Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՒ Ի՞ՆՉ ՏՂԱՄԱՐԴ ԵՍ»

Հունիս 10,2010 00:00

Հայկական գովազդներում սեքսն առայժմ քիչ է,  բայց՝ վտանգավոր

Չզարմանաք, եթե քաղաքային ավտոբուսներից օգտվելիս՝ փորձեք բռնակից կախվել ու տեսնեք, որ կախվել եք, ասենք, ինչ-որ ֆիրմայի պահպանակից, վարտիքից կամ կրծկալից: «TVmobil» ընկերությունը Հայաստանում սկսել է «ոչ շաբլոն» գովազդներ պատրաստել ու տարածել: Բացի ալկոհոլային խմիչքներից ու ծխախոտային արտադրանքից, ընկերությունը պատրաստ է ամսական 45 հազար դրամ վճարի դիմաց ցանկացած տիպի սեքսուալ բովանդակության գովազդներ փակցնել ավտոբուսների, տրոլեյբուսների բռնակների փոխարեն, բացի այդ, մոնիտորով ցուցադրել այն սուպերմարկետներում: Դա մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ընկերության մարքեթինգի եւ գովազդի բաժնի պետ Գոռ Պողոսյանը: Ներկայումս «Երեւան Սիթի» եւ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցերում ցուցադրվում է մի հյուրանոցային համալիրի գովազդ, որտեղ մերկ աղջիկն ու տղան «սաունայում» վայելում են կյանքը: Եթե հեռուստագովազդի դեպքում մարդը կարող է փոխել ալիքը, սեքսուալ բռնակների կամ սուպերմարկետային մոնիտորների դեպքում այդ հնարավորությունը չկա: Հաշվի առնելով, որ ավտոբուսներից ու մարկետներից նաեւ անչափահասներ են օգտվում, ծնողները ստիպված պետք է գնումները թողնեն ու երեխաների աչքերը փակեն՝ սեքս չնայելու համար:
Ընդհանրապես ամբողջ աշխարհում սեքսուալ բովանդակության գովազդները մեծ պահանջարկ են վայելում, անգամ ամենաանշառ ապրանքների գովազդները աշխատում են ինչ-որ կերպ կապել սեքսի հետ, որ գովազդը դիտվի: Ռուսաստանում վերջերս մեծ աղմուկ էր բարձրացրել կահույքի մի գովազդ, որտեղ ցույց են տալիս խոհանոցային սեղանի վրա սեռական ակտի մի փոքր հատված, ու տղամարդը հեռուստադիտողներին տեղեկացնում է՝ «Ես դա անում եմ միայն խոհանոցում»:
Հայաստանում նման գովազդները «անեծքի բուն» են ու կարող են մեծահասակներին կաթվածի հասցնել: Չնայած դրան, այստեղ էլ, հասկանալով սեքսուալ բովանդակության գովազդների առավելությունները, փորձում են սուրճի, թեյի, անգամ ափսեներ լվանալու հեղուկի գովազդային տեքստը սեքսուալ ձայնով կարդալ: Մի քանի տարի առաջ ծխախոտային արտադրանքների արտաքին ցուցապաստառներում հիմնականում կիսամերկ աղջիկներ էին: Սակայն բացի այն, որ այդ գովազդները Հայաստանում ծխող կանանց թիվն ավելացրին, նաեւ բարձրացրին ավտովթարների թիվը: Ծխախոտներից մեկի գովազդում «մինի» շրջազգեստով կինը պառկած, ոտքերը վեր բարձրացրած դիրքով վայելում էր ծխախոտի հերթական գլանակն ու անցորդներին համոզում, որ փորձեն «վայելել իրական համը»: Քանի որ այս ցուցապաստառները տեղադրվել էին նաեւ մի քանի բանուկ փողոցների խաչմերուկներում, օրինակ՝ Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկում, ոստիկանությունը պարզել էր, որ վարորդները հաճախ են տարվում մերկ ոտքերով ու ավտովթարի ենթարկվում:
Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշեց թույլատրել տրանսպորտային միջոցների վրա արտաքին գովազդ տեղադրել՝ առանց մտածելու, որ դրանք կարող են ավտովթարի պատճառ դառնալ: Իհարկե, Տ. Սարգսյանը երեւի հույս ունի մակարոնի, թթվասերի կամ յոգուրտի գովազդ տեսնել երթուղայինների վրա, մինչդեռ դրանք նույնպես կարող են սեքսուալ լինել ու քաղաքային երթեւեկությունը մի քանի օրում քաոսի վերածել: Պատահական չէ, որ «Գովազդի մասին» ներկայիս գործող օրենքում նշված է՝ «Անվտանգ երթեւեկության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը պետք է սահմանափակումներ մտցնի գովազդի տեղաբաշխման ուղղությամբ»:
Ինչ վերաբերում է հեռուստատեսային գովազդներին, ներկայումս ցուցադրվում է «Մատրյոշկա» համալիրի գովազդը, որը սկսվում է կարգին ստրիպտիզից ու բավականին բաց էրոտիկ տեսարաններից: «Malizia» կոչվող դեզոդորանտի գովազդում էլ սեքս անելու տրամադրությամբ դիսկոտեկ եկած կիսամերկ աղջիկը խորը հիասթափություն է ապրում, երբ մոտենում է նույն դիսկոտեկ այցելած մի կրքոտ տղամարդու ու հոտ քաշելուց հետո հայտնաբերում, որ նա «Malizia» չի օգտագործել: Աղջիկը, իրեն թափահարելով, տղայի վրա բարկանում է. «Այդ ի՞նչ է՝ դու չե՞ս օգտագործում «Malizia», դու ի՞նչ տղամարդ ես, որ չես օգտագործում «Malizia»: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հեռուստատեսային գովազդների վերահսկողն է: Ստացվում է, որ եթե այդ հանձնաժողովի արական սեռի ներկայացուցիչները «Malizia» չեն օգտագործում, ուրեմն նրանք էլ «ի՞նչ տղամարդ» են:
Նշենք, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքը առանձին չի անդրադառնում սեքսուալ կամ էրոտիկ գովազդներին եւ սահմանափակումներ չի դնում: Միայն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, պատշաճ չի համարվում եւ արգելվում է այն գովազդը, որտեղ վարկաբեկվում են բարոյականության համընդհանուր եւ ազգային նորմերը: Քանի որ այս ձեւակերպումը շատ վիճելի է եւ դժվար է ապացուցել՝ բարոյականության համընդհանուր նորմը վարկաբեկվել է, թե ոչ՝ գովազդ պատրաստողները հանգիստ կարող են իրենց լվացքի փոշիների, յուղերի ու ձեթերի, ամանի հեղուկների գովազդներում անգամ սեքս նկարել՝ համոզված լինելով, որ նրանք ավելի շատ կդիտվեն, քան «ես սուպեր մայրիկ ունեմ, նա իմ շորերը լավ է լվանում» կամ «հայրիկս բաստուրմայով ձվածեղ է սիրում, ես՝ թերխաշ ձու», «օ՜, ո՛չ, այս ամբողջ ամանները ե՞ս եմ լվանալու» տեքստերով հոլովակները, որոնք, բացի ծիծաղից, ուրիշ ցանկություններ դժվար թե մարդկանց մեջ արթնացնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել