Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ասպետի» ոդիսականը

Հունիս 11,2010 00:00

Հեռուստախաղի կազմակերպիչները բողոքները կանխելու համար շանտաժի՞ են դիմում

Մայիսի 30-31-ը Նոր Գեղիում կայացել է «Հայ ասպետ» հեռուստախաղի հերթական փուլը: Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի թիմն առաջին օրը հաղթելով՝ մտել է կիսաեզրափակիչ, ուր մրցել է Երեւանի թիվ 143 եւ Մասիսի շրջանի Դաշտավան գյուղի դպրոցի թիմերի հետ: Կիսաեզրափակիչի արդյունքում մայրաքաղաքի թիմը ստացել է 62, իսկ Բերդավանի եւ Դաշտավանի թիմերը՝ 56-ական միավոր: Բերդավանի ուսուցիչները դժգոհել են ժյուրիից: Թիմի վարորդ Հայկ Էզդանյանն էլ խաղի ավարտին բողոքելով մրցավարությունից՝ իր հագից հանել է խաղի խորհրդանիշ կապույտ շապիկը: Հանդիպեցի Բերդավանի թիմի անդամներին:

Թիմի ավագ Արթուր Ասլիկյան. «Իմ տպավորությամբ՝ մենք եւս արժանի էինք «Հայ ասպետ» կոչմանը եւ այդ կերպ 11 միավոր ստանալու: Հավելյալ մեկ միավորները որոշեցին խաղի հաղթողին: Ժյուրիի կողմնակալություն կար: «Արի, սիրուն» երգի համար մեզ 6 միավոր տվեցին, եթե ուրիշ թիմերի հետ համեմատենք, պիտի ավելի բարձր միավոր տային: Մեր թիմի հետ երգեցողություն են պարապել երաժշտության ուսուցչուհի Նազիկ Պապինյանը եւ երգչուհի Կարինե Ջիլավյանը»:

Աննա Խանինյան. «Ակնհայտ էր կողմնապահությունը: Թիվ 143 դպրոցի թիմին պատմությունից տրված հարցի պատասխանն արժանի չէր «Հայ ասպետի»: Աշխարհագրությունից էլ 2 հարցերի մեր պատասխաններն արժանի էին «Հայ ասպետի», սակայն ժյուրին չտվեց: «Հայ ասպետ» շնորհելիս լրացուցիչ մի միավոր է տրվում: Եթե թիվ 143 դպրոցի թիմին այդ մեկական միավորները չտրվեին, մեր թիմին էլ արժանի կերպով շնորհվեր, երեւի մենք հաղթեինք»:

Մարիամ Մարտիրոսյան. «Բանահյուսության» հարցը 3 ենթահարց ուներ, ես երկուսին ճիշտ պատասխանեցի, վերջինն էլ՝ թերությունով, սակայն ընդամենը հինգ միավոր տվեցին»:

Կորյուն Ղարաքեշիշյան. «Ինչ-որ տեղ մեր թիմն էլ թերացավ, կարող էր ավելի լավ հանդես գալ, սակայն կային կողմնապահություններ: Ծիրանագույն՝ Դաշտավանի թիմն էլ բողոքեց խաղից: Նրանց ուսուցիչներից մեկը բողոքեց, որ ներկայացված նկարը քսերոքսով էր արված, չէր ճանաչվում: Մեր նկարչության ուսուցչուհի Լարիսա Մամյանն էլ այդ կապակցությամբ դժգոհեց»:

Հասմիկ Մուրադյան. «Շատ կողմնապահություն կար: Երեւանի թիվ 143 դպրոցի սխալ պատասխանների դեպքում էլ էին բարձր միավորներ տալիս: Երգի, նաեւ պարի կատարման համար մեզ քիչ միավոր տվեցին: Եթե կողմնապահություն չլիներ, մենք երեւանցիների հետ առնվազն հավասար միավորներ կհավաքեինք»:

Ռազմիկ Ղուշչյան. «Ես խաղի ժամանակ պահեստային էի, իսկ այդտեղից ավելի լավ էին երեւում թերությունները: Հաղորդավար Կարին Տոնոյանը փորձագետների սխալները իբր չեզոքացնում էր: Որպեսզի կողմնակալ գնահատման վերաբերյալ կասկածներն ավելի չխորանային, նա թիվ 143 դպրոցի թիմին տրված բարձր գնահատականներից 1 միավոր հանում էր: Ես ուսուցիչների մոտ էի նստած, նաեւ դաշտավանցիների ուսուցիչներն էին դժգոհում: Նրանց դպրոցի ղեկավարներից մեկը, երեւի տնօրենը, բողոքեց, որ երեք անգամ անընդմեջ իրենց թիմին բաժին ընկան «Արվեստի պատմությունից» դժվարագույն հարցեր, ինչը դաշտավանցիների մեջ կասկած առաջացրեց, որ դա պատահական չէր: Փորձագետներից ես շատ հավանեցի աշխարհագրության մասնագետին, ով արդար էր դատում: Նա խաղից հետո ասաց՝ «ես իմ խղճի առաջ արդար եմ»: Խաղից հետո ժյուրիի կողմնապահության դեմ բողոքեցին մեր ուսուցիչները՝ ընկեր Նիազյանը, Մուրադյանը: Խաղի կազմակերպիչներից մեկը, երեւի խաղի ռեժիսորն ասաց, եթե առաջ ենք քցել, լավ ենք արել, մենք ենք որոշողը»:

Ժորա Քառյան. «Կային հարցեր, որոնց մենք տեղյակ չէինք, դրանք չկային իրենց կողմից մեզ ուղարկած նյութերի մեջ: Օրինակ՝ «Արվեստի պատմությունից» ներկայացված նկարները»:

Արթուր Ասլիկյան. «Թիվ 143 դպրոցի թիմի անդամները այդպես էլ չկարողացան պատասխանել Վահան Թեքեյանի «Ներկա Հայաստանին» բանաստեղծության վերաբերյալ հարցի 3-րդ ենթահարցին: Կարին Տոնոյանը 3 անգամ կրկնեց ենթահարցը՝ «այդ բանաստեղծության մեջ ի՞նչ խոստովանություն է արել բանաստեղծը»: Նրանք այդպես էլ այդ ենթահարցին չպատասխանեցին, դրա փոխարեն Թեքեյանի մեկ այլ բանաստեղծություն արտասանեցին: Չնայած թերի պատասխանին, նրանց տրվեց «Հայ ասպետ»:

Գարիկ Մելքոնյան. «Հարցերի մեծ մասի դեպքում մեզ ցածր էին գնահատում, երեւանցիներին՝ բարձր»:

Իջեւանի թիվ 5 դպրոցի ուսուցիչները, որոնց թիմն առաջին փուլում մրցել էր Երեւանի թիվ 143 դպրոցի թիմի հետ, կիսաեզրափակիչից առաջ Բերդավանի ուսուցիչներին ասել էին՝ եթե թիվ 143 դպրոցի հետ եք հանդիպելու, հաղթելու հույս չունենաք: Ուսուցիչները խաղից առաջ այդ մասին չէին հայտնել բերդավանցի երեխաներին, որպեսզի նրանք չվհատվեին: Բերդավանի թիմի բոլոր աշակերտները, բացառությամբ Ռազմիկ Ղուշչյանի, ով մասամբ էր հաղորդավարից գոհ, գոհ էին Կարին Տոնոյանից, ասելով, որ նա արդար էր: Սակայն եթե նրա հեղինակած հաղորդման մեջ ժյուրին կողմնակալություն է դրսեւորում, ո՞վ է մեղավոր:

Վերջում հանդիպեցի Բերդավանի դպրոցի տնօրենի տեղակալ Ժորա Նիազյանին: Նա ասաց, որ չարժե այս հարցով հոդված հրապարակել, որ Երեւանի թիվ 143 դպրոցի թիմն ընդհանուր առմամբ արժանի էր հաղթանակի: Սակայն Նիազյանն ընդունեց նաեւ, որ ժյուրիի որոշ անդամներ Բերդավանի թիմին ավելի ցածր են գնահատել, քան արժանի էին:

Երեխաներն էլ ասացին, որ խաղից հետո Կարին Տոնոյանն ասել է, որ դժգոհելու դեպքում կարող են զրկվել 3-օրյա արշավին մասնակցելու հնարավորությունից, որին բերդավանցիներն արժանացել են «Հայ ասպետ» հարցին ճիշտ պատասխանելով: Միգուցե այս պատճառով՝ փոխտնօրենը չէր ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել