Նախարարությունների «շարադրությունները»՝ վարչապետի հանձնարարած թեմայով
Սկիզբը՝հունիսի 8-ի եւ 10-ի համարներում
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը 6 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել, որոնցից առաջինով ամրագրում է իր անմիջական պարտավորությունը՝ հսկողություն իրականացնել «Հայկական երկաթուղու գույքի կոնցեսիոն պայմանագրով նախատեսված կոնցեսիոների պարտավորությունների (ներառյալ ներդրումները), ինչպես նաեւ «Հայ-փոստ» ՓԲԸ-ն հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ»: Դա, կրկնեմ, նախարարության ուղղակի պարտավորություններից է եւ ոչ թե տնտեսական զարգացում ապահովող ծրագիր, սակայն մյուս գերատեսչությունների պես՝ ՏԿՆ-ն էլ է որոշել նոր ծրագրեր ներկայացնելու փոխարեն մի քանի բան արտատպել իր պարտականությունների ցանկից: Արդարացի լինելու համար նկատենք, որ կան նաեւ հետաքրքիր կետեր, մասնավորապես՝ «հեռուստառադիոհեռարձակման թվայնացման ծրագրի տեխնիկական ապահովում», «ճանապարհաշինարարական աշխատանքների, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացում, «Հյուսիս-հարավ» (ՀՀ-ԻԻՀ) երկաթգծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքի ապահովում»:
Գրավիչ կետեր է ներառել իր ծրագրում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Օրինակ՝ Կոտայքի մարզի Գողթ գյուղական համայնքի Գառնի-Գեղարդ ավտոմայրուղուն հարող տարածքում ագրոտուրիստական-հյուրատնային կենտրոնի, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքային համայնքի կենտրոնի Պասկեւիչի կամրջի հարակից տարածքում ռեկրեացիոն գոտու կազմակերպման եւ Տաթեւում զբոսաշրջային կենտրոնների ստեղծմանը նպատակաուղղված ներդրումային ծրագրերի իրականացում, աղետի գոտու բնակավայրերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի իրականացում, 1932 բնակարանի շահագործման հանձնում: Սակայն նկատենք, որ այս կետերն էլ էին վաղուց արդեն նախատեսված տարբեր այլ ծրագրերով, եւ հիմա դրանք ընդգրկելը «տնտեսական աճ եւ զարգացում ապահովող» ծրագրերի շրջանակը՝ որպես այդ նպատակով մշակված պլան, այնքան էլ բարեխիղճ չէ: Իսկ մի կետը՝ «ՀՀ բնակավայրերում անհատական բնակելի տների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառում», ընդհանրապես անհասկանալի ձեւակերպում ունի: Ի՞նչ է նշանակում «բնակելի տների բազմակի օգտագործում», մի՞թե մինչ այժմ որեւէ տուն կար, որ մեկանգամյա օգտագործման էր:
ՀՀ ֆինանսների նախարարությունը խորամանկել էր. ներկայացրած ծրագրի գրեթե բոլոր կետերը ոչ թե կոնկրետ առարկայական աշխատանքներ էին նախատեսում, այլ՝ «մշակում, ձեւավորում, կարգավորում, կանոնակարգում» եւ այլն: Քիչ թե շատ գործնական կետերից էին «էլեկտրոնային մրցույթների համակարգի ներդրում եւ համապատասխան օրենսդրության բարեփոխում», «արտաքին աուդիտի համակարգի կայացում», «արտաբյուջետային հաշիվների հսկողական համակարգի ներդրում եւ բյուջետավորման գործընթացի վերահսկողություն ԾԻԳ-երի նկատմամբ՝ գանձապետական միասնական համակարգով»: Ֆիննախի ծրագրի 9 կետերի մեջ ինձ շատ դուր եկավ հատկապես «ներգրավված ռուսական վարկային միջոցների ընթացիկ սպասարկում, հատուկ հաշվառման ապահովում, վարկի մայր գումարի ուղղում տնտեսության զարգացմանը» տողը: Տեսնես, եթե հատուկ չնշեին «վարկի մայր գումարի ուղղում տնտեսության զարգացմանը», ապա ինչի՞ն պիտի ծառայեր այն:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մի քիչ սխալ է հասկացել «շարադրության թեման» եւ ի՛ր սեփական տնտեսական աճն ու զարգացումն ապահովող կետ է ներդրել այս ծրագրում, օրինակ՝ «կոմիտեի 52 տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավման գործընթացի շարունակման ապահովում, այդ թվում՝ նոր տարածքների ձեռք բերում՝ նաեւ Երեւան քաղաքում»: Իսկ շարքային մահկանացուներիս համար Կադաստրը նախատեսում է. «քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերի պարզեցում, որակի բարձրացում, ժամկետի կրճատում եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցում»:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, ի թիվս մի շարք «մշակումների», «առաջարկությունների ներկայացումների», «իրականացումների», նախատեսում է «վարձակալված պետական գույքից մոտավորապես 180 մլն դրամի չափով վարձակալական վճարի հավաքում եւ ՀՀ պետական բյուջե մուտքագրում», «ըստ պայմանագրերի՝ 1.4 մլրդ դրամի չափով ներդրումների եւ 1150 աշխատատեղի ստեղծման գործընթացի վերահսկողության ապահովում», եւ ամենակարեւորը՝ «հանրակացարաններում բնակվող բնակիչներին իրենց զբաղեցրած տարածքների անհատույց սեփականաշնորհում»: Այս վերջինին, կարծում եմ, շատերն են սպասում:
Շատ կոնկրետ առաջարկներով է հանդես եկել ՀՀ ԿԱ Քաղավիացիայի վարչությունը: Ծրագրում ընդամենը 4 կետ կա, որոնցից երկուսն իսկապես առաջադրանքի շրջանակներում են՝ «76 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրման միջոցով նոր ուղեւորափոխադրման համալիրի կառուցման աշխատանքների իրականացում, որը կխթանի ՀՆԱ-ի աճը» եւ «ՀՀ օդանավակայաններում փոքր ավիացիայի օդանավերի համար թռիչքների եւ վայրէջքների սխեմաների մշակում եւ ներդրում»:
Եվ վերջինը Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացրած 5 կետանոց ծրագիրն է, որում ներառված են «Մարմարիկի ջրամբարի կառուցման աշխատանքի ավարտը», ինչպես նաեւ ոչ այնքան որոշակի «խմելու ջրի մատակարարման տեւողության ավելացում» կետերը: Ներառված են նաեւ ՀԲ-ի վարկերով իրականացվող «ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման վարկային ծրագրով նախատեսված Արմավիրի եւ Թալինի մայր ջրանցքներում վերականգնման աշխատանքների առնվազն 50%-ի հանձնում», ինչպես նաեւ «վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունքում 500 կմ ջրագծի կառուցում»:
Հ. Գ. Մենք մի շարք գերատեսչությունների հարցում ենք ուղարկել, թե ի՞նչ փուլում են իրենց ներկայացրած ծրագրերը: Պատասխանները ստանալուն պես՝ կներկայացնենք մեր ընթերցողներին: