Թոշակառու եւ Մեծ հայրենական պատերազմի վետերան 80-ամյա Անուշավան Հովսեփյանը զրկվել է լսողությունից: Որպես թոշակառու, նա մի քանի տարի առաջ դիմել է Ավանի պրոթեզարան ու լսողական ապարատ ստացել, սակայն վետերանն ապարատով էլ չի լսում: Ա. Հովսեփյանը կարծում է, որ ապարատը շատ հին է եւ այլեւս անպիտան:
«Ամեն ամիս 4-5 անգամ գնում եմ պրոթեզարան, բայց օգուտ չունի»,- «Առավոտին» այսպիսի դժգոհությամբ դիմել էր Ա. Հովսեփյանը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե թոշակառուն կարո՞ղ է նոր ապարատ ստանալ: Նախարարության հաշմանդամների եւ հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Խնդիրն այն է, որ այժմ այդ ապարատները չկան: Կլինեն եկող երկուշաբթի օրվանից: Նշեմ եւս մեկ կարեւոր հանգամանք՝ քանի որ Ա. Հովսեփյանը նաեւ վետերան է, նա Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի միջոցառումների շրջանակներում կարող է ստանալ եվրոպական արտադրության լսողական ապարատ, նախկին ռուսական ապարատների փոխարեն»: Նա բացատրեց նաեւ կարգը, թե ինչպես կարող են թոշակառուներն ու վետերանները դիմել եւ ստանալ այդ ապարատները. «Նրանք կարող են վերցնել եւ օգտագործել սարքը, եթե այն օգնում է իրենց, ապա գալիս են նախարարություն եւ ներկայացնում համապատասխան փաստաթղթերն ու վերջնական վերցնում տվյալ ապարատը, իսկ եթե սարքը նրանց չի օգնում, մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ հիվանդությունը շատ խորացած է եւ նրանց ոչ մի ապարատ էլ չի օգնի»: