Ֆրանսիացի, ամերիկացի, իտալացի հնագետներին ու ճարտարապետներին հիացրել է այս ամենը. արդեն 2-րդ տարին է՝ պեղումներ են իրականացվում Էրեբունիի միջնաբերդում: Հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը այստեղ պեղումներ է իրականացնում հունիսի 7-18-ը: Հայկական սովորության համաձայն՝ մեր հնագույն հուշարձանները մի քանի «գրոշի» համար հեշտությամբ տրամադրում ենք արտասահմանցի մասնագետներին, որոնք հաճախ հնագույն ժամանակաշրջանի հուշարձանների «կարոտ» են: Սակայն նրանցից չենք պահանջում ոչինչ: Նրանք էլ պեղում, նյութն օգտագործում, հոդվածներ են տպագրում հեղինակավոր ամսագրերում ու Հայաստանին՝ ոչինչ… Սակայն «Առավոտի» հետ զրույցում «Էրեբունի արգելոց-թանգարանի» տնօրեն Գագիկ Գյուրջյանը վստահեցրեց. «Էրեբունիում պեղումներ են կատարվել 1948-ից: Սակայն մինչ օրս քաղաք-ամրոցի պեղումների վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ թանգարանում չի պահպանվել: Այնինչ հուշարձանների պահպանության օրենքից բխող ենթաօրենսդրական ակտով նախատեսվում է, որ հնավայրում պեղումներ իրականացնողները պարտավոր են արգելոց-թանգարանին հանձնել ոչ միայն հաշվետվություններ, այլեւ օրագրեր: Ուստի մեր կոլեգաների նկատմամբ ավելի պահանջկոտ ենք լինելու: Պետք է պահպանվի արգելոցային ռեժիմը»:
Հայ-ֆրանսիական արշավախմբի հայկական կողմի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը, ֆրանսիական կողմինը՝ անվանի հնագետ, Բրետանի հնագիտական տարածաշրջանային ծառայության պետ Ստեֆան Դեշամը: «Առավոտի» հետ զրույցում Դեշամը նկատեց. «Խալդի տաճարի հարավային հատվածը համեմատաբար կուսական վիճակում էր, այդ պատճառով այստեղ ենք պեղումներ կատարում: Մենք եւս վերականգնում անելու ենք, սակայն շատ զգայուն՝ չօգտագործելով աղյուս, ցեմենտ, բետոն, չվնասելով հուշարձանը: Կարող էինք հեշտությամբ ամեն բան բետոնով ծածկել, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում, սակայն այժմ նոր լուծումներ են պետք»: Արշավախմբի ճարտարապետը՝ Օ դը Սեն դեպարտամենտի հնագիտական ծառայության ճարտարապես Վինչենզո Մուտարելլին էլ մեր այն հարցին, թե հատկապես ինչո՞ւ է հուշարձանը հետաքրքրել իրենց, այսպես պատասխանեց. «Մեր հուշարձանները հիմնականում ռոմանական ժամանակաշրջանի են, մոտ 8 դար ավելի երիտասարդ, քան Էրեբունին: Ուստի եկել ենք Էրեբունի՝ ուրարտական ժամանակաշրջանի մասին նյութեր հավաքելու համար: Մյուս կողմից էլ ուզում ենք Էրեբունիի նոր պատմությունը կերտել, քանի որ Խորհրդային Միության ժամանակշրջանում հուշարձանը պեղվել է հին մեթոդներով, ուստի այժմ դրա իրական պատկերը չէ, որ ներկայանում է հանրությանը»: 30 հոգանոց արշավախմբում աշխատում են նաեւ հայ եւ ֆրանսիացի ուսանողներ: Նորմանդիայի Ռոուեն համալսարանի ուսանող Պիեր Ժոն էլ նկատեց. «Առաջին անգամ եմ Հայաստանում եւ շատ տպավորված եմ: Ինչ վերաբերում է Էրեբունիին, ապա խորհրդային ժամանակաշրջանի պեղումները, կարելի է ասել՝ բացահայտել են ոչ իրական Էրեբունին, մենք ուզում ենք գտնել իրականը: Հայ հնագետները եւս հիմնականում պեղում են խորհրդային մեթոդներով, մասնավորապես իրականացնում են «ուղղահայաց» պեղումներ, այսինքն՝ պատի բարձրությամբ, իսկ մենք կողմ ենք «հորիզոնականին»՝ հատակը շերտ-շերտ ուսումնասիրելուն, հետո՝ ներքեւ իջնելուն»: