Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՍՏԱՑՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ

Հունիս 11,2010 00:00

«Ուշադիր հետեւող, հուսով լի Հայաստանը»՝ «օգտագործված թաշկինակի» ու սեփական շահի արանքում

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը նախորդ օրն ուշ երեկոյան ընդունեց Իրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանող բանաձեւ: Այն նպատակ ունի Թեհրանին ստիպել հրաժարվել իր միջուկային ծրագրից։ Ըստ լրատվական գործակալությունների, 15 անդամ երկրներից 12-ը բանաձեւին «կողմ» են քվեարկել: Թուրքիան, Բրազիլիան, Լիբանանը եղել են «ձեռնպահ»: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել ընդունված բանաձեւը, իսկ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշամբեում գտնվող ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ասել է. «Նրանք հաստատեցին մեր դեմ ուղղված բանաձեւը, սակայն նրանց բանաձեւը նշանակություն չունի Իրանի ժողովրդի համար: Այն օգտագործված թաշկինակ է, որը հարկավոր է նետել աղբարկղը»։ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւը պահանջում է ՄԱԿ-ի անդամ երկրներից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար Իրանի միջուկային զենքերի ստեղծման ծրագրին տեխնիկական օժանդակության ցուցաբերումը։ Արգելվում է Իրանին մատակարարել նոր տեխնոլոգիաներ, ուղղաթիռներ, մարտական օդանավեր, տանկեր, ռազմանավեր, հրթիռներ։ ՄԱԿ-ի անդամ պետություններին հանձնարարվում է խստորեն ստուգել Իրանից փոխադրվող բեռները, առգրավել ու հարկ եղած դեպքում ոչնչացնել կասկածելի բեռները։ Բանաձեւը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին զգոնություն ցուցաբերել Իրանում գրանցված կամ Իրանի իրավասության տակ գտնվող ընկերությունների հետ գործարար հարաբերությունների մեջ մտնելիս, պատժամիջոցներ է սահմանում եւս 40 իրանյան կազմակերպությունների նկատմամբ, արգելում է իրանական բանկերի կողմից այլ երկրներում սեփականության ձեռք բերումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, նոր բիզնեսների հիմնադրումը։

Քանի որ Իրանն ու Հայաստանը սերտ առեւտրատնտեսական կապեր ունեն՝ որքանո՞վ մեր անմիջական հարեւան Իրանի նկատմամբ կիրառվելիք այս նոր՝ խստացված պատժամիջոցները կազդեն Իրան-Հայաստան հարաբերությունների վրա: Նկատենք, Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, մյուս կողմից՝ Իրանը Հայաստանի միակ հուսալի հարեւանն ու գործընկերն է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման արդյունքում Հայաստանին սպասվող հնարավոր հեռանկարի հարցում հայաստանյան քաղաքական գործիչների կարծիքները տրամագծորեն տարբերվում են: Օրինակ, ՀՀ նախկին վարչապետ, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը գտնում է, որ մեր երկրի վրա այդ պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը մեծապես պայմանավորված է նրանով, թե գործնականում ինչպես այդ պատժամիջոցներին կարձագանքի Իրանը: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ եթե Իրանը փորձի որոշ սահմանափակումներ մտցնել իր անմիջական հարեւանների հետ տնտեսական հարաբերություններում՝ ենթարկվելով այդ պատժամիջոցներին, խնդիրներ կլինեն: Բայց մեր զրուցակցի գնահատմամբ՝ իրանական աշխարհն, ընդհակառակը, բավականին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասի, մասնավորաբար՝ Հայաստանի նկատմամբ եւ այդ ճանապարհով ռուսական շուկա ներթափանցելու խնդիր է դրել իր առջեւ. «Եվ ես չեմ կարծում, որ այդ հարցադրումները Իրանի արտաքին տնտեսական քաղաքականության մեջ, նույնիսկ միջնաժամկետ հատվածում, էական փոփոխություններ կկատարեն: Ես դրան չեմ հավատում, քանի որ հարցն ուղղակիորեն բխում է եւ Ռուսաստանի, եւ Իրանի շահերից: Իսկ Հայաստանն այդտեղ, որպես միջանկյալ հարթակ՝ իր օբյեկտիվ հնարավորություններով, կարող է շատ հետաքրքիր դերակատարում ունենալ, եւ չի բացառվում, որ այդ հարաբերությունները վերաճեն ինստիտուցիոնալ հարաբերությունների: Գուցե կարծիքս շատ սուբյեկտիվ է, բայց ես լավատես եմ»:

Նախկինում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, հակառակը, կարծում է, որ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս տնտեսական էմբարգոն իրականում լուրջ քաղաքական որոշում է. «Տնտեսական պատժամիջոցների նկատմամբ վերահսկողությունն ամեն վայրկյան կարող է բերել լուրջ զինված բախումների: Յուրաքանչյուր նավի եւ բեռի ստուգումն իրանական իշխանությունների կողմից կարող է բերել հակազդեցության, ինչից էլ ռազմական միջամտություններ կարող են ծնվել»: Կոնկրետ Հայաստանի մասով Հովհաննես Հովհաննիսյանն արձանագրում է. «Իրան-Հայաստան սահմանը փակվեց: Հայաստանը, լինելով ՄԱԿ-ի անդամ երկիր, իրավունք չունի չենթարկվելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը: Իրանի հետ տնտեսական հարաբերությունները գնալու են զրոյականացման: Այսինքն՝ Հայաստանը հայտնվելու է այն ծանր վիճակի մեջ, որ արտաքին աշխարհի հետ միակ կապը մնում է Վրաստանը, ինչը, ըստ իս, լուրջ խնդիրներ է իր մեջ պարունակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել