Լրահոս
Օրվա լրահոսը

Միեւնույն է՝ այդ օբյեկտը կառուցելու են

Հունիս 11,2010 00:00

«Խոսրովի անտառ» պետական արգելավայրում այս օրերին կրկին ռեստորանի շինարարություն է ընթանում:

Կանաչ տարածքի հաշվին հերթական զվարճանքի օբյեկտը կառուցելու փաստը մի շարք բնապահպանական հ/կ-ների դժգոհությունն է հարուցել: Ամիսներ առաջ էլ էր արգելավայրում շինարարություն սկսվել, եւ այն կանխվեց միայն հ/կ-ների բարձրացրած աղմուկից հետո: Սակայն դատելով ներկայիս վիճակից, օբյեկտի տերը՝ «Հովազաձոր» ՍՊԸ-ն, վճռական է տրամադրված եւ մտադիր է այն ավարտին հասցնել:

Նշենք, որ 2007 թվականի մայիսի 24-ի կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվել է «Գիլան» պետական արգելավայրը, անցյալ տարի էլ նույն արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվել է վարձակալության «Հովազաձոր» ՍՊԸ-ին՝ հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն կառուցելու նպատակով:

Այս առնչությամբ, «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» ղեկավար Ռուբեն Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Խնդիրն այն է, որ մեր երկրում եթե օրենքով ինչ-որ բան թույլատրելի չէ, շրջանցելու խելամիտ տարբերակ են գտնում եւ օրենքն են փոխում: Այդպես էլ մի ամբողջ տարածք հանեցին արգելոցի տարածքից: Մենք՝ հայերս, փոխվել ենք, փոխվել են մեր արժեքները, ազգի մեջ ինչ-որ բան փչացել է, եթե մենք մեզ համար ամենասուրբ վայրում՝ Ցեղասպանության թանգարանի կողքին թույլ ենք տալիս կառուցել ռեստորան՝ ժամանցի վայր, ապա մենք արժանի չենք մեր բնության արժեքներին, այդ արժեքները դարձել են մեզ համար գումար աշխատելու օբյեկտներ: Ինչ վերաբերում է արգելավայրի շինարարությանը, ապա ասեմ, որ մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի կանխենք այդ շինաշխատանքները»:

Երեկ օրվա վերջում բնապահպանության նախարարությունը, արձագանքելով այս խնդրին, հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում է, որ ստացված ահազանգի հետքերով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսուչները մեկնել են նշված վայրը եւ տեղում պարզել, որ ծառահատում այստեղ տեղի չի ունեցել. «Տվյալ տարածքը վարձակալող «Հովազաձոր» ՍՊԸ-ի աշխատակիցները համապատասխան մասնագետների հետ համատեղ իրականացրել են սանիտարական էտում՝ կտրելով խնձորենիների չորացած ճյուղերը»: Ինչ վերաբերում է շինաշխատանքներին, ապա նախարարությունից հայտնում են, որ կառավարության որոշման հիման վրա «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի եւ «Հովազաձոր» ՍՊԸ-ի տնօրենի միջեւ կնքվել է վարձակալության ու կառուցապատման պայմանագիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել