Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մինչեւ սեպտեմբեր կշարունակի ղեկավարել ներկայիս ղեկավարը՝ Արման Վարդանյանը։ Այս մասին «Առավոտին» հայտնեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը։ Ղեկավարի փոփոխության հարցին կուսակցությունը կանդրադառնա սեպտեմբերին, առայժմ պաշտոնանկություն տեղի չի ունեցել։ News.am-ի թղթակցի հետ զրույցում Արման Վարդանյանն այս կապակցությամբ ասել է. «Կուսակցության ղեկավարի կողմից առաջարկ է եղել հանձն առնել կուսակցության պատասխանատու ուղղություններից մեկը, որին ես համաձայնել եմ։ Դեռեւս վերջնականապես ճշտված չէ, թե որ ուղղությունն է լինելու դա, քանի որ դեռ մինչեւ սեպտեմբեր աշխատելու ժամանակ ունենք, ու մինչեւ ավագանու նստաշրջանի ավարտը դեռեւս երեք ամիս ժամանակ կա»։ Արման Վարդանյանն ասել է նաեւ, որ որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, ինքը շարունակում է աշխատել խմբակցության ղեկավարի պաշտոնում եւ հետագայում էլ, երբ տեղափոխվի այլ աշխատանքի, շարունակելու է օգնել իր թիմակից ընկերներին։ «Շարունակելու եմ լինել ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների կողքին եւ իմ փորձով ու գիտելիքներով աջակցելու եմ խմբակցության աշխատանքներին»: