Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, օրերս ավարտված քրեական գործի դատաքննությունը կարող էր ամենաաղմկահարույցը լինել, եթե, իհարկե, այն չառնչվեր մարդու անձնական կյանքի գաղտնիքի հետ եւ չանցկացվեր դռնփակ դատական նիստով:
Մինչ դռնփակ նիստ անցկացնելու մասին որոշում կայացնելը, «Առավոտը» տեղեկացրել է այս գործի մասին համառոտակի: Անունները փոխելով՝ մենք ներկայացնենք իրականության դրվագներից մեկը: Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 22-ամյա Զ.Զ.-ն գալիս է մայրաքաղաք, բնակարան ձեռք բերում այստեղ ու աշխատանքի անցնում սուպերմարկետներից մեկում: Այնտեղ էլ ծանոթանում է գնորդ մի տղամարդու՝ Գ.Գ.-ի հետ, ու սկսում նրա հետ «ընկերություն» անել:
Զ.Զ.-ն հետագայում իր բջջային հեռախոսով նկարում է իրենց «արտաամուսնական» կապը եւ «հարսնացու»-ընկերոջից պահանջում 2000 դոլար: Չտալու դեպքում սպառնում է տարածել իր կողմից գաղտնի լուսանկարածը:
«Հարսնացուն» գումարի հետ ոստիկանությանն է բերում: Զ.Զ.-ն բռնվում է:
«Առավոտի» տեղեկություններով, դռնփակ դատական նիստում Զ.Զ.-ն իրեն մեղավոր է ճանաչել եւ դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման:
2000 ԱՄՆ դոլար գումարն անցել է ոստիկանության տնօրինությանը: Իրեղեն ապացույց ճանաչված «Samsung SGH-E250» բջջային հեռախոսը, թզբեհը, բաճկոնը վերադարձվել է Զ.Զ.-ին: Այլ ապացույց ճանաչված «Միկրո ՍԴ 512 ՄԲ» հիշողության քարտը եւ Զ.Զ.-ի նկատմամբ «օպերատիվ հետախուզական նկարահանումների լազերային սկավառակը թողնվել է քրեական գործում»: Նշենք, որ դատավճիռը ուժի մեջ է մտել հունիսի 2-ից եւ չի բողոքարկվել: