Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուլլերստվո»

Հունիս 10,2010 00:00

Այս կարծիքին է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավորը

Ամռան ամիսներին աղանդավորներն ակտիվանում են՝ կազմակերպում բազմաթիվ միջոցառումներ, արտերկրից ինչ-որ մարդիկ են գալիս «մեզ փրկելու», հոգեորսությամբ զբաղվում եւ այլն:
Վերջին օրերին գովազդային պաստառներում հայտնվեցին տեղեկություններ՝ հունիսի 12-ին Հանրապետական մարզադաշտում կայանալիք կասկածելի մի հավաքի մասին: Ասում են՝ դա աղանդավորական հավաք է, որը կազմակերպում է «Կյանքի խոսք» աղանդավորական շարժումը՝ ոմն Դավիթ Հասավեյի այցի կապակցությամբ. երեկ այս մասին խոսվեց «Արմատ» ակումբում:
Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի խոսքով՝ ցանկացած աղանդավորական կազմակերպություն որդեգրած ձեւ ունի, որ ժամանակ առ ժամանակ մեծ հավաքներ է կազմակերպում: Իսկ այդքան մեծ հավաքները սովորաբար տեղի են ունենում մարզադաշտերում, մարզահամերգային համալիրներում, այնպիսի տարածքներում, որտեղ հնարավորություն կլինի շատ մարդ հավաքել:
Նրա մեկնաբանմամբ, այդ եւ այլ աղանդավորական հավաքների իմաստը մեկն է՝ մարդկանց «որսալը». «Կան հարցեր, որոնք մարդկանց մոլորեցնում են. օրինակ, հայտարարում են՝ կույրերը հավաքից հետո կտեսնեն, սայլակներով եկողները, որոնք չեն կարողանում քայլել, վազելով ետ կգնան եւ նմանատիպ շատ այլ հրաշքներ, որ կարող են տեղի ունենալ «միայն մեզ մոտ»: Սրանով իրենք մերժում են այն գաղափարախոսությունը, որ հրաշքը կարող է տեղի ունենալ հավատքի շնորհիվ, այլ ոչ թե ինչ-որ մի տեղ հաճախելու: Յուրաքանչյուր մարդ ի զորու է իր հավատքի շնորհիվ ականատես լինել հրաշքի, որը երբեւէ կարող է տեղի ունենալ: Աղոթքի, հավատքի շնորհիվ ենք Աստծուց պատասխաններ ստանում՝ հրաշքների տարբեր տեսակներով»:
Քահանա Ղեւոնդյանը նկատում է, որ աղանդավորներին բնորոշ է այդ տեսակ հրաշքները վերագրել հենց իրենց. «Վիզուալ քարոզները, որոնք տեղի են ունենում մի քանի ժամ եւ շատերին թվում է աստվածային երեւույթներ են, մարդկանց ուղղակի որսալու հեշտ միջոց է: Որովհետեւ ի սկզբանե որոշված է՝ ովքեր են գալիս, ուր, ովքեր կտեսնեն եւ կքայլեն: Սա, այսպես ասած՝ «շուլլերստվո» է: Ավելի քան վստահ եմ, որ նման «հրաշքներ» տեղի կունենան նաեւ ամսի 12-ի հավաքի ժամանակ»:
Տեր Շմավոնն ընդգծեց, որ, իր մեկնաբանությամբ, ամենեւին չի բացառում հրաշքների գոյությունը քրիստոնյայի կյանքում. «Իմ ասածն այս է. այն ամենը, ինչը նրանք ցուցադրում են որպես հրաշք՝ իլյուզիոնիստի, աճպարարի հնարքներ են, որոնցով ուզում են մարդկանց խաբել, ինչն էլ շատ հեշտությամբ այդ կարգի մարդկանց հաջողվում է»:
Ոմն Դավիթ Հասավեյի մասին էլ ասաց. «Նա հավանաբար կարծում է՝ խոպան է գալիս, որպեսզի իր համար հետեւորդներ գտնի: Հայաստանյան այցը նրա նմանների համար արտասահմանյան հյուրախաղերի պես մի բան է, որի շնորհիվ կարողանան ինչ-որ ձեւով ցույց տալ, թե ինչ զորավոր են իրենք: Փաստում եմ, որ յուրաքանչյուր աղանդավորական կազմակերպություն ընդամենը խառնակչի դեր է տանում՝ լինի «Կյանքի խոսքը», թե ավետարանական որեւիցե այլ կազմակերպություն: Նրանց նպատակը միայն մարդկանց հեռու քաշելն է առաքելական եկեղեցուց»:
Կայանալիք հավաքի մասին էլ նշեց. «Ի՞նչ հավաք է, ովքե՞ր են լինելու, այս հարցերը պատասխաններ չունեն… Եթե չեմ սխալվում՝ այդ Դավիթ Հասավեյը հենց «Կյանքի խոսքից» է: Այսօր աղանդավորական կազմակերպություններից շատերը միանում են՝ համատեղ հանդես գալու նպատակով: Իսկ այդ միասնական հանդես եկողները մերժում են «Եհովայի վկաներին», նրանց համարելով աղանդավորական կազմակերպություն: Բայց իրենց մասին այդ կարծիքը չունեն եւ համարում են, որ միայն իրենք են ճիշտ ուղու վրա ու հենց իրենց խոսքն է հասու բոլորին»:
Վերջում էլ տեր Շմավոնը հավելեց. «Աղանդավորները համոզված են, որ ճշմարիտ գործունեություն են ծավալում. հետաքրքիրն այն է, որ մեր քաղաքացիները եւս այդ կարծիքին են: Հասարակության համար մատչելի եւ պրիմիտիվ լինելը դառնում է խայծ, որն իրենք կուլ են տալիս: Օրինակ, աղանդավորական շարժումների երգերը շատ պարզ են: Բայց այդ պարզ երգերը ոչ մի հոգեւոր շունչ չեն արթնացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել