Այնտեղ կադաստրի տարածքային ստորաբաժանման նորանշանակ պետը խոստանում է աշխատել միայն աշխատավարձի եւ ոչ թե «մաղարիչների» հույսով:
Սարգիս Սարգսյանը վստահեցնում էր, որ քննության ժամանակ այսպես հուզվում եւ քրտնում էր ընդամենը 110 հազար դրամի համար:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանման պետի պաշտոնը թափուր էր: Այն զբաղեցնելու համար Քաղծառայության խորհրդում մրցույթ էր հայտարարվել, որի միակ մասնակիցը՝ Սարգիս Սարգսյանը, հանձնաժողովի միաձայն քվեարկությամբ հաղթելով մրցույթում՝ դարձավ կադաստրի բարձրաստիճան պաշտոնյա: Չնայած «կոչումով» պետ է, բայց նա վստահեցրեց, որ կստանա ամսական ընդամենը 110 հազար դրամ, այսինքն՝ այն «չոր» աշխատավարձը, որը նրան տալու է պետությունը: Սրանից կարելի է ենթադրել, որ Մասիսի բնակիչներն իրենց անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար չեն կարող վիճելի հարցերում պարոն Սարգսյանի կոստյումի գրպանը փող դնել ու հույս ունենալ, որ իրենց հարցերը ներքին կարգով կլուծվեն:
Ինչպես հայտնի է, Քաղծառայության մրցույթներն անցկացվում են գրավոր՝ թեստային եւ բանավոր, հարցազրույցի տարբերակներով: Եթե մասնակիցը հարցերի 90%-ին ճիշտ է պատասխանում՝ անցնում է հարցազրույցի փուլ, եթե ոչ՝ նրան միանգամից հաջողություն են ասում: Թեստային առաջադրանքում այսպիսի հարցեր էին՝ նշվածներից ո՞ր իրավական ակտով են սահմանվում համայնքների եկամուտների աղբյուրները, ո՞ր հարցերով կարող է ՀՀ նախագահը հրավիրել եւ վարել նիստ եւ այլն: Ս. Սարգսյանը բոլոր հարցերին ճիշտ էր պատասխանել, բացի մեկից: Նա չգիտեր, որ մարզպետարանի աշխատակազմում հենց մարզպետն է շնորհում քաղծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները:
Բանավոր հարցերը խիստ մասնագիտական էին եւ դրանց տակից էլ կադաստրի ապագա աշխատակիցը կարողացավ դուրս գալ: Կարեւորը, որ նա անվարան պատասխանեց փողին վերաբերող հարցին. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման եւ գրանցման իրավունքների մասին տեղեկատվություն տրամադրելու համար մատուցված ծառայությունների դիմաց վճարներն ո՞ւր են փոխանցվում՝ հարցին Սարգիս Սարգսյանը միանգամից պատասխանեց. «Գումարները սահմանված ժամկետում պետք է փոխանցվեն Կադաստրի պետական կոմիտեի եկամուտների միասնական հաշվին»:
Ողջ հարցազրույցի ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները՝ անշարժ գույքի հաշվառման վարչության պետ Սամվել Մկրտչյանը, վերահսկողական վարչության պետ Աշոտ Ղազեյանը, բացի հարցաթերթիկի հարցերից, որեւէ հարակից հարց մասնակցին չտվեցին՝ պարզելու, թե իրենց ապագա աշխատակիցը որքանո՞վ է ոլորտին տիրապետում եւ կարո՞ղ է գլուխ հանել պետի գործառույթներից: Միայն մրցութային հանձնաժողովի նախագահ Վահրամ Տեր-Բալյանը երկու կողմնակի հարց տվեց, այն էլ՝ ոչ թե մասնագիտական, այլ՝ քաղծառայության հետ կապված:
Նշենք, որ Մասիսում բավականին մեծ թվով անշարժ գույքի գրանցման գործարքներ են կատարվում: Այնտեղ անշարժ գույքի շուկայական գներն ամենաբարձրն են Արարատի մարզում: Կադաստրի կայքում զետեղված պաշտոնական տվյալներով՝ եթե Արարատում շենքերի բնակարանների 1 քմ-ի շուկայական միջին գինը 88600 դրամ է, ապա Մասիսում՝ 125400 դրամ:
Երբ Սարգիս Սարգսյանը մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո խորը շունչ քաշեց, եւ արդեն սկսեցինք հետաքրքրվել նրա աշխատավարձի չափով, Քաղծառայության խորհրդի անդամ Վ. Տեր-Բալյանը խնդրեց անդրադառնալ նաեւ իրե՛նց աշխատավարձերին. «Ընդամենը 112 հազար դրամ: Սա մեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտ է, եւ կոռուպցիան կանխելու համար պարզապես անհրաժեշտ է մեր աշխատավարձերը բարձրացնել»: Մեր դիտարկմանը, որ դատավորների աշխատավարձերն էլ բարձրացրին, բայց կոռուպցիան այդ ոլորտում չվերացավ՝ պարոն Տեր-Բալյանը պատասխանեց. «Թող բարձրացնեն ու վերահսկեն»: