Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը թող Գյուլնազ տատի հեքիաթներ հրապարակի»

Հունիս 11,2010 00:00

Խորհրդարանը երեկ 70 կողմ եւ 13 դեմ ձայնով ընդունեց  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը»:

Խորհրդարանը երեկ փորձեց բեղմնավոր աշխատանքի օրինակ ցուցադրել, բայց ստացվեց՝ ինչպես միշտ: Մեկ հերթական եւ մեկ արտահերթ նիստերի ընթացքում խորհրդարանը հասցրեց քննարկել միայն երկու օրինագիծ՝ մեկը մյուսից վիճահարույց: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց եւ ընդունեց երեկ 18։30-ին սկսված արտահերթ նիստում: Մինչ այս «Առավոտը» Ավետիս Բերբերյանին հարցրել էր, թե ինչու չեն կարդացել «Ժառանգության» 30 էջանոց առաջարկները: Այս մասին նախորդ օրը մեզ հայտնել էր Ստյոպա Սաֆարյանը: Ի պատասխան՝ պարոն Բերբերյանն ասաց. «Կարդացել ենք եւ երկու առաջարկ էլ, որոնք ավելի լավ էին գրված եւ ավելի գրագետ, ներգրավել ենք ամփոփաթերթիկում»: Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, ներկայացնելով օրինագիծը, ասաց, որ եղած առաջարկություններից ընդունվել են 35-ը, եւ «չեն ընդունվել այն առաջարկությունները, որոնք համարվել են նախաձեռնության հիմնական նպատակից չբխող կամ լրացուցիչ պարզաբանումների եւ քննարկումների կարիք ունեցող»:

Թեպետ երեկ ամբողջ օրվա ընթացքում «Ժառանգության» եւ նաեւ Դաշնակցության ներկայացուցիչները բավականին ակտիվ էին եղել եւ շարունակ խոսել էին ու խոսել, այդուհանդերձ նրանց ակտիվությունը չէր սպառվել արտահերթի ժամանակ եւս: Հատկապես «Ժառանգությունը» նախանձելի ակտիվ էր: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ այս օրինագիծը իշխանությունների պատերազմն է ազատ խոսքի, իսկ դրա քննարկումը՝ խորհրդարանի կռիվը կառավարության հետ: ՀՅԴ երկու ներկայացուցիչների՝ Արծվիկ Մինասյանի եւ Լիլիթ Գալստյանի շուրջ 31 առաջարկություններից կառավարությունը ընդունել էր մոտ 10-ը, եւ պատգամավորները դժգոհ էին: Լիլիթ Գալստյանն, օրինակ, հայտարարեց, որ ինքը «2» է նշանակում կառավարությանը եւ այս օրինագծի, եւ այն բանի համար, որ իրենց առաջարկությունները չեն ընդունվել: «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի առաջարկությունը՝ մերժման դեպքում այդ մերժումը հիմնավորող արտոնագիր տրամադրելու մասին, կառավարությունն ընդունել էր, սակայն, այդպես էլ պարզ չդարձավ՝ դա լինելու է գրավո՞ր, թե՞ միայն հրապարակային, ինչպես պնդեց կառավարության ներկայացուցիչը: Ըստ Մուշեղ Թումասյանի՝ եթե մրցույթը հրապարակային է, բնականաբար, հիմնավորումը եւս կլինի հրապարակային, որը ենթադրում է գրավոր բացատրություն: Բայց ներկայացվածից պարզ դարձավ, որ «գրավոր» բառը օրինագծում չնշվեց:

«Ազատ եթեր Հայաստանում չպետք է լինի, ազատ մամուլ Հայաստանում չպետք է լինի, ազատությունը, բազմակարծությունը, որքան հնարավոր է, պետք է սահմանափակված լինի»,- հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ ասաց. «Շնորհավորում եմ կառավարությանը, որին հաջողվեց պարտադրել ԱԺ-ին այսպիսի «ավտոկրատ», եւ բռնապետական օրինագծի ընդունումը, շնորհավորում եմ նաեւ եվրոպական կառույցներին, որոնց՝ այսպիսի կիսաքայլերը ողջունելու արդյունքում ծնվում են նման օրինագծեր»:

Ի դեպ, մինչ այդ ԵՄ առաջատար երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանները հանդես էին եկել կոչով՝ հորդորելով ՀՀ կառավարությանն ու օրենսդիրներին շարունակել սերտ համագործակցությունը ԵԽ եւ ԵԱՀԿ փորձագետների հետ՝ նպատակ ունենալով օրենքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին՝ հայաստանյան լրատվամիջոցներում բազմակարծությունն ապահովելու համար:

Օրենքը ուժի մեջ կմտնի ճիշտ այն ժամկետում, ինչպես նախատեսել էր կառավարությունը: Հունիսի 20-ից փաստորեն կհայտարարվեն հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթները: Ըստ կառավարության, առաջարկված փոփոխությունները նպատակ ունեն կարգավորել հեռուստահեռարձակման թվայնացումը, որը պետք է ավարտին հասցվի մինչեւ 2013 թվականի հուլիսը: Թեպետ դաշնակցական Արծվիկ Մինասյանը երեկ հայտարարեց, որ եթե իրոք կառավարության նպատակը թվայնացումն էր, ապա այդ բանը կարելի էր անել գործող օրենքում մեկ տողի փոփոխությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել