Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՌՆՎԱԶՆ «ԲՐՈՆԶ» ԱՐԴԵՆ ՈՒՆԻ

Հունիս 10,2010 00:00

\"\"Մոսկվայի «Մեգասպորտ» մարզապալատում սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 38-րդ առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպումներն են ընթանում, որոնցում հաղթանակ տոնելու դեպքում բռնցքամարտիկները մտնում են կիսաեզրափակիչ, իսկ դա նշանակում է, որ իրենց համար ապահովում են առնվազն բրոնզե մեդալ:
Հայաստանի հավաքականից առաջինն այդ արգելքը հաղթահարել է 81 կգ քաշային, վանաձորցի Արթուր Խաչատրյանը: Նա նախորդ օրը անչափ համառ պայքարում առավելության է հասել Լատվիայի ներկայացուցիչ Նիկոլայաս Գրիսունինսի նկատմամբ: Ըստ Եվրոպայի առաջնության պաշտոնական կայքի, նրանց մարտն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3: Եվ միայն մրցավարների լրացուցիչ որոշմամբ հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկին:
Մեր հավաքականի մարզիչները եւ հայ մարզասերները մեդալների լուրջ ակնկալիքներ ունեին նաեւ 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանից, Ազատ Հովհաննիսյանից՝ 57 կգ, եւ Անդրանիկ Հակոբյանից՝ 75 կգ: Սակայն մեր ունեցած տեղեկություններով, քառորդ եզրափակչում կողմնակալ մրցավարությունը մեր տղաներից երկուսի առջեւ փակել է պատվո պատվանդան տանող ճանապարհը: Եթե Գիժլարյանը միավորների 1:9 տարբերությամբ տանուլ է տվել անգլիացի Խալիդ Յաֆայիլին, ինչի դեմ, ըստ երեւույթին, ասելիք չկա, ապա նույնը չես ասի մյուս երկուսի պարագայում: Ազատ Հովհաննիսյանը իռլանդացի Թիրոն Մաք Գուլագին պարտվել է 3:6 հաշվով, իսկ աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանը զիջել է ընդամենը երկու միավորով՝ 9:11: Թե Ազատի եւ Անդրանիկի մարտերի հարցերը մոսկովյան ռինգում ինչպե՞ս են մրցավարները լուծել, կտեղեկանանք մեր պատվիրակության վերադառնալուց հետո միայն: Իսկ մինչ այդ, երեկ երեկոյան Եվրոպայի չեմպիոն, 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանն առաջին մենամարտը պետք է անցկացներ ուկրաինացի Դենիս Շկարուբոյի հետ, իսկ Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանի հերթական մրցակիցը լինելու էր գերմանացի Դավիդ Մյուլլերը: Եթե մեր բռնցքամարտիկները հաջողության հասնեին, նրանք եւս մեր հավաքականի հաշվարկին առնվազն բրոնզե մեդալ կբերեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել