Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱՁՈՐՑԻՆ Ի՞ՆՉ ԱՆԻ

Հունիս 11,2010 00:00

\"\"Հերթական գյուղը՝ ընդդեմ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների

Երեկ ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մոտ 30 բնակիչ՝ գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ: Իրենց անուշադրության մատնելու դեմ բողոքող 30 աստղաձորցիներին ուշադիր հետեւում էր մոտ նույնքան ոստիկան: Իսկ աստղաձորցիները բողոքում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխություններից: Ըստ այդ փոփոխությունների, Հայաստանում համայնքների վարչական սահմաններից դուրս հողերը ընդգրկվելու են համայնքների մեջ: Եվ ահա Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մի քարտեզ է գծել, ըստ որի՝ Գեղարքունիքի Աստղաձոր, Մադինա, Վաղաշեն, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն գյուղերին հարակից երկրորդ հատվածի հողերը բաժին հանել բոլորին, բացի՝ Աստղաձորից: Ու աստղաձորցիները հասել են ՀՀ նախագահի նստավայր:

Մեզ հետ զրույցում Աստղաձորի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանն ասաց, որ այս հողերից մոտ 2800 հեկտարը միշտ էլ իրենք են որպես արոտավայր եւ խոտհարք օգտագործել, իսկ հիմա՝ տալիս են այլ համայնքների: «Հանրապետության նախագահին խաբում են»,- հայտարարեց Աստղաձորի գյուղապետը եւ ասաց, որ իրենց ընդունել է նախագահի օգնական Արմեն Աբելյանը, իր մոտ հրավիրել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանին, ով, ըստ գյուղապետի, ոչ թե իրենց ներկայացված, այլ՝ ուրիշ քարտեզ է բերել, որի վրա մատիտով նշումներ են եղել: «Ես էլ հարցրեցի՝ երբ ուզես, սեղանի մոտ նստես ու մատիտով ինչ ուզես փոխե՞ս: Խաղալի՞ք են քեզ համար այս հողերը: Նկարչությո՞ւն եք խաղում: Հիմա աստղաձորցին արոտավայր ունենալու համար պիտի Գեղհովիտի կամ Վաղաշենի գյուղապետարանի հետ պայմանագիր կնքի ու ամեն անգամ գնա Գեղհովի՞տ կամ Վաղաշե՞ն: Հողերի բաժանման քարտեզները մշակելիս ինձ հետ չեն խոսել: Մարզպետարանում այդ հարցով ոչ մի քննարկման չեն հրավիրել»,- հայտարարեց գյուղապետը: Մոտ 4000 բնակիչ ունեցող գյուղը այսօր ունի 120 հեկտար խոտհարք, որը, ըստ գյուղապետի, «եթե բաժանես տնտեսությունների վրա, ամեն մեկին բաժին կհասնի ընդամենը մեկ նապաստակ պահելու տարածք»:

Այս համայնքներին հարակից հողերը համայնքների սահմաններում ընդգրկելու հարցում շահել է Վերին Գետաշեն համայնքը՝ 8000 հեկտար հող է ստացել: Վերին Գետաշենի գյուղապետը Գեղարքունիքի փոխմարզպետի եղբայրն է:

Հիշեցնենք. մայիսի 5-ին տեղեկացրել ենք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխություններից բողոքներով Երեւան էին հասել նաեւ Արմավիրի մարզի Գայ եւ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները՝ գյուղապետերի գլխավորությամբ:

Մարզպետարանը կոչված է տեղում իրագործել կառավարության տարածքային քաղաքականությունը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 88.1): Սակայն եթե գյուղերը գյուղապետի գլխավորությամբ իրենց խնդիրներով պետք է հասնեն Երեւան՝ էլ ինչո՞ւ է պետությունը միլիոնավոր դրամներ ծախսում եւ մարզպետարաններ պահում:

ՀՀ նախագահի օգնական Արմեն Աբելյանը աստղաձորցիներին խոստացել է, որ հանձնաժողով կձեւավորվի ու հարցը կուսումնասիրվի:

Հ. Գ. Նյութի վերնագիրը Աստղաձորի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանի առաջարկն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել