Սպարապետ Վազգեն Սարգսյանի միտքը Հայաստանի մասին երեկ այսպես վերաշարադրվեց խորհրդարանում՝ լեզվի եւ հանրակրթության մասին օրինագծերի քննարկման ժամանակ:
ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը «ոչ հայերեն» արտահայտությամբ դժգոհեց, երբ ի պաշտպանություն հայոց լեզվի հավաքվածները նրան սուլեցին:
Ազգային ժողովը երեկ շարունակեց լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերի քննարկումը: Վաղուց խորհրդարանում այդքան ակտիվ իրավիճակ չէր եղել: «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը, խոսքները մեկ արած, որոշել էին խոչընդոտներ ստեղծել խորհրդարանական մեծամասնության համար եւ խանգարել օրինագծերի քննարկումը, ժամանակ շահել եւ, ըստ էության, տապալել նիստը: «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը իրենց ռազմավարությունն այսպես ներկայացրեց. «Մենք փորձում ենք օգտվել ԱԺ կանոնակարգ-օրենքով մեզ ընձեռված հնարավորությունից, բայց ԱԺ նախագահը երկու անգամ կոպիտ կերպով խախտեց այդ օրենքը: Հետաքրքիր է, որ ըստ տեղեկությունների, Հովիկ Աբրահամյանը պետք է Կիպրոսում ներկայացնի ընդդիմության իրավունքները: Սա շատ խորհրդանշական է»: Ընդդիմադիր պատգամավորները իրար հետեւից 20 րոպեանոց ընդմիջումներ էին վերցնում: ԱԺ նախագահը փորձում էր դիմադրել եւ արագ-արագ անցումներ էր կատարում՝ հերթական հարցը հնչեցնելով: Ի վերջո, երբ հերթական 20 րոպեն էր պահանջում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ԱԺ նախագահն ասաց. «Կարծես որոշել եք խաթարել մեր օրենսդիր գործունեությունը»: Իսկ դաշնակցական պատգամավորը հակադարձեց. «Ոչ մի կուսակցություն չի կարող շիզոֆրենիայի այն աստիճանի հասնել, որ որոշում կայացնի խաթարել Ազգային ժողովի աշխատանքը: Եթե ուզեինք խաթարել, նման փորձեր Ազգային ժողովում եղել են, ես կգայի-կկանգնեի ամբիոնի վրա, ու միայն ոստիկաններով դուք ինձ կկարողանայիք իջեցնել, էն էլ առնվազն 2-3-ը կստանար ծանր մարմնական վնասվածք, որովհետեւ որոշ ունակություններ ես դեռ չեմ կորցրել»: Մինչ օրենսդիրները այսպիսի ստեղծագործական վեճերի մեջ էին, բյուջեի կատարողականի ընդունմանը սպասող կառավարության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, սահուն դուրս եկան դահլիճից, մտածելով, որ հավանաբար հերթը իրենց բյուջեին չի հասնի: Բայց սխալվեցին, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը «սղացրեց» (բնորոշումը Արմեն Ռուստամյանինն է) 2009-ի բյուջեի կատարողականը: Մինչ ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես դաշնակցականները, ուշքի եկան, այն արդեն ընդունված էր, եւ ավելի ուշ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե դա ընդունվել է, ապա խնդրում է արձանագրել, որ Դաշնակցությունը դեմ է քվեարկել: ԱԺ նախագահը շարունակելով նույն ոգով՝ մերժեց այս անգամ Լարիսա Ալավերդյանի պահանջած հերթական 20 րոպեանոց ընդմիջման պահանջը եւ արագ հայտարարեց, որ անցնում են լեզվի եւ հանրակրթության մասին օրինագծերի ընդհատված քննարկմանը: Այդ ընթացքում դրսում մարդիկ շարունակում էին իրենց բողոքը՝ ընդդեմ այս օրինագծերի: Ելույթների մեծ մասում չշրջանցվեց հայրենասիրության թեման: Պատգամավորները իրար բացատրում էին, թե ինչ է հայրենասիրությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ «հայրենասիրությունը առավելություն չի, դա կեցվածք է»: Նկատեց, որ «այս օրինագծերի հարցը շահարկելով՝ ոմանք սկսեցին տրորել հանրակրթական դպրոցը, չմտածելով, որ այնտեղ աշխատում են մարդիկ, որոնք առանց աշխատավարձի կարողացան դպրոցը պահել»: ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը հայտարարեց, որ «hայրենասիրությունը անսակարկելի է, հայրենասիրությունը մերկապարանոց է, եւ դա ոչ խոսքերով է, ոչ ելույթներով է եւ ոչ էլ գեղեցիկ արտահայտված մտքերով է: Մարդիկ կյանքով են ապացուցում իրենց հայրենասիրությունը, մենք դրա վառ օրինակը ունենք՝ Եռաբլուրը»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը քարը նետեց Դաշնակցության դաշտը եւ հայտարարեց. «Եթե հետադարձ հայացք նետենք, կհասկանանք, թե որ քաղաքական ուժերը եւ որ պաշտոնյաները, որոնց հնարավորություն էր տրված համակարգի առողջացման համար, ինչ են արել՝ այսօր մեծ-մեծ խոսելու համար»: Եվ թվարկեց, թե իրենք ինչ են արել: Նաեւ խորհուրդ տվեց այս օրինագծերը շահարկեով՝ չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ, հիշեց, թե երբ ինքն էր ուսուցիչ, ինչ դժվարին էր դպրոցի վիճակը՝ 3 հազար դրամ աշխատավարձով: Հակադարձելով իրենց հասցեին անուղղակի ասվածին՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն էլ իր հերթին ասաց. «Միշտ չէ, որ հարձակումը լավագույն պաշտպանությունն է, եւ թիրախից շեղելը միշտ չէ, որ հաղթանակ է բերում»: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նկատեց. «Ես ուզում եմ խոսել նաեւ թատրոնի մասին, այսինքն՝ իբր առաջարկներ կանեն, կասեն՝ 15-ը դարձրեք 2 կամ 7-րդ դասարանից սկսեք, հետո այդ առաջարկությունները կընդունեն եւ հերոսական կողմ կքվեարկեն»: Ըստ պատգամավորի՝ «նախ պետք է պարզել, թե ինչ պետություն ենք կառուցում՝ կազինոների՞, բարդակների՞, թե՞ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ժողովրդավարական պետություն»: Վարդան Բոստանջյանը հայտարարեց, թե այս օրինագիծը հայի տեսակի վերահսկման նախագիծ է: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ այս քննարկումների ժամանակ մի բանում բոլորը համակարծիք էին, որ հանրակրթության մակարդակը շատ ցածր է, եւ որ մեզանում կրթությունը եւ կրթված մարդը հեղինակություն չեն վայելում. «Այս օրինագծով մեզ ասում են, որ հայոց լեզվով նման դպրոց ստեղծել չենք կարող: Ինչպես ժամանակին մեզ ասում էին, որ պետության ուժերով չենք կարող ապահովել ջրամատակարարումը, տվեցինք իտալացիներին, լրիվ փչացրեցին, հետո տվեցինք ֆրանսիացիներին, ավելի փչացրեցին: Մենք չենք կարողանում մեր ուժերով ապահովել էլեկտրամատակարարումը, ռուսներին տվեցինք: Եվ հիմա պարզվում է, որ հայոց լեզվի առկայությունը, որպես ուսուցման լեզու, խանգարում է հանրակրթության մակարդակի բարձրացմանը»: Տիգրան Թորոսյանը նկատեց. «Մի պետությունում, որտեղ գիտնականներին վճարում են 50 հազար դրամ աշխատավարձ, ավելի քիչ, քան կառավարության եւ ԱԺ-ի վարորդների աշխատավարձն է, այդ պետությունում բարձր մակարդակի կրթության մասին խոսելը անհեթեթություն է»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հայտարարեց, որ թեպետ ինքը նախկինների հասցեին լավ բաներ չի ասում, բայց այս դեպքում ուզում է հիշեցնել, որ 88-ին շարժումը բերեց հայոց լեզվի հաղթանակին, եւ ի պատիվ նախկին իշխանությունների՝ կարելի է ասել, որ նրանք պատվով դիմակայեցին ճնշումներին, նրանց վրա էլ կային ճնշումներ, բայց չստորադասեցին հայոց լեզուն: Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ հայոց լեզուն որբի գլուխ չէ, որ ով ուզենա՝ նրա վրա վարսավիրություն սովորի: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը կլսի բոլոր խմբակցությունների ելույթները եւ ի մի բերելով՝ կհայտարարի, թե մոտեցումների որ մասն է պատրաստ ընդունել եւ որ մասը՝ ոչ: Լեզվի եւ հանրակրթության մասին օրինագծերի քվեարկությունը տեղի կունենա արդեն հավանաբար հունիսի վերջին հրավիրվելիք արտահերթ նիստում: