Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԹԱՅԻՆ ԳՈՒԼ ՆԵՈՖՐՈՅԴԻԶՄ

Հունիս 10,2010 00:00

Թեստերը դեպի գուբի մայրը տանող խորդաշատ ուղի

\"\"

Սկիզբը՝

2-րդ եւ 4-րդ թեստերի 40-րդ հարցն այնքան անորոշ է ձեւակերպված, որ առնվազն երեք լուծում կարող է ենթադրել, որոնցից թեստում տրված է ամենաանհամոզիչը: Հարցադրում անողների համար ի՞նչը կարող է կոչվել Բաղդասարի մասին վերջին դրվագ՝ կնոջ հետ Բաղդադ գնա՞լը, անորդի մնա՞լը, թե՞ Փոքր Մհերի այցելությունը Բաղդասարի գերեզմանին. թեստում առաջարկված լուծումը մյուս երկուսից առաջ է, հետեւաբար ամենաքիչ հավանականությունն ունի վերջինը համարվելու:
Մյուս կողմից՝ թեստեր կազմողները երեւի որոշել են որոշ հարցերի՝ լուծում չունենալը հատուցել մեկից ավելի լուծումներ ունեցող հարցերով, այն հույսով, որ վերջում կստացվի 80 հարց, 80 պատասխան: Այդպիսի հարցերով հարուստ են 1-ին եւ 3-րդ թեստերը:
15-րդ հարցում առ նախածանցը, երեւույթ բառի երեւ արմատից բացի, չի կարող միանալ նաեւ ողջախոհ բառի խոհ արմատին, հետեւաբար եւ՛ երեւույթ-ը, եւ՛ ողջախոհ-ը առաջադրանքի լուծումներ են:
17-րդ հարցում լուծումներ են թե՛ նշված փող, փողավոր շարքը, թե՛ չնշված այրի, այրել շարքերը: Ընդ որում, եթե դիմեինք Ե. Աբգարյանի համանունների բառարանին, այնտեղ կգտնեինք բոլոր չորս շարքերի բոլոր բառերը:
47-րդ հարցում սխալ կա ոչ միայն նշված պատասխանում, այլեւ այն պնդման մեջ, թե «Մուրացանը վեպում պատկերում է…. Գեւորգ Մարզպետունու տագնապները իր միակ որդու՝ Գոռ իշխանիկի ճակատագրի համար»: Վեպը այդ տագնապներին չի նվիրված, ինչպես կարող է հասկացվել տրված ձեւակերպումից: Ոչ թե տագնապները, այլ տագնապը, ավելի ճիշտ՝ մտորումը, վեպում արձանագրված է միայն մեկ դրվագում (Մուրացան, Երկերի ժողովածու, հ. 4, Եր., 1963, էջ 328-330): Դասագիրքը, այդ դրվագի ոգուն համապատասխան, աշակերտների ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ «իր միակ որդուն՝ Գոռին, նա մոտենում է նույն չափանիշներով, չի վարանում քսան քաջերի թվում նրան եւս Բեշիրի բանակի դեմ տանել» (Հայ գրականություն, 9, Եր., 2006, էջ 113): Եվ դասագրքի վերլուծությանը վստահող շրջանավարտը «սխալվում» է, քանի որ իրենից առաջ սխալվել են թեստը մոգոնողները:
69-րդ հարցում պարզ չէ, թե թեստ կազմողներին ինչով դուր չի եկել Երկարաճիտ ճամփորդական կոշիկներից-ը, որ պիտի անպայման Ճամփորդական երկարաճիտ կոշիկներից լիներ: Բայց առավել եւս պարզ չէ, թե ինչով է դուր եկել մի թեթեւ գույնզգույն շալ-ը: Եթե խոսքն ածականի տեսակների շարադասության մասին է, ապա առաջին հերթին թեթեւ գույնզգույն-ը պիտի սխալ համարվեր:
70-րդ հարցում սխալ են փոխակերպված երկու նախադասություններ՝ Պատանության տարիների իմ ընկերներն էին…, որում փոխանակված են ենթական եւ ստորոգելին, եւ Բայց մենք երբեք չպիտի մոռանանք…., որ դարձված է Բայց մենք երբեք չպիտի չմոռանանք…:
Բազմաթիվ են այն դեպքերը, երբ հարցը ձեւակերպված է մասնագիտական սխալով կամ լեզվական անհարթությամբ:
Այսպես՝ 2-րդ եւ 4-րդ թեստերի 4-րդ հարցը. «Ո՞ր շարքում կա կրկնակ տառ չունեցող բառ»: Մի կողմ թողած այն, որ շրջանավարտը ծանոթ չէ «կրկնակ տառ» արտահայտությանը՝ նշենք, որ տրված է նաեւ բազպա…եր բառաձեւը, մինչդեռ պահանջի ձեւակերպման մեջ բառաձեւը չի նշվում:
Թեստերի 9-րդ հարցում հանդիպում ենք արդեն նշված բոլոր դերանվանը. «Ո՞ր շարքի բոլոր բառերի վերջին վանկը չի շեշտվում»: Նկատի ունեն «ո՞ր շարքի բառերի», «ո՞ր շարքի ոչ մի բառի»: Փառք Աստծու, այս դեպքում վատ ձեւակերպումը լուծման վրա չի ազդում:
18-րդ եւ 22-րդ հարցերը նույն անհարկի որոշյալ առումով են. «Ո՞ր շարքում են միայն անհոգնական գոյականները», «Ո՞ր շարքում են միայն առարկայի հատկանիշ ցույց տվող դերանունները»: Կարծես հայերենում հենց միայն այդ երեք անհոգնական գոյականը եւ առարկայի հատկանիշ ցույց տվող այդ երեք դերանունը կան:
Մասնագիտական վարպետությունը ցուցադրող գլուխգործոցներ են 34-րդ եւ արդեն հիշատակված 56-րդ հարցերի պահանջների ձեւակերպումները: Կարդանք 34-րդ հարցի պահանջը. «Տրված նախադասության մեջ կետադրական ստորեւ նշված կանոններից ո՞րը չկա»: Աչք փակենք կետադրական ստորեւ նշված շարադասական խախտման վրա եւ փորձենք հասկանալ, թե ինչ նախադասություն պիտի տային, որ մեջը կետադրական կանոն լիներ. այդպիսի նախադասություն կարող է լինել միայն կետադրական կանոնի ձեւակերպումը: Տրված նախադասությունը վանականի, այգու եւ Աստծու մասին է. որքան ինձ հայտնի է, այդ երեքից ոչ մեկը կետադրական նշան չէ: Նախադասության մեջ կանոնը չի լինում, այլ կանոնին համապատասխանող, կանոնին ենթարկվող դեպքը: Իմանալու բան է: Լավ, ասենք՝ շփոթվել են, ոչինչ, ո՞ւմ հետ չի պատահում, եւ տեսնենք, թե ինչ «կետադրական կանոններ» են թվարկված. «1) զեղչված անդամ, 2) բազմակի անդամներ, 3) դերբայական դարձված, 4) հետադաս որոշիչ» (1-ին եւ 3-րդ թեստեր), «1) հետադաս որոշիչ, 2) տրոհված հատկացուցիչ, 3) դերբայական դարձված, 4) բազմակի անդամներ» (2-րդ եւ 4-րդ թեստեր): Այդ խեղճ որոշիչները, հատկացուցիչները, զեղչված եւ բազմակի անդամները մինչեւ 2010թ. հունիսի 4-ը ապրում էին անգիտության մեջ՝ կարծելով, թե իրենք նախադասության անդամներ են, դերբայական դարձվածն էլ հղփանալով իրեն կառույցի տեսակ էր երեւակայում, բայց հայտնվեցին չգիտության խավարի քողը պատռողները եւ ի լուր ամենքի հայտարարեցին, որ դրանք բոլորը կետադրական կանոններ են ու թող այսուհետեւ իրենց չափը ճանաչեն:
Պակաս զավեշտական եւ նույն չափով ողբերգական չէ չարաբաստիկ 56-րդ հարցը: Կարդա՞նք: Կարդա՛նք. «Տրված են համանուններ մեկ բացատրությամբ. ստորեւ բերված պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ համապատասխանեցված երկրորդ բացատրությունները համանուններին»: Կարդում եմ, եւ հոդվածիս վերնագիրը արդեն այնքան էլ անհասկանալի չի թվում ինձ: Ինձ հիացրեց մի շրջանավարտի մտքի ճկունությունը. նա այս պահանջը հասկացել էր՝ ընդամենը երեք անգամ կարդալով: Անձամբ ես չորրորդ անգամից հետո եմ հասկացել, այն էլ առանց լիովին վստահ լինելու, որ ճիշտ ճանապարհի վրա եմ: Այս պահանջից հետո չորս բառ է բերված: Պարզվում է՝ դրանցից ամեն մեկը «համանուն» է, որին պետք է «երկրորդ բացատրությունը համապատասխանեցնել»: Քիչ թե շատ գիտելիքներ ունեցող աշակերտն անգամ գիտի՝ լինում են համանուն բառեր, իսկ մեկ բառը համանուն չի կարող կոչվել, ինչպես որ չի կարող կոչվել հոմանիշ, հականիշ կամ հարանուն: Քանի դեռ երկրորդ բառը չկա, գրված մեկ բառը համանուն չէ, այլ պարզապես բառ: Հարցնեին աշակերտներին՝ աշակերտները կասեին: Ո՞վ ու՞մ է սովորեցնում, ո՞վ ու՞մ է ստուգում:
Լեզվական կանոնների խախտումներով են ձեւակերպված 39-րդ եւ 67-րդ հարցերը: Ի՞նչ է նշանակում «Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ վիպական ո՞ր հերոսի մասին է տրված հատվածը» (39): Ի՞նչ է, ըստ Բուզանդի կամ Ագաթանգեղոսի պատմությունների՝ ուրիշի՞ մասին է: 67-րդում էլ «քանիսի՞» հարցի պատասխանները տրված են ուղիղ ձեւով. «ոչ մեկը, մեկը, երկուսը, երեքը»: Մանրու՞ք է: Մանրուք կլիներ, եթե այս մեկը լիներ, մինչդեռ տարբեր կարգի սխալները համատարած են:
1-ին եւ 3-րդ թեստերի 71-րդ հարցում փոխակերպելու համար տրված նախադասությունը սխալով է կազմված: Էլ ի՞նչ փոխակերպում ստուգես: Այս մարդիկ մասնագետի դիմակով ու զգեստավորումով են փորձում ներկայանալ, բայց տեղյակ չեն, որ անուղղակի խոսքում այո վերաբերականը չէր կարող լինել:
Թեստերում քիչ չեն լեզվական սխալներով նախադասությունները: Շարադասությունը հատուկ խոսակցության առարկա է: Թեստ կազմողները շարադասական սխալը գտնելու վերաբերյալ առաջադրանքներում մեծ տեղ են տվել որոշիչների հաջորդականությանը, մինչդեռ ուրիշ առաջադրանքներում իրենք են այդպիսի սխալներ թույլ տվել. 1-ին եւ 3-րդ թեստերում՝ «անգին ճենապակյա սկահակ» (31), «կետադրական ստորեւ նշված կանոններից» (34), 2-րդ եւ 4-րդ թեստերում՝ «Առաջին իսկ աչքի զարնող առարկան» (31), 1-4-րդ թեստերում՝ «Չափածո մեծ ծավալի ստեղծագործություն» (46): Թվարկեմ այլ լեզվական սխալներ եւս: «Վանականների խումբը գիշերը քայլում էր, ցերեկը թաքնվում» (1-ին եւ 3-րդ թեստեր, 31-րդ հարց). պիտի լիներ «ցերեկը՝ թաքնվում»: «ռուբիկոնն անցնել»  (1-ին եւ 3-րդ թեստեր, 59-րդ հարց). պիտի լիներ «Ռուբիկոնն անցնել»: «Մտնելով բակ՝ ինձ այնպես թվաց…» (1-ին եւ 3-րդ թեստեր, 60-րդ հարց). անթույլատրելի կապակցություն է. դերբայի եւ ստորոգյալի ցույց տված գործողությունները կատարողը նույնը պիտի լինի: «Տղան սուզվեց ջրի տակ» (2-րդ եւ 4-րդ թեստեր, 29-րդ հարց). սուզվում են ջրի մեջ (թող նայեն ցանկացած բառարան), իսկ ջրի տակ իջնում են կամ անցնում: «…աղջիկ, մ՛ իսկ» (2-րդ եւ 4-րդ թեստեր, 42-րդ հարց). պիտի լիներ «աղջիկ մ՛իսկ»: «…չթաքնված հեգնանքով ասաց մտախոհ իշխանը» (2-րդ եւ 4-րդ թեստեր, 71-րդ հարց). հեգնանքը ինքը ոչ մի տեղ չի թաքնվում. այն թաքցնում են կամ չեն թաքցնում: «Ալեքսանդրը, բոլորից աննկատ, քաղաք մտավ այդ գետի հունով, եւ ջարդելով դարպասի մի փոքր հատված՝ ներս թողեցին նաեւ մնացած զորքը» (2-րդ եւ 4-րդ թեստեր, 76-րդ հարց). այդ ինչ «հատված» են ջարդել, ովքեր են ջարդել ու մնացած զորքը ներս թողել, եթե Ալեքսանդրը մենակ էր՝ անհայտ է:
Որոշ հարցերում որպես լեզվական նյութ վերցված են անցանկալի, երբեմն անընդունելի նմուշներ: Այսպես՝ խիստ անհարթ եւ արհեստական են ստացվում այն ստորադաս նախադասությունների փոխակերպումները, որոնցում ենթական ունի ինչ որոշիչը: Այդ իսկ պատճառով արդեն տարիներ ի վեր նման նախադասությունները չեն ընդգրկվում քննական առաջադրանքների մեջ: Բայց մեր թեստ կազմողները մի կողմ են դնում առկա փորձը եւ բոլոր թեստերի 70-րդ հարցում առաջարկում հետեւյալ փոխակերպումը. «Զայրացած Արաքսը խոր վրդովմունքով դուրս էր նետվում յուր ափերից՝ տեսնելու իր շուրջը ինչ արհավիրք կատարվելը»: 8 նախադասություն կարող էին տալ, 6-ն են տվել, որոնցից մեկը սա է, ընդ որում այն երկուսից մեկն է, որ կան բոլոր տարբերակներում: Եվս մեկ նկատառում. Րաֆֆու նկատմամբ հարգանքը հասկացանք, բայց անպայման պետք էր յուր հնաբանությա՞մբ նախադասություն տալ: Եվ հետո՝ ինչպե՞ս հասկանալ յուր ափերից-ը եւ իր շուրջը-ն նույն նախադասության մեջ: Ի՞նչ է սա՝ Րաֆֆու նկատմամբ կիսահարգա՞նք, թե՞ լեզվական նրբաճաշակության վառ ապացույց:
1-ին եւ 3-րդ թեստերի 16-րդ հարցին պատասխանող շրջանավարտը պիտի վստահաբար պնդի, որ բարեկենդան, երկկենցաղ եւ անկյանք բառերը ունեն նույն արմատը: Զուտ իմաստային չափանիշով նա կարող է զգալ բառերի ընդհանրությունը, բայց դպրոցը նրան գիտելիք չի տալիս, թե որտեղից են եւ ինչ են կենդան-ի դ-ն եւ կենցաղ-ի ց-ն: Դրա համար պետք է այնպիսի ստուգաբանական վերլուծություն կատարել, որը շատ հեռու է դպրոցական ծրագրի շրջանակից: Այսպիսի օրինակների օգտագործումը թեստերում անթույլատրելի է թե՛ մասնագիտական եւ թե՛ բարոյական առումներով:
Նույն թեստերի 21-րդ հարցում մոլորեցնող է քո աչքերում կապակցության կրկնվելը. թեստ լուծողը այդ երկուսը տարբե՞ր կապակցություններ պիտի համարի, թե՞ նույնը: Դարձյալ նույն հարցն է ծագում. շրջանավարտն ինչպե՞ս իմանա, թե որ տարբերակն են իրենից սպասում: Երկուսն էլ կարելի է հիմնավորել, հետեւաբար երկու հաշվումներն էլ նյութի անմշակության պատճառով պետք է ճիշտ համարել:
Եվ վերջում՝ ստոր հարցերի մասին: 45-րդ հարցում ստուգվում է տեքստում իրար անմիջաբար չհաջորդող տողերի հաջորդականության իմացությունը: 4 տող են գրել, բայց մի թեստում՝ 8, մյուսում 12 տող են ստուգում: Իսկ ինչո՞ւ ոչ ամբողջ բանաստեղծությունը կամ պոեմի հատվածը: 79-րդի նման հարց ամեն մեկի մտքով չի անցնի. դրա համար որեւէ բարոյական չափանիշի բացառիկ բացակայություն է անհրաժեշտ: Կարելի է փորձ դնել. հավաքվում են քննություն հանձնած բոլոր շրջանավարտները, ամեն մեկը Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի մի պատահական հատված է կարդում, թեստ կազմողներն ասում են, թե որ ղողանջից է այդ հատվածը. եթե –5000 միավորից բարձր գնահատական են ստանում, պետպատվերով ընդունվում են բուհ, որ սովորեն, եթե ցածր են ստանում, էլի ընդունվում են, բայց վճարովի: Ամեն դեպքում ընդունվում են, որ սովորեն: Սովորելու շատ բան կա, սովորել պետք է:
Ամփոփենք:
Ուղեցույցի հանձնարարականները խախտված են 5 հարցերում:
Լուծում չունեն 10 հարցեր:
Մեկից ավելի լուծումներ ունեն 7 հարցեր:
Մասնագիտական կամ լեզվական սխալներով են ձեւակերպված 9 հարցեր:
Լեզվական նյութի մեջ քերականական, ոճական եւ կետադրական սխալներ կան 9 հարցերում:
Հնարավոր է անել միայն մեկ եզրակացություն. 2010 թ. հայոց լեզվի եւ գրականության միասնական քննության թեստերը ի չիք դարձրին նոր թեստերի կազմության եռամյա փորձը: Քննական թեստերը շպրտվեցին հետ՝ մինչեւ նախկինում երբեւէ չեղած մակարդակ:
1-ին եւ 3-րդ թեստերում թերություններ կան 31 հարցերում: 20 միավորից հանում ենք 0,25 x 31: Այս թեստերի գնահատականն է 12,25:
2-րդ եւ 4-րդ թեստերում թերություններ կան 25 հարցերում: 20 միավորից հանում ենք 0,25×25: Այս թեստերի գնահատականն է 13,75:
Կարծես ոչինչ. միջինից քիչ բարձր գնահատականներ են:
Փորձում եմ հասկանալ թեստ կազմողների վերաբերմունքը թեստի նկատմամբ: Ակամա հիշում եմ 90-ականների սկզբին շրջանառության մեջ դրված մի տերմին՝ «շինիչ»: Բայց այս դեպքում ի՞նչ իմաստով հասկանանք այս բնութագրումը՝ հայազգի քաղաքական գործչի՞ նկատի ունեցած, թե՞ ուրիշ: Զ. Ֆրոյդի ականջը կանչի: Նա ասում էր՝ դա մարդկանց պետք է սուբլիմացիայի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել