Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԶՆ ԷՆ ԳԼԽԻՑ ԷՐ ԶԳՈՒՄ

Հունիս 11,2010 00:00

Հովհաննես Շիրազի այս անտիպ բանաստեղծություններն «Առավոտին» փոխանցեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը. «Այս բանաստեղծությունները՝ ձեռագրով, Հովհաննես Շիրազը տվել էր հորս՝ Ռաֆայել Իշխանյանին: Եվ 80-ականներին մենք սրանք տարածում էինք, ու սա պայքարի մի ձեւ էր՝ օտարացման դեմ: Հիմա արդեն խունացած են այս թղթերը, եւ մտքովս բացարձակապե՛ս չէր անցնի, թե այս բանաստեղծություններն արդիական կլինեն նաեւ անկախ Հայաստանի օրոք»:

Կտակ

Վառեք միտքս ու կրակով այրեք հայի

այն լեզուն,

Որ մռունչով չի պահանջում հայ

Մասիսներն հայկազուն:

Վառեք խոսքս ու կրակով այրեք

բերանն այն հայոց,

Որ մայր լեզվի բերդ չեն դարձնում

բերանն իրենց տղայոց:

Որ թաղում են հայոց սոխակն, այլոց

հավքին կյանք տալիս,

Վառեք նրան, ում ծնունդով Մաշտոցն

աշխարհ չի գալիս:

Վառեք հոգիս՝ դրեք կրակն ամեն հայի

կրծքի տակ,

Որ հավիտյան ես հայ պահեմ հայ

աշխարհը բովանդակ:

Վառեք լեզուս ու կրակը որպես հավերժ

մի ցասում,

Լցրեք բերանն այն հայերի, որ

հայերեն չեն խոսում:

Ատամնաբույժներին

Ատամները նորոգելիս,

Ձեր միտքն այժմ ի՞նչ է գալիս,

Այժմ, երբ որ ճերմակ ջարդը

կյանքով լուսէ

պոկել կուզե

Հայոց լեզվի Արարատը:

 Եվ հայ լեզուն նեղն ընկնելիս,

Ձեր միտքն իրավ ի՞նչ է գալիս,

Ինչ էլ որ գա, բայց այս անգամ

Լսեք թողնեմ Ձեզ մի պատգամ.

Ձեզ մոտ կգան սերունդները՝

Լավ ստուգեք բերանները,

Այն հայերը, որ չեն խոսում

Հայոց լեզվով, ճիշտ եմ ասում,

դավաճան են

ով էլ լինեն,

ով էլ լինեն,

դավաճան են.

Փտած ատամներ մի ջոկեք,

Ատամի տեղ լեզուն պոկեք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել