Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբիոնի վարիչը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Հունիս 11,2010 00:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի՝ կաշառք վերցնելու մեջ կասկածվող 3 դասախոսներից երկուսին՝ Ժոզեֆ Կարայանին ու Միսաք Յախշիբեկյանին արդարացրեց, իսկ «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման:

Մխիթարյանն ու նրա պաշտպան Արտակ Ոսկանյանը համաձայն չէին դատարանի վճռի հետ, հարկ եղած դեպքում այն բողոքարկելու են նաեւ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, համաձայն մեղադրականի՝ 2008թ. նոյեմբերին ու 2009թ. ամռանն ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանը դասախոսներ Հովհաննես Արաբյանից, Միսաք Յախշիբեկյանից ու Ժոզեֆ Կարայանից գումարներ էր պահանջել՝ 10 ուսանողի կուրսային նախագիծ- աշխատանքները դրական գնահատելու համար:

Դատախազությունը Էդ. Մխիթարյանի համար պահանջել էր 8, իսկ Ժ. Կարայանի ու Մ. Յախշիբեկյանի համար՝ 4 տարվա ազատազրկում: Վերջինիս համար դատախազության 4 տարվա պայմանական ազատազրկման պահանջի փոխարեն՝ դատարանը նրան ազատազրկեց 3 տարի ժամկետով եւ այն պայմանականորեն չկիրառեց:

Շուրջ 10 ամիս կալանավորված Ժոզեֆ Կարայանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

Հիշեցնենք, որ Կարայանը մեղադրվում էր կաշառք ստանալու համար, այն էլ մի վկայի ցուցմունքով, ով Ազգային անվտանգության ծառայությունում հայտարարել էր, թե գումար է տվել Կարայանին, որպեսզի նա այն փոխանցի ամբիոնի վարիչ Մխիթարյանին, մեկ այլ դասախոսի՝ այս գործով համաներմամբ ազատ արձակված Հովհաննես Արաբյանի կուրսային աշխատանքը դրական գնահատելու համար:

Նրա պաշտպան Ռուբեն Հակոբյանը ձգտելու է հասնել նաեւ նրա բարի անվան վերականգնմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել