Թուրքական հեռուստաընկերություններին եւ թերթերին հղում անելով, հայկական գործակալությունները տեղեկացնում են, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի կրթության նախարարը մասնակցել է հայ շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը։ Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն ներկա է եղել հունիսի 9-ին «Քումքափըի Բեզջյան» վարժարանում Ստամբուլի բոլոր հայկական դպրոցների շրջանավարտների ավարտական միասնական միջոցառմանը եւ շրջանավարտներին անձամբ հանձնել ավարտական վկայականները։
Նիմեթ Չուբուքչուն նաեւ ելույթ է ունեցել եւ ասել, որ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը Ստամբուլի հայկական դպրոցներում դասագրքերը անվճար է բաժանում, իսկ որոշ դասագրքեր էլ տպագրվել են հայերեն։ Ըստ Թուրքիայի կրթության նախարարի՝ Թուրքիայի ազգային փոքրամասնության դպրոցներում առկա խնդիրները կարճ ժամկետում լուծում կստանան։ «Ընդհանուր 22 հայկական դպրոցներում սովորող 2 հազար 600 աշակերտների համար կարեւոր խնդիրներից է նաեւ հայոց լեզու դասավանդողների պակասը։ Այդ խնդիրը հաղթահարելու համար եւս միջոցներ են ձեռնարկվել»,- տեղեկացրել է Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն։