Լրահոս
Օրվա լրահոսը

36. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հունիս 11,2010 00:00

\"\"
Վերնիսաժի գրավաճառները:

 \"\"
Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Ա. Պողոսյանը:

Վերջապես, վերնիսաժյան հատվածում ճամփորդությունս ինձ հասցրեց Հանրապետական փողոց, որի հարեւանությամբ սեղաններին գրքեր էին շարված:

– Հայ ժամանակակից գրողներից ի՞նչ գրքեր ունես,- դիմեցի գրավաճառ Վարդգես Սիմոնյանին:

– Հայ գրող կա՞ որ… Ոչ ոքի չեմ ճանաչում,- պատասխանեց նա, ապա շարունակեց,- խորհրդային տարիներին հեշտ էր, դասագրքերում գրում էին գրողների մասին, դպրոցականները ճանաչում էին:

– Իսկ դասականների գրքերից ունե՞ք:

– Ճիշտն ասած, որպես ծրագրային առարկա՝ հայ գրականությունից Տերյանի, Չարենցի, Թումանյանի պահանջարկ կա, թե չէ՝ չեն կարդում։ Իսկ ժամանակակից գրողներին հասարակությունը չի ճանաչում։

– Գուցե պատճառն այն է, որ հեռուստատեսությամբ գրողների գործերը չեն ներկայացվում։

– Գուցե եւ պատճառն այն է, որ այսօրվա գրողները մնայուն գործեր չեն ստեղծում,- ասաց գրավաճառը,- բիզնեսի նպատակով են գրում։

– Եթե բիզնեսի համար գրեն՝ կվաճառվի։

– Ասում են՝ համակարգչի դար է, գիրքն այլեւս չի կարդացվում։ Երկրի երկրորդ նախագահն ասաց։

– Մի ցավ էլ կա,- ասաց հարեւան գրավաճառը, որը լսում էր մեր զրույցը,- դարերի համար գրած գրքերը չեն վաճառվում։

– Իսկ քո սեղանին ժամանակակից գրողի գիրք կա՞։

– Իհարկե, խնդրեմ. Սերգեյ Գալոյան։

– Ի՞նչ գրքեր են։

– Քրեական աշխարհի մասին են. «Երեւանի գաղտնիքները», «Յապոնչիկ-Իվանով լեգենդը», «Սվո Ռաֆ»։

– Ի՞նչ արժեն։

– Երկու հազարից հինգ հազար դրամ։

– Ուրիշ հայ գրող կա՞։

– Չգիտենք։

Չնայած լրատվամիջոցների առատությանն ու տեխնիկական հրաշալի հնարավորություններին (հեռուստատեսություն, համացանց, բազում թերթեր), գրականությունը, ժամանակակից գրողների ստեղծագործությունները չեն քարոզվում, որի պատճառով էլ հասարակությունը չի ճանաչում իր գրողներին։ Արդյունքում հասարակությունը կտրված է իր գրականությունից, մշակույթից։ Այս խնդրում շատ անելիքներ ունեն Գրողների միությունն ու մշակույթի նախարարությունը, ստեղծագործական միությունները, որոնք դադարել են այդպիսին լինելուց։ Գրական աշխարհ են թափանցել տասնյակ ապաշնորհ մարդիկ, կամ, ինչպես մեծ Թումանյանը կասեր՝ «սուտլիկ» գրողներ, որի պատճառով էլ իրար են խառնվել թացն ու չորը, ճիշտն ու կեղծը, գրողն ու չգրողը։ Գրաքննադատությունը, որպես ժանր, չքացել է ասպարեզից։ Իսկ այսօրվա գրականագետներն էլ չեն կարողանում ազատվել դասականներից, նրանք ավելի շուտ սիրահարվել են իրենց «հանճարեղ» մտքերին, դրանից այն կողմ ոչինչ չեն կարող տեսնել, ավելի շուտ՝ վախենում են տեսնել։ Ես համոզվեցի դրանում, երբ ներկա եղա վերջերս ՀԳՄ Կլոր սրահում «Գրականագիտությունը եւ մամուլը» գիտական սեմինարին։ Միջոցառմանը չէին մասնակցում լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Անշուշտ, առավել հետաքրքիր կլիներ գրողի ու մամուլի կապի շուրջ խոսելը, բայց այս թեման դեռեւս Գրողների միությանը չի հետաքրքրել։ Անշուշտ, խնդրի հիմքում կա նաեւ հոնորարի, վաստակի հարցը։ Գրաքննադատը ի՞նչ կարող է ստանալ վերլուծական հոդվածի համար։ Ոչինչ։ Հեղինակը եւս այս տեսանկյունից արհամարհված է։ Պետական աջակցությամբ կամ որեւէ այլ կերպ լույս տեսած գրքի համար հեղինակը հոնորարի կամ այլ տեսքով վաստակից զրկված է։ Մարդիկ ուղղակի նրանց գրքերը չեն գնում։ Ասես թե հասարակությունը բոյկոտել է հայ գրողներին, նրանց ստեղծագործությունները։ Ընթերցանությունը զարգացման մի պրոցես է, որն աշխատեցնում է ուղեղի ենթագիտակցական շերտը։ Մարդու կողմից բոլոր հայտնություններն ու հայտնագործությունները միմիայն ենթագիտակցական շերտի աշխատանքի արդյունք են։ Իսկ առանց գրականության, որի միջոցով վարժեցվում է ուղեղի ներքին շերտը, անհնար է զարգացումը։ Բացի այդ, գրականությունը մյուս արվեստների հետ ստեղծում է բարոյականի հիմքը, առանց որի՝ անհնարին կլիներ մարդկության զարգացումն ու ժամանակակից քաղաքակրթությունը։

Ինքս, հիմք ընդունելով հեռուստամեկնաբանի իմ բազմամյա աշխատանքային փորձը, մի քանի հեռուստաընկերությունների առաջարկել եմ ժամանակակից գրողներին հասարակությանը ներկայացնելու հաղորդաշարի ծրագիր, սակայն այն ոչ ոքի չի հետաքրքրել։ Այդ ընկերություններին իրենց կամքը թելադրող մարդկանց թվում է, թե մեր հեռուստադիտողին առաջին հերթին շոուատիպ կամ քրեատիպ հաղորդումներն ու ֆիլմերն են հետաքրքիր։ Իսկ որ հասարակությունը կարիք ունի կրկին կապվելու սեփական գրականության, գրողների հետ, կասկածից վեր է։ Այն կօգնի ազատվելու բարոյահոգեւոր վտանգավոր անկումից, որի հետեւանքներից է կոռուպցիան, անտնտեսվարությունը, աղքատությունը…

Կառավարական թիվ 3 շենքի մոտ եմ։ Երկմտանքի մեջ եմ։ Նե՞րս մտնեմ, թե՝ ոչ։ Այն քարտեզում Նուբարաշենից Վահագնի թաղամաս տանող՝ խմբագրության հետ պայմանավորված ճամփորդությանս հոծ գծով նշված ուղու մեջ չի ընդգրկվել։ Իհարկե, կարելի էր այնպես տանել գիծը, որ Հանրապետության հրապարակով անցներ։ Այնտեղ էլ կան մարդիկ, որոնք կարող են ոչ պակաս հետաքրքիր լինել, քան, ասենք, Քրջի շուկայի վաճառողներն ու գնորդները։

Վերնիսաժի ծառուղիներով քայլելիս ասես ինձ բռնեցի կառավարական տան գերատեսչությունների մասին մտածելիս։ Սակայն չէի ցանկանա բյուրոկրատական քաշքշուկի մեջ հայտնվել, չնայած դա էլ է թեմա։ Այդ պահին էլ հանդիպեցի Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանին, որը ծանոթ գրավաճառի հետ էր զրուցում։

– Ինչ լավ հանդիպում է,- ասացի ես,- կառավարական շենք մտնելու փոխարեն կուզենայի սահմանափակվել ձեզ հետ զրույցով։

– Ինչո՞ւ, ավելի ճիշտ կլինի հանդիպես գերատեսչությունների մարդկանց, եթե դա քո «Առավոտական» ճամփորդության հետ է կապված։

– Ճիշտ կռահեցիք, բայց ես գերադասում եմ նրանց ընդդիմախոսի հետ զրուցել, մանավանդ որ, կխուսափեմ բյուրոկրատական քաշքշուկից։ Բացի այդ, քարտեզային հոծ գիծն էլ այդ շենքը չի ընդգրկում։

– Հոծ գիծդ եթե այդ շենքին հասցնես, ո՞վ է հարցնելու, թե ինչու ես այդպես գնում։

– Չէ, սկզբունքայնությունը ես հարգում եմ։ Ի վերջո, գերմանացիների հետ աշխատել եմ ու համոզվել, որ ճշտապահությունը հասարակության առողջության նախապայմանն է։

– Հա, բայց եթե բոլորը պահպանեն այդ կանոնը։ Լավ, ինչի՞ց սկսենք զրույցը։

– Ոռոգման համակարգից։ Սեւանն է պահում Արարատյան դաշտի այգիներն ու դաշտերը։

– Սեւանի ջրերը ոռոգման համար օգտագործելը դաժան շռայլություն է։ Տարեկան 160 միլիոն խորանարդ մետր ջուր է բաց թողնվում ոռոգման նպատակով։ 2008 թ. օգոստոսի 21-ի ԱԺ- ի ընդունած որոշումով այն օրենքի ուժ ստացավ։ Իսկ օգոստոսի 23- ից հետո ոռոգումների կարիքը սկսեց կտրուկ նվազել։ Եթե Ապարանի ու Ազատի ջրամբարների 170 միլիոն խմ ջրերը ռացիոնալ եւ անկորուստ օգտագործեն, ապա Սեւանից այդ քանակի ջուր վերցնելու կարիք չէր լինի։ Գյուղատնտեսական ու բնապահպանության նախարարությունների՝ ճիշտ եւ արդյունավետ աշխատելու դեպքում Սեւանի պահպանման խնդիր չէր առաջանա։ Պետք է օրենք ընդունվեր ոչ թե հատուկ Սեւանի մասին, այլ երկրի ջրային ողջ համակարգի մասին։ Այստեղ է խնայողության գաղտնիքը։

– Ինչպե՞ս է որոշվում ոռոգման անհրաժեշտ ջրաքանակը։

– Ջրօգտագործողները պատվիրում են, որից էլ ձեւավորվում է ծախսի չափը։ Ջրի կորուստները ոռոգման համակարգում անհամեմատ շատ են։ Համոզված եմ, որ Սեւանի պահպանումը հայրենասիրական խնդիր է։ Իր երկիրը սիրողը նման շռայլություն իրեն թույլ չի տա։ Ուրիշ երկրներ ծովեր, օվկիանոսներ ունեն, իսկ մեր «օվկիանոսը» Սեւանն է։

– Լավ, ոռոգման արդյունքում բարիք է ստեղծվում կամ էլեկրաէներգիա ու գյուղատնտեսական մթերք է արտադրվում։ Սպառողի սեղանին ինչպե՞ս է հասցվում մթերքը։

– Մթերումը ճիշտ չի կազմակերպված։ Նախ, այն պետք է մրցակցային լինի։ Իրացման առողջ համակարգ չկա։ Գյուղացին ինչո՞ւ պետք է ապրանքը բերի շուկա ու վաճառի։

– Հայտնի է, որ քրեածին համակարգ գոյություն ունի, որի արդյունքում պետությունը ոչինչ չի ստանում, իսկ շահույթը քրեականներին կամ մաֆիականներին է մնում։

– Քաղաքի մատույցներում գյուղացուց վերցնում են ապրանքը, նրան տալիս են մթերքի արժեքի 30- 50 տոկոսը, ու իրենք են վաճառում, որը չի հարկվում։

– Պետությունն այստեղ հսկայական կորուստներ է ունենում։

– Իսկ այն օրինական լինելու դեպքում ե՛ւ գյուղացին կշահի, ե՛ւ պետությունը,- ասաց Ա. Պողոսյանը։

– Բարոյականության խնդիրն էլ աչքաթող չանենք։

– Խորհրդային տարիներին գոյություն ուներ «կոլտնտեսային շուկա» հասկացությունը։ Հիմա էլ կա այն։ Դա հոգեվարքային վիճակ է։ Իսկ ողջ առեւտուրը շուկայից դուրս, նրա պատերի տակ է։ Դա նշանակում է, որ չեն գործում ոչ հարկման, որ էլ անվտանգության մեխանիզմները։ Փողոցային առեւտուրը մեծ արատ է, ու վարչական մարմինները պարտավոր են լուծել այս խնդիրը։ Այստեղ վաճառվող սնունդը սանիտարահիգիենիկ նորմերից դուրս է։

– Ովքե՞ր պետք է լուծեն խնդիրը։

– Համայնքներն ու ոստիկանությունը։ Կա դրական օրինակ։ Երեւանի քաղաքապետարանը կարողացավ լուծել Գարեգին Նժդեհի հրապարակի մայթերին առաջացած առեւտուրը։ Այս փորձը պետք է օրինակ դառնա ոչ միայն Երեւանի, այլեւ ողջ հանրապետության համար։

– Տեղական բանջարեղենի ու խաղողի լավագույն տեսակներ վերացան։ Դրանց փոխարեն տարածվեցին արտասահմանյան, շատ արժանիքներով տեղականին զիջող տեսակներ։ Սա եւս գյուղնախարարության գործն է, չէ՞։

– Կա հետաքրքիր մի թեստ. պոմիդորը երբ խփում ես պատին ու այն ետ է թռչում գնդակի պես, դեն նետիր այդ սորտը, իսկ եթե լխճվում է, ուրեմն՝ լավն է։

– Բայց պատը փչացավ, չէ՞,- կատակի տվեցի ես։

– Քարե պատ է, կլվանան, իսկ մրգի կամ բանջարեղենի հիմնական արժանիքը համն է։

– Խաղողի «խարջի» տեսակը այդպես էլ չկարողացանք վերականգնել։

– Գյուղնախարարությունը պետք է մշակի, կարգավորի եւ իրականացնի համակարգը։ Բոլոր դեպքերում այն մրցակցային պետք է լինի։ Ավանդույթների կորուստը աղքատության է բերում։ Գյուղացին գալիս է քաղաքի շուկայից կաթ, ձու, բանջարեղեն է գնում։ Իմիջիայլոց, կաթնամթերքի որակը լավացել է։ Գյուղացին կաթը քաղաք է բերում, վաճառում։ Տեսել ես, չէ՞, երբ մեծահասակ կանայք կաթ ու մածնով բեռնված ծանր պայուսակներով տնից տուն են մտնում, վաճառում։

– Կրկին գալիս ենք առեւտրի նախնադարյան եղանակին։

– Իսկ խանութի կաթնամթերքը թանկ է ու համեմատաբար՝ անորակ։

– Հեռավոր գյուղերում արտադրված մթերքը գյուղացիները վաճառելու հնարավորություն չունեն,- ասացի ես,- ճանապարհներն այնքան անորակ են, որ, ասենք, միսը մոտակա քաղաք տանելը ինքնարժեքից թանկ է նստում։ Մթերք ընդունող կազմակերպությանը եւս ձեռնտու չէ թարմ կաթի համար նման անբարեկարգ ճանապարհով ամեն օր գյուղ հասցնել տրանսպորտը։ Մենք ի՞նչ գյուղական մթերք ենք կարողանում արտահանել։

– Խնդիրները պետք է համակարգային լուծում ստանան, որի համար պետք է մանրամասն վերլուծել արտադրող- սպառող շղթայի բոլոր օղակները։

– Ի վերջո, հարյուր ու մի հաջողված օրինակներ կան աշխարհում։

– Չմոռանանք ազգային ավանդույթները,- ասաց սպառողների շահերը պաշտպանող կազմակերպության ղեկավարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել