«Առավոտի» տեղեկություններով, մոտ 10 օր առաջ կասեցվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, ավելի քան մեկ տարի առաջ իր տան շքամուտքում սպանված ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս տեղեկությունը ճշտելու համար երեկ մենք դիմեցինք ՀՔԾ-ին եւ պաշտոնական ու գրավոր պատասխան ստացանք, որով հաստատվեց մեր տեղեկությունը: Ավելին, ՀՔԾ-ից տեղեկացրին, թե «ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը՝ ՀՀ քր. դատ. օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով», կասեցվել է ոչ թե 10 օր առաջ, այլ դեռեւս մայիսի 3-ին:
Միաժամանակ գրավոր հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանը՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու համար: «Կասեցված գործով, ՀՀ քր. դատ. օր-ի 258-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- փոխանցեցին ՀՔԾ-ից:
Փորձեցինք այս փաստի առնչությամբ ստանալ նաեւ ՀՀ ոստիկանության մեկնաբանությունը՝ առավել եւս, որ ոստիկանության բարձրաստիճան սպաներն իրենց գործընկերոջ սպանության բացահայտումը մշտապես համարում էին իրենց պատվի գործը: «Առավոտի» հարցադրմանն ի պատասխան՝ Ոստիկանության ՀԿԼՎ պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանն ասաց. «Եթե ՀՔԾ-ն այդ քր. գործի վարույթը կասեցրել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզ չլինելու պատճառաբանությամբ, դա դեռ չի նշանակում, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն էլ են կասեցված: Միանշանակ՝ ոչ: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ՀՀ ոստիկանությունում օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ»: