Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ դոկտոր Չինգ Կու Վուն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին շնորհավորել է ԱԻԲԱ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Պարոն Գաբրիելյանի այս նշանակումը կատարվել է այն բանից հետո, երբ միջազգային ֆեդերացիան մայիսի 1-ին Բաքվում առաջին անգամ քննություն է կազմակերպել անվանի մասնագետների մասնակցությամբ, որի արդյունքում լավագույնը ճանաչվողն էլ նշանակվելու էր ԱԻԲԱ-ի տեխնիկական տնօրեն: Սա բավականին բարձր եւ լուրջ պաշտոն է եւ այն զբաղեցնող մասնագետին միջազգային մրցումներում որպես միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ ներկա գտնվելու եւ պատասխանատու որոշումներ կայացնելու իրավունք է տալիս: Կայքէջը տեղեկացնում է նաեւ, որ Բաքվում Դերենիկ Գաբրիելյանի մրցակից Ադրբեջանի ներկայացուցիչը չի հաղթահարել քննության առաջին փուլը: