Դիմորդներին քննությունից հերթական սթրեսի են ենթարկում
Երեկ հայոց լեզու եւ գրականության առարկայի քննության արդյունքների բողոքարկման օրն էր: Ըստ կարգի, այն իրականացվում է քննությունից 5 օր հետո՝ առավոտյան 9-ից մինչեւ 18-ը, չնայած նախկինում դիմորդը հնարավորություն ուներ բողոքարկել 24 ժամվա ընթացքում: «Առավոտը» այցելեց ԵՊՀ ֆիզկուլտուրայի դահլիճում, Ջ. Կիրակոսյանի անվան դպրոցում եւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում տեղակայված քննական կենտրոններ: Երեքում էլ լարված մթնոլորտ էր ու նույն պատկերը՝ մի համակարգչով աշխատող «մինուճար» օպերատոր եւ արեւի տակ «ճռռացող» բողոքարկողների բազմություն:
Դիմորդ Սուսաննա Ալեքսանյանի բողոքարկումը, ի թիվս այլ առաջադրանքների, 38-րդին էլ էր վերաբերում՝ հայագիտության օտարազգի երախտավորներին: «Դա տրված է եղել որպես ուսումնաօժանդակ հետաքրքրաշարժ նյութ, ոչ թե որպես դասանյութ,- ասում է Սուսաննան ու այլ առաջադրանքներից էլ դժգոհում,- պետք է ամբողջությամբ անգիր իմանալ Շանթի «Հին աստվածները»՝ այնտեղ եղած երկխոսությունը վերականգնելու համար: Նույնը վերաբերում է 79-րդ հարցին, որը գրելու համար 7000 տողանոց «Անլռելի զանգակատուն» պոեմն անգիր պիտի հիշես: Ես 17,5 եմ ստացել եւ դժգոհ եմ, որովհետեւ իմ սխալներն իրենց պատճառով էին»:
Լենա անունով մի ծնող անկազմակերպ որակեց Ջ. Կիրակոսյանի անվան դպրոցի շենքում ընթացող բողոքարկումը. «Ժամը 9.30-ից այստեղ եմ, հերթը դեռ առաջ չի գնում, հույս էլ չունեմ, թե ներս կմտնեմ: Մի հոգի է համակարգչով ներսում տպում, վաղն էլ երեխաները քննության են, բա էսպես կարելի՞ է»:
Դիմորդ Ղազարյան Դիանան իր հաշվելով 17,75-ի է գրել, բաց տեսել է, որ 11,5 է ստացել: «Երբ հարցրի՝ ինչո՞ւ եմ քիչ միավոր հավաքել, ասացին՝ X-երը վանդակից դուրս են եկել, դրա համար: Ծրագրից դուրս բազմաթիվ հարցեր կային՝ հենց մեկը երկրորդ առաջադրանքը: Պահանջվում էր գտնել՝ ո՞ր բառերում ուղղագրական սխալ չկա, բայց իրենք ներկայացրել են ոչ թե բառեր, այլ բառազույգեր: Այդպես մի 3 հարց կարող եմ թվարկել»,- ասաց նա:
ԵՊՀ ֆիզկուլտդահլիճի մոտ խռնվածներից Գոռը 7,25 էր ստացել, բողոքարկել էր՝ իր խոսքով «ծրագրից դուրս» հարցերի «մասով»:
Անահիտ Չալիկյանն էլ նշեց. «Թեստում խճողված հարցեր կան, որոշներն էլ՝ ծրագրից դուրս, օրինակ՝ դարձվածներին վերաբերող հարցերի մեջ կան այնպիսիք, որ ժողովրդական խոսքից են: «Ընկույզին քար չգցելը» բառարաններում տրված է որպես՝ «ընկույզին քար չի գցի», քչով կբավարարվի, մինչդեռ թեստ կազմողները ճիշտ պատասխան են համարել ոչ մեկին նեղություն չտալ իմաստը: Կամ «ընդահատ» բառն են խցկել թեստի մեջ, որը բառարանում չես հանդիպի: Ինչ վերաբերում է հայ գրականությանը, օրինակ՝ պահանջվում էր գրել Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» վերջին նախադասությունը, այն դեպքում, երբ 9-րդ դասարանի գրականության դասագրքում այդ նախադասությունը չկա, մասնավոր հատվածների վերլուծություն է: Հո ամբողջը անգիր չե՞ս սովորի: 15,75 եմ ստացել, ու շատ դժգոհ եմ»:
Դիմորդ Ռոզա Ալավերդյանը դժգոհ էր հարանունների մասին եւ գրականության բաժնի հարցերից՝ դրանց հետ կապված էր բողոքարկելու:
Ֆիզկուլտուրայի ինստիտուտի քննական կենտրոնի մոտ խմբված ծնողներն ու դիմորդները նեղսրտեցին, որ առավոտից խոստացել են, թե երկրորդ համակարգիչ ու օպերատոր էլ կլինեն, բայց խոստումը չի կատարվել:
Դիմորդ Հասմիկը անակնկալի էր եկել մի թեստում առկա որոշ առաջադրանքներից. «Հարցեր կան, որոնց մասին բառ անգամ չկա ուղեցույցում, որոշ հարցեր էլ, ստացվում է, 3 ճիշտ պատասխան ունեն, օրինակ՝ բառագործածության, դարձվածային սխալների մասին առաջադրանքները: Դժգոհ եմ գրականության հարցերից: Դիմորդն ի վիճակի չէ Րաֆֆու «Սամվել» վեպը անգիր սովորել, որպեսզի վերականգնի ո՛չ գլխավոր հերոսներից մեկի մտորումները: Պարապելիս ես ուրիշ ավելի կարեւոր հատվածներ եմ սովորել վեպից, բայց դրանցից ոչ մի կտոր, չգիտես ինչու, թեստում չկա: Ի դեպ, մեզ այստեղ ասում են իրավունք չունեք ասելու՝ առաջադրանքը Ուղեցույցից դուրս է, պետք է ասեք՝ թեմայից դուրս: Բայց չէ՞ որ Ուղեցույցները հաստատվում են ԳԹԿ-ի կողմից»:
Ծնող Հասմիկն էլ զարմացել էր, որ պարտադրել են բողոքարկել ոչ ավելի, քան 7 հարցի վերաբերյալ: Իսկ մյուս ծնողներն էլ դժգոհեցին, որ այս կենտրոնում բողոքարկումը սկսել են ժամուկես ուշացումով՝ 10.30-ին: Նրանք մտավախություն ունեին, որ բողոքարկումը 18-ին կավարտվի, ու բոլորին չեն հասցնի ընդունել: Տեղի պատասխանատու օպերատոր Վահան Գարգալոյանը սկզբում հերքեց, թե ուշ են սկսել, այնուհետեւ արդարացավ, թե տեխնիկական խնդիրներն էին պատճառը: «Առավոտի» եւ «Ռադիոլուրի» պնդումներից հետո նա մոտեցավ խմբված դիմորդներին ու ծնողներին եւ հայտարարեց, որ կփոխհատուցվի նրանց ժամանակային վնասը եւ բողոքարկումները կշարունակվեն մինչեւ ժամը 19-ը՝ առանց ընդմիջման: Նաեւ հավելեց, որ չնայած ըստ համակարգչային ծրագրի դիմորդները միայն 7 հարց կարող են բողոքարկել, բայց նրանց հնարավորություն է տրվում մնացած հարցերի մասին գրավոր շարադրել A4 ֆորմատի թղթի վրա եւ կցել բողոք-դիմումներին: Մի ծնողի էլ զայրացրել էր այն, որ քննական կենտրոնի ղեկավարի սենյակը դատարկ է, քննությունը կազմակերպողների կողմից հայերենի ոչ մի մասնագետ ներկա չէ.«Մի՞թե կարելի է մարդկանց էսպես ընդունել: Ստացվում է՝ քննության պրոցեսում գրելն ավելի հեշտ է, քան բողոքարկումը: Հսկա շենքն ազատ է, բայց մարդկանց դրսում են սպասեցնում, սա դիտավորություն է: Ի դեպ, իմ դուստրը՝ Ադամյան Արմինեն, քաղաքային օլիմպիադայում առաջին տեղն է գրավել Երեւանում, բայց քննությունից 15,5 է ստացել»: Սասուն անունով ծնողն էլ բողոքարկման պրոցեսը որակեց անգլերենի քննությունից առաջ տեռոր՝ երեխաների հանդեպ:
Երեկ մի խումբ ծնողներ խմբագրություն եկան եւ տեղեկացրին, որ Րաֆֆու անվան դպրոցում 13.30-ին հայտարարել են, թե ժամը 9-13.30-ը բողոքարկածների տվյալները ջնջվել են համակարգչից, ու նրանք նորից պիտի գան բողոքարկելու: Թե ո՞վ պետք է գտներ այդ դիմորդներին եւ ինչպե՞ս, միայն Աստծուն է հայտնի, մեկ էլ քննության կազմակերպիչներին: Ահավոր վիճակ է եղել նաեւ թիվ 199 դպրոցում՝ զայրացած ծնողներ, մեկ համակարգչի վրա դանդաղ աշխատող օպերատոր, քննության արդյունքներից դժգոհ դիմորդներ ու …տոթ:
ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանն «Առավոտին» պարզաբանեց, որ ելնելով նախորդ տարվա փորձից, երբ բողոքարկվող հարցերի քանակը չէր անցնում 5-ից, այս տարի համակարգչային ծրագիրն այնպես է կազմված, որ ընդամենը 7 հարց կարող է ընդունել, բայց դիմորդը ցանկության դեպքում կարող է շարադրել իր բոլոր նկատառումներն ու մյուս բողոքները: Բովանդակային հարցերի մասով էլ ասաց, որ անկախ նրանից՝ բողոքարկել է դիմորդը, թե ոչ, եթե հետագայում դրանք քննվեն մասնագետների կողմից, ու պարզվի, որ թեստում առկա են եղել, օրինակ, երկակի պատասխաններ ենթադրող առաջադրանքներ, ծրագրից դուրս հարցեր եւ այլն, խնդիրը կլուծվի բոլոր դիմորդների օգտին: