Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե ինքն է գրել «Լեզվի մասին» օրենքը, որն իբր թույլ չի տալիս, որ Հայաստանում ստեղծվեն միջազգային դպրոցներ:
«Youtube»-ում տեղադրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի այն ելույթի տեսագրությունը, որը նա ունեցել էր հունիսի 6-ին «BarCamp»-ում: Եվ այժմ հնարավորություն ունենք առավել հանգամանալից ներկայացնել նրա այն պարզաբանումները, թե ինչպես է առաջացել Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնելու օրինագիծը: Որպես նախաբան հիշեցնենք, որ մայիսի 26-ի ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր. «Այս նախաձեռնության գաղափարի հեղինակը ես եմ, առաջարկը ներկայացրել եմ վարչապետին, քննարկումների արդյունքում հիմնավորումները եղել են մեր նախարարության կողմից տրամադրված հիմնավորումները»:
Մինչ նախաձեռնության մասին խոսելը՝ Տիգրան Սարգսյանն առաջարկում է. «Պարզենք՝ դահլիճում ներկաներից ովքե՞ր են կողմնակից, որ Հայաստանում լինեն օտարալեզու դպրոցներ. այնպիսի դպրոցներ, ինչպիսիք կան Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում, որտեղ օրենսդրությամբ թույլատրված է, որ լինեն միջնակարգ դպրոցներ, եւ որոշ առարկաներ այդ միջնակարգ դպրոցներում դասավանդվեն օտար լեզուներով»: Քննարկմանը ներկա էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» խմբի անդամ Արամ Ապատյանը, որը ճշտում է, թե բազմաթիվ երկրներում կան նման դպրոցներ, բայց օրինակ՝ Հունաստանում նաեւ սահմանափակում կա, որ հույն երեխաները սովորեն նման դպրոցներում, որոշ բացառություններով: Նույն սահմանափակումը գործում է նաեւ Հոլանդիայում ու Շվեդիայում:
«Մեր օրենսդրությունն արգելում է, որ լինեն այնպիսի միջնակարգ կրթական հաստատություններ, որտեղ թույլատրվում է որոշ առարկաներ դասավանդել օտար լեզուներով: Եվ երկրորդ տարբերակը կա՝ թույլատրել, որ միջնակարգ դպրոցներում որոշ առարկաներ դասավանդվեն օտար լեզուներով»,- այսպես է ձեւակերպում քվեարկության դրվելիք հարցը վարչապետը: Դահլիճում չեն համաձայնում՝ հիշեցնելով, որ կառավարության օրենսդրական նախաձեռնության մեջ խոսքը բնավ ընդամենը «որոշ առարկաների» մասին չէ: Նաեւ խնդրում են պարզաբանել, թե որո՞նք են այդ որոշ առարկաները: «Կարեւոր չէ՝ որը: Որոշ: Մի քանիսը: Օրինակ՝ աշխարհագրությունը, մաթեմատիկան, ֆիզիկան՝ ենթադրենք»,- պատասխանում է պրն Սարգսյանը: Նաեւ պնդում է. «Այսօրվա օրենքն արգելում է ընդհանրապես միջնակարգ հաստատություններում օտար լեզուներով դասավանդել առարկաներ: Արգելո՛ւմ է: Իմպերատիվ, շատ խիստ»: Տեղից չեն համաձայնում, թե՝ չի՛ արգելում: «Այդպես է: Ե՛ս եմ այդ օրենքը գրել եւ ես գիտեմ՝ ինչն է արգելված»,- վարչապետի այս խոստովանությանն ի պատասխան՝ հնչում են ծափեր:
Քվեարկությամբ երկու տարբերակի օգտին էլ տրվում են գրեթե հավասար ձայներ: «Ահագին լավ բանակներ են՝ իրար տալու համար: Ընդ որում՝ Աստված գիտի, թե ինչով է դա ավարտվելու»,- արդյունքները մեկնաբանում է Տիգրան Սարգսյանը:
Եվ սկսում է պատմել, թե ինչու առաջացավ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն. «Որովհետեւ երկու նախաձեռնող խումբ եկան ինձ մոտ. մեկը Ռուբեն Վարդանյանն էր, որը Դիլիջանում միջազգային դպրոց է կառուցում, քոլեջ: Եվ գիտեք, որ արդեն հիմնադրումն էլ եղել է: Այդ քոլեջի նպատակն է, որ ինքը աշխարհով մեկ հավաքելու է երիտասարդների, բերելու է Դիլիջան՝ այդ քոլեջում սովորելու համար: Այդ թվում նաեւ՝ հայ քաղաքացիների դրսից, եւ ոչ միայն հայ: Այդ թվում նաեւ՝ ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանալու այդ քոլեջում կրթություն ստանալ: Եվ պարզվեց, որ մեր օրենքը թույլ չի տալիս, որ նա այդ միջազգային դպրոցը ստեղծի, դասախոսներ դրսից հրավիրի՝ դասավանդելու: Եվ բնականաբար՝ դասախոսներն աշխարհի հայտնի քոլեջներից, համալսարաններից են լինելու: Քարնեգի հիմնադրամից Վարդան Գրիգորյանը կա, որը նույնպես համաձայնել է հոգաբարձուների խորհրդի անդամ լինել: Եվ Թայլանդի մի քոլեջի տնօրենը նույնպես եկել էր ինձ հետ հանդիպման: Նա ասաց, որ Հայաստանից տարեկան 15 հոգի կրթություն են ստանում անգլերենով, եւ այդ Թայլանդի դպրոցում չկա ո՛չ հայոց լեզու, ո՛չ հայ ժողովրդի պատմություն: Եվ ինքն ասաց՝ ավելի նպատակահարմար է այդ դպրոցը Թայլանդից տեղափոխենք Երեւան, որ այդ երեխաները չգան Թայլանդ. ավելի թանկ է իրենց վրա նստելու, իսկ դասախոսներին Անգլիայից կբերեն Երեւան, ու դա ավելի էժան կլինի: Ես ասացի՝ շատ լավ գաղափար է, եկեք այդ դպրոցի մասնաճյուղը թույլ տանք, որ բացվի Երեւանում: Բայց մեր օրենսդրությունն այդ հնարավորությունը չէր տալիս: Որպեսզի տա, մենք առաջարկեցինք մի բառակապակցություն, որ որո՛շ դեպքերում՝ կառավարության կողմից հաստատված ծրագրերով, թույլատրվում է, որ որոշ առարկաների դասավանդումը լինի օտար լեզուներով: Ինչո՞ւ որոշ առարկաների դասավանդում, քանի որ դա կախված է նրանից, թե այդ քոլեջն ի՛նչ ծրագիր է ներկայացնելու կառավարության հաստատմանը: Որովհետեւ այդ քոլեջները շատ տարբեր են, եւ առարկաները, որոնք իրենք դասավանդելու են օտար լեզուներով՝ նույնպես տարբեր կարող են լինել»:
Վարչապետը նաեւ ասում է, թե նախաձեռնության նպատակը հետեւյալն է. «Ընդամենը ուզում էինք թույլ տալ մի փոքրիկ պատուհան բացել, որ աշխարհում ընդունված այսպիսի քոլեջները Հայաստանում էլ լինեն»: Արամ Ապատյանը հիշեցնում է միջազգային այլ փորձ՝ Միջազգային բակալավրիատի դպրոցը, որը չի պարտադրում որեւէ առանձնահատուկ ուսուցման լեզու, եւ այդ դպրոցի ծրագրերն արդեն ադապտացվել են գերմաներեն ու ֆրանսերեն: «Կողմ եմ ես: Շատ լավ՝ դա էլ անենք»,- արձագանքում է Տիգրան Սարգսյանը: Արամ Ապատյանի խոսքը՝ «Դուք, որպես «Դիլիջան» միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ կարող եք առաջարկել, թե՝ եկեք եւս 1 մլն դոլար ծախսենք ու թարգմանենք այդ ծրագիրը հայերեն», վարչապետն ընդհատում է. «Շատ լավ, կառաջարկեմ: Բայց էդ դրսից մարդկանց որ բերեն՝ ուրեմն, սկզբից իրենց պետք է հայերե՞ն սովորեցնեն: Դա նշանակում է՝ այդ ծրագիրը տապալել»: Հետո հավելում է. «Հենց որ հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը կլինի՝ ձեզ կհրավիրենք, այդ մարդկանց կասեք, թե ձեր առաջարկն ինչպիսին է: Իրենց կասենք՝ 1 մլն էլ ավելացրեք՝ այդ ծրագրի իմաստը փոխեք, այլ ծրագիր իրականացրեք, ձեր ծրագիրը մի արեք»:
Ներկա մի բլոգեր ասում է. «Ես ռուսական դպրոց եմ ավարտել՝ տուժածների կողմից եմ: Դպրոցում հայերենով անցել եմ հայոց լեզու, հայ գրականություն: Որոշ չափով հայերեն գիտեմ՝ կարդում եմ, գրում եմ եւ այլն: Բայց ես աշխարհագրությունն ու ֆիզիկան անցել եմ ռուսերեն: Եվ դպրոցից հետո ես չէի իմանում զանգված, անկյունագիծ բառերը: Տարբեր անուններ չգիտեի, թե Եգիպտոս ու Փարիզ ինչպես են հայերեն: Հիմա հանրահաշիվն ու ֆիզիկան եթե ռուսերեն կամ անգլերեն են անցնելու՝ այդ երեխաները նույնպես չեն իմանա, թե ինչպես է Եգիպտոսը հայերեն»: Այս խոստովանությունը բնավ չի հուզում Տիգրան Սարգսյանին, եւ նա ամփոփում է. «Պարզեցինք, որ այնուամենայնիվ դահլիճում կան մարդիկ, որոնք այլ տեսակետ են պաշտպանում: Եվ ընդամենը ես պետք է խնդրեմ այն մարդկանց, որոնք շատ ագրեսիվ են իրենց տեսակետն արտահայտում՝ հաշվի առնեն, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք այլ տեսակետի կրողներ են: Եվ ընդհանրապես՝ այդ ագրեսիան վտանգավոր բան է. ոչ թե այն մարդկանց համար, ովքեր այլ տեսակետ են կրում, այլ այն մարդկանց համար, ովքեր ագրեսիվ են տրամադրվում այլախոհության վերաբերյալ: Դա որովհետեւ կործանում է հենց այդ մարդուն: Սուրբ Կտակարանում մանրակրկիտ բացատրված է, թե ինչի է կործանվում այն մարդը, որը լցվում է չարությամբ, ագրեսիայով եւ գնում է ընդդեմ՝ ոչ թե հանուն»: Գարեգին Չուգասզյանը, որը նույնպես հանդես է գալիս հանուն հայոց լեզվի պաշտպանության՝ ինչ-որ բան է փորձում առարկել, սակայն վարչապետը թույլ չի տալիս: