Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՊՐՈՑ

Հունիս 11,2010 00:00

Ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

Որպեսզի խափանարարի դեր չկատարեմ, որպեսզի նպաստեմ, որ հանրակրթական դպրոցի վիճակի մասին հայ հասարակության այս մտասեւեռումը նրա բարելավմանը ծառայի, որպեսզի գոնե այս մեկ հարցով հասարակության մեջ քննարկում կայանա, փորձեմ մտավորականի պարկեշտությամբ, առանց կրքի ու նախապաշարմունքի, առանց համակրանքի ու հակակրանքի մասնավոր զգացումների, առանց որեւէ հետին մտքի ու հաշիվների, միով բանիվ՝ առանց պատեհապաշտության: Գրի ստեղծումով-գործածումով սկսած գրականության ու գրավոր մշակույթի, սրա հետ կապված՝ հայոց դպրոցի զարգացումը երեք ինքնուրույն փուլերով է անցել: Առաջին փուլը ձեռագիրն է՝ իր սահակ-մաշտոցյան դպրոցով: Մաշտոցի աշակերտը, ինչպես Կորյունը, որպես դպիր՝ գիտակցում է իր առաքելությունը հայրենիքի ու Աստծո առաջ, գործում է իր ուսուցչապետից փոխառած ոգեղենությամբ, թարգմանիչ է ու գրիչ: Ուսուցանման մեթոդն ու առարկան Սուրբ գրքի, Գործք առաքելոցի եւ ձեւավորվող հայալեզու քրիստոնեական ծիսակարգի ջանասեր սերտումն է: Օտար լեզուն (ասորերեն եւ հունարեն), ամենահայտնի դպիրները գործուղումով սովորում են Եդեսիայում եւ Կապադովկիայում: Մայրենի լեզուն, հասկանալի է, գրաբարն է: Այսպես իր վայրիվերումներով մինչեւ 16-րդ դար… Գրատպությամբ սկսվում է գրականության եւ դպրոցի գոյության երկրորդ փուլը: Ցավոք, գրահրատարակչությունը ընդամենը պահպանեց սահակ-մաշտոցյան դպրոցը, դրանով նաեւ հայոց մշակութային մաքառման կարեւոր գործոն դարձավ, բայց զրկված լինելով եվրոպական ռեֆորմացիայի եւ լուսավորության ազդակներից, չդարձավ հայոց նոր դպրոցի տեխնոլոգիական հիմքը: Գրատպության շրջանում ինքնակրթությունը, գլխավորապես Մխիթարյան միաբանության հրատարակություններով, դարձավ ուսուցման նոր եղանակ, հնարավորություն տալով հատկապես ամենաընդունակներին (Խ. Աբովյան, Մ. Նալբանդյան, Ս. Նազարյան եւ այլք) նախապատրաստելու մեր մշակույթի աշխարհիկ զարթոնքը (19-20-րդ դարեր): Մինչեւ 19-րդ դարը չեն փոխվում ուսուցման լեզուն՝ գրաբարը, ուսուցման մեթոդը (սերտումը) եւ ուսուցման բովանդակությունը:

Աշխարհաբար լեզուն 19-րդ դարի երկրորդ եւ 20-րդ դարի առաջին կեսին կենդանություն հաղորդեց նաեւ դպրոցին: Նոր Ջուղայի, Զմյուռնիայի, Թիֆլիսի, Նոր Նախիջեւանի եւ մի քանի այլ դպրոցներում, շնորհիվ Աբովյանի, Աղայանի, Մամուրյանի, Զորյանի, Լիսիցյանի եւ այլոց, սկսեց զարգանալ հայ մանկավարժությունը: Մեթոդի առումով, գաղափարների առաջադիմության առումով, մեր ամենամեծ մանկավարժը Աղայանն է, ամենաերեւելի դպրոցը՝ Ներսիսյան դպրոցը: Այս շրջանում եւս կրթությունը շարունակող հայ դպրոցի լավագույն սաները օտար լեզուն՝ ֆրանսերենը, անգլերենը, գերմաներենը, ռուսերենը, սովորում են արտասահմանում: Խորհրդահայ դպրոցը, որն, իհարկե, անուրանալի դեր կատարեց համատարած գրագիտության ապահովման առումով, մանկավարժական իր արժեքները չստեղծեց: Անզոր լինելով շարունակելու Ներսիսյան դպրոցի լավագույն փորձը՝ նա եղավ ու մնաց խորհրդային դպրոցի ամենավատ պատճեններից մեկը: Խորհրդային դոգման եւ ռեժիմի պարտադրած կեղծ արժեքները դպրոցը պահեցին մի տեսակ ձեռագրի փուլում: Խորհրդահայ դպրոցը ոչ միայն չկարողացավ օտար լեզու սովորեցնել, այլեւ մինչեւ մեր օրերը հետեւողական եղավ իր ջանքերի մեջ՝ ցույց տալով, թե ինչպես չի կարելի օտար լեզու սովորեցնել: Ռուսաց լեզուն դարձավ երկրորդ մայրենին, խորհրդային բանակը՝ ռուսերենի ժողովրդականացման դպրոցը, իսկ ռուսաց լեզվի ուսուցմամբ հայ դպրոցը դարձավ խորհրդային հայտնի բարձրագույն մասնագիտական հաստատությունների կադրեր պատրաստող դարբնոցը: Խորհրդային դպրոցը անգիրի դպրոց էր: Կարեւոր չէ՝ որն է ուսուցվող առարկան՝ մայրենի լեզվի քերականությունը, աշխարհագրությունը, բնագիտությունը, թե մաթեմատիկան: Անգիրի դպրոցում, որտեղ գլխավորը մտապահումն է ու վերարտադրումը, ընթերցանությունը չդարձավ մեթոդ, մտածող մարդու համար՝ քննարկման-ճանաչման միջոց: 1950-90-ական թվականներին գրատպությունը, շնորհիվ տնտեսության բուռն զարգացման, որը իր հետ բերեց սոցիալական որոշակի ապահովություն եւ դարձավ գիտելիքի պատվիրատու, ֆորմալ կրթության զարգացած ցանցով՝ պարտադիր հանրակրթության եւ մասնագիտական մատչելի կրթության բարձր ցենզ ապահովեց, կուլտուրականացրեց հայ հասարակությունը, ընտանեկան եւ հանրային գրադարանների կազմակերպած ընթերցանությունը ապահովեց ընդհանուր զարգացման մինչ այդ չտեսնված մակարդակ: Մենք 1991թ. անկախությամբ պիտի թեւակոխեինք մեդիագրի եւ մեդիակրթության փուլ, որի մեթոդը ուսումնասիրությունը, ստեղծականությունն է եւ անհապաղ, անընդհատ ուսումը՝ ինքնակրթության (ոչ ֆորմալ կրթության) անսպառ հնարավորություններով, շնորհիվ ինտերնետի, կրթություն ողջ կյանքում ու առանց սահմանների: Հայաստանը պիտի վերածված լիներ ոչ թե խորհրդային շրջանի «թանգարանի՝ բաց երկնքի տակ», որը չգիտեմ՝ հնարավոր էր իրագործել, թե ոչ, այլ գրադարանի, որտեղ բոլորն են սովորում ու սովորեցնում, շնորհիվ մեդիայի: Ավաղ, արդեն քսան տարի իներցիայով շարունակվում է խորհրդային դպրոցը՝ անգիրի եւ կեղծիքի պատրանքազերծությունից ուժասպառ եւ ոգեղենությունից զրկված: Եվ ահա հերթական տեսարանը՝ կապված ուսուցման լեզվի փոփոխման այս նախագծի հետ: Ամեն ինչ շատ պարզ է: Չե՞ս պահել ինքնիշխան երկրի ազատ մարդու մայրենի դպրոցը, պահիր օտար լեզվի դպրոց: Մեր հասարակության մեջ օտար լեզվի ուսուցմամբ դպրոցը նոր կրթական տեխնոլոգիա չի դառնալու, ոչ միայն չի ուժեղացնելու հայերեն լեզվով ուսուցմամբ հանրակրթական դպրոցը, այլեւ որպես ոչ իրավական միջամտություն՝ հայաստանցու գիտակցության մեջ այն հաստատելու է որպես խեղճուկրակների դպրոց:

Արձանագրենք: Ռուսաց լեզուն մեզանում համառորեն չի ընկալվում որպես օտար լեզու: Հայաստանում օտարալեզու (ռուսերեն) ուսուցում իրականացվում է հանրապետության 40 դպրոցներում: Դրանք խորհրդահայ շրջանի ռուսական դպրոցներն են, որոնք 1991-1993 թթ. ոչ թե փակվեցին, այլ դարձան փաստացի երկլեզու՝ ունեն եւ՛ հայերեն, եւ՛ ռուսերեն լեզուներով ուսուցման դասարաններ: Վերջիններս կան եւ գործում են հակառակ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի: 2010-2011 ուսումնական տարվա՝ ՀՀ ԿԳ նախարարի հաստատած ուսումնական պլանով նախատեսված է ռուսաց լեզվի խորացված ուսուցում՝ սկսած 1-ին դասարանից: Հասկանալի կլիներ, եթե այս խորացված ուսուցումը կոչվեր «օտար լեզվի»՝ դպրոցի ընտրությամբ՝ անգլերենի, ռուսերենի, գերմաներենի, ֆրանսերենի, իսպաներենի, արաբերենի, վրացերենի եւ այլն: ԿԳ նախարարի հաստատած ուսումնական պլաններով նախատեսված է նաեւ ազգային փոքրամասնության լեզվով (դպրոցի) գործունեությունը՝ որպես պետական դպրոց: Այս դեպքում էլ ռուսերենը չի դիտվում որպես այդպիսին: Եվ ահա առաջանում է էլիտար օտարալեզու դպրոցը՝ որպես ուսուցման նոր տիպ: Այս ոչ իրավական իրականությունը համադրեք ՀՀ Սահմանադրությամբ հռչակված իրավական հանրապետության պահանջի հետ: Կա պետության դպրոցը, որը նկատի ունի եւ՛ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունը, եւ՛ ոչ պետականը: «Լեզվի մասին» օրենքի առաջ սրանք հավասար են՝ անկախ իրենց իրավակազմակերպական վիճակից: Հակառակ դեպքում ստացվում է, որ «Լեզվի մասին» օրենքի պահանջները այլ են պետական կազմակերպության եւ այլ՝ ոչ պետական (մասնավոր) կազմակերպության համար, որով խախտվում է անձերի իրավահավասարությունը: Այս անհավասարությունը կամ անարդարությունն է հայաստանյան հասարակության աքիլլեսյան գարշապարը:

Արձանագրենք: Հանրակրթական համակարգում (իր մանկապարտեզով, հիմնական ու ավագ դպրոցով) ուսուցման լեզուն որեւէ աճպարարությամբ անհնար է փոխել՝ առանց դիպչելու 1991թ. սեպտեմբերին Անկախության հանրաքվեով հռչակված մեր քաղաքական անկախությանը, առանց պետական լեզվի գործածման եւ հանրակրթության կազմակերպման մեջ խտրության եւ անհավասարության: Ահա ինչու, ուսուցման լեզվին ուղղված օրենսդրական որեւէ նախաձեռնություն պիտի խաղար այն դերը, որ խաղաց: Սրանից ավելին չարից է: Օր առաջ պիտի հանվի այս նախաձեռնությունը՝ լայն տեղ բացելով հասարակության բոլոր շերտերին ու խմբերին ուղղված եւ նրանց ամենագործուն մասնակցությամբ քննարկման համար: Նոր Հայաստան ու կրթության՝ մեդիակրթության, սկզբունքորեն նոր կազմակերպում, որտեղ արդյունավետ օտար լեզուն մեդիակրթության կարեւոր գործիքներից է եւ դրա շոշափելի արդյունքը: Ահա այս է մեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի այլընտրանքը գործող պետական դպրոցին: Կրթահամալիրի փորձն ու ձեռքբերումները մենք պարտավոր ենք փոխանցել եւ անհոգնել փոխանցում ենք: Համեցեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել