Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԿԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ, ՄՅՈՒՍԻ ՃԱԿԱՏՆ ԵՆ ՊԱՉՈՒՄ

Հունիս 11,2010 00:00

Տնտեսվարողների նկատմամբ ՊԵԿ-ն ու դատարանը խտրական վերաբերմունք են դրսեւորում

Այսօր մայրաքաղաքում հարյուրավոր ինտերնետ ակումբներ կան, որոնք գործունեություն են ծավալում՝ առանց որեւէ լիցենզիայի: Նրանք ինտերնետային ծառայություններ են մատուցում, որոնք, ըստ Պետեկամուտների կոմիտեի, ենթակա են լիցենզավորման: Հաշվի առնելով, որ պետբյուջեն սուղ է եւ այն ինչ-որ կերպ լցնել է պետք, ՊԵԿ-ը, այսպես ասած, «ռեյդի» է դուրս եկել: Եթե հարկային տեսչության աշխատակիցներն անխտիր ստուգման ենթարկեին բոլոր ինտերնետ ակումբները եւ նրանց բոլորին տուգանեին անօրինական գործունեություն ծավալելու համար, կհասկանայինք, որ դա պետական շահերից է բխում եւ տնտեսվարողներին օրինական դաշտ են բերում: Սակայն խնդիրն այն է, որ հարկայինի աշխատակիցներն այդ ստուգումներն անում են իրենց հայեցողությամբ, իրենց նախընտրած ակումբներում եւ իրենց ուզած խստությամբ:

Կիեւյան 10 հասցեում «ՆետՌեյ» ՍՊԸ-ի բացած ինտերնետ ակումբում կատարած 10-օրյա տեւողությամբ «պատահական ստուգումների» արդյունքում «Արաբկիր-1» հարկային տեսչությունն այդ ընկերությանը տուգանել է 2007-ից մինչեւ 2009-ի ընթացքում ունեցած հասույթի 50%-ի չափով, 1 մլն 609 հազար դրամով՝ առանց լիցենզիայի ինտերնետ ծառայություն մատուցելու համար: Հարկայինն ակտը կազմելուց հետո ընկերության դրամարկղի եւ բանկային հաշիվների վրա կալանք է դրել:

«Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն, լիցենզավորման ենթակա գործունեություն է համարվում «տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցումը»: Իսկ «Էլեկտրոնային հաղորդման» մասին օրենքով էլ ինտերնետ հասանելիության ծառայություն է համարվում այն, երբ ինտերնետ համակարգն օգտագործողին մատչելի են դարձնում, ինչպես նաեւ ծառայությունը մատուցվում է ցանցերը միասին կապելու միջոցով: Տվյալ դեպքում ինտերնետ ակումբի գործունեությունը չի իրականացվում ցանցերը միասին կապելու միջոցով: Ինտերնետ ակումբը որեւէ մեկին ինտերնետ կապ չի տալիս, ինքն էլ է հանդիսանում ինտերնետ կապի գնորդ, որը պարզապես միացնում է համակարգիչներին: Բացի այդ, եթե նույնիսկ ենթադրենք, որ «ՆետՌեյ» ՍՊԸ-ն իսկապես լիցենզավորման ենթակա գործունեություն է ծավալել եւ ենթակա է պատժման, հարցն այն է, թե ինչո՞ւ է հարկային տեսչությունն ինտերնետ ակումբին տուգանել ամբողջ գործունեության հասույթի 50 տոկոսի չափով: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց ընկերության նախագահ Ռոման Մարգարյանը, նա նույն ակումբում նաեւ պատճենահանման եւ համակարգչային ծառայություններ է մատուցել. «Մեր հաճախորդները հիմնականում Կառավարման համալսարանի ուսանողներն են, որոնք գալիս են, տեքստ են հավաքում ու ինտերնետից չեն օգտվում»: Ակումբի մատուցած բոլոր ծառայությունների հասույթը մի տեղ է հավաքվել, այսինքն՝ առանձին հաշվապահական հաշվառում չի եղել, հետեւաբար, ՊԵԿ-ի կազմած տուգանքի ակտում բոլոր ծառայությունների հասույթն է հաշվարկվել, ինչն անօրինական է: Երբ «Արաբկիր-1» հարկային տեսչության կազմած ակտն անվավեր ճանաչելու հայցով Ռ. Մարգարյանը դիմել է վարչական դատարան, ՊԵԿ-ից արդարացել են, որ իրենք չէին կարող իմանալ, թե այդ հասույթի մեջ որքանն է ինտերնետ ծառայությանը, որքանը՝ պատճենահանմանը: Վարչական դատարանի վճռով ՊԵԿ-ն արդարացվել է եւ հայցվորին պարտադրել են վճարել ոչ միայն տուգանքը, այլեւ այս ընթացքում տուգանքի վրա ավելացված տոկոսները (օրական 0.015%), դատարանի ծախսը, եւ ընկերությանը լուրջ խնդրի առաջ կանգնեցրել:

Ուշագրավ է, որ հենց միայն Կիեւյանում՝ նույն «ՆետՌեյի» ինտերնետ ակումբի հարեւանությամբ մի քանի նման ակումբներ կան, որոնք նույն գործունեությունն են ծավալում, լիցենզիա չունեն, բայց նրանց ոչ մեկը «չի անհանգստացնում» այդ խնդրով: Ռ. Մարգարյանը պնդում է, որ ինքը տեղյակ չի եղել լիցենզավորման մասին, հակառակ դեպքում՝ կվճարեր տարեկան սահմանված 100 հազար դրամը. «Դա մեծ գումար չէր, ես պարտաճանաչ եմ եղել բոլոր մուծումներում: Գործունեության 2 տարիների ընթացքում ժամանակին վճարել եմ շահութահարկ-եկամտահարկերը, ներկայացրել հարկային հաշվետվություններ, այդ ընթացքում հարկայինն ինչպե՞ս է, որ չէր նկատել որեւէ խախտում ու չէր տեղեկացրել, որ, իրենց ասելով՝ անօրեն գործունեություն եմ ծավալում»:

Նշենք, որ օրերս վարչական դատարանում նորից նմանատիպ մի գործ է քննվել: Այգեձորի թիվ 70 շենքում ինտերնետ ակումբ բացած Ա/Ձ Արման Մխիթարյանը դատի է տվել «Արաբկիր-1» հարկային տեսչությանը՝ նույն լիցենզավորման խնդրով ակտ կազմելու համար: Որքան էլ զարմանալի է՝ դատը շահել են եւ ՊԵԿ-ից նույնիսկ բռնագանձել 4000 դրամ՝ այն պետտուրքի գումարը, որը նախապես տնտեսվարողից վերցրել էին: Այս հայցվորի շահերը պաշտպանել է «Կարախանյան եւ ընկերներ» իրավաբանական գրասենյակը, որը նաեւ եղել է «ՆետՌեյի» իրավապաշտպանը, դատարանում նույն հիմնավորումներն են ներկայացվել՝ առանց որեւէ բառի փոփոխության, բայց այս անգամ դատարանը, մեջբերելով Սահմանադրությունը, գտել է, որ «Ոչ ոք չի կարող պարտականություններ կրել, որոնք սահմանված չեն օրենքով, ուստի, Սահմանադրության կոպիտ խախտում է այն, որ տուգանել են հասույթի 50%-ի չափով՝ ընդգրկելով նաեւ ոչ լիցենզավորման ենթակա գործունեության՝ պատճենահանման, համակարգչային ծառայությունների համար ստացված հասույթը»: Ըստ դատարանի, չի կարելի մարդուն պատասխանատվության ենթարկել օրենքով չարգելված գործունեության համար:

Ստացվում է, որ դատարանը խտրական վերաբերմունք է դրսեւորում տարբեր մարդկանց նկատմամբ կամ տնտեսվարողներին դատում է ըստ տրամադրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել