Երեկ «Հայելի» ակումբում բանավեճի ընթացքում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն ասաց. «Ես ունեմ ռուսական կրթություն եւ 7 տարեկանից եմ գնացել ոչ հայկական դպրոց: Իսկ, օրինակ, Նաիրի Հունանյանն ունի հայերենի փայլուն իմացություն՝ նույնիսկ ավարտել է ԵՊՀ հայկական բանասիրական ֆակուլտետը: Եվ թողնում եմ ձեր դատին՝ մեզնից ո՛վ է ավելի վտանգավոր ՀՀ համար»: Սրան արձագանքեց «7or»-ի թղթակիցը. «Դե, պարտադիր չէ՝ մտնեք ԱԺ, ահաբեկչություն իրականացնեք, որ արժեհամակարգին ինչ-որ գնահատական տրվի»: Իսկ բանավեճի մյուս մասնակիցը՝ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց. «Լեզվամտածողությունը նաեւ արժեքային համակարգ է»: Եվ միջազգային փորձն է վկայակոչել. «1.5 մլրդ-անոց Չինաստանում օտարալեզու դպրոցների թիվը 50-ից չի անցնում: Շվեդիան, որը, կարծում եմ, գիտեք՝ կենսամակարդակով աշխարհում բարձրագույն երկրների ու ամենաառաջադեմ երկրների ցանկում է, ունի ընդամենը 3 միջազգային օտարալեզու դպրոց, որտեղ արգելված է, որ երկու կողմից էլ ազգությամբ շվեդ ծնողներ ունեցող երեխաներն այնտեղ սովորեն: Նույնը Հոլանդիայում է, նույնը Հունաստանում է, որտեղ կան այսպիսի ծրագրեր իրականացնող 10 միջազգային դպրոցներ, որտեղ սովորում են ոչ թե Հունաստանի քաղաքացիները, այլ նրանք, ում ծնողներից մեկը որեւէ այլ երկրի քաղաքացի է, կամ նրանք ունեն, այսպես ասած, Հունաստանը թողնելու՝ իբր քաղաքացիություն, նախապայմանը»: Մանվել Բադեյանն արձագանքեց. «Օրինակներ եք բերում Շվեդիայից, Հոլանդիայից, դա, ռուսերեն ասած, передергивание карт»: Լիլիթ Գալստյանը նկատեց, «Ա՛յ, եթե Դուք հայկական դպրոց գնայիք, նույնի հայերեն համարժեքը կիմանայիք»: Մանվել Բադեյանն առարկեց. «Դա չես կարող հայերեն ասել: Բաներ կան, որ չես կարող հայերեն ասել»: Իսկ Լիլիթ Գալստյանը պնդեց. «Կարո՛ղ եմ ասել, որովհետեւ ես հրաշալի տիրապետում եմ անգլերենին, հայերենին, իսպաներենին, անգլիական դպրոց եմ ավարտել, հայկական բանասիրական գիտությունների թեկնածու եմ»: Բադեյանն այսպես արձագանքեց. «Դե ասա՝ տսՏրՍՏչցոՓօ-ն հայերեն ինչպե՞ս է»: Լրագրողները հուշեցին՝ «Հարթաշուրթ», ինչին ՀՀԿ պատգամավորն առարկեց. «Հարթաշուրթը գեշ աղջիկն է»: