Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԸ՝ ՀԱՅՏՆԻ ՓԱՌԱՏՈՆԵՐՈՒՄ

Հունիս 10,2010 00:00

Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները «դրսում» մեկնարկել են 2009-ից ու պարբերաբար տեղ են գտնում աշխարհի փառատոներում: Երեկ այս մասին էր ռեժիսորի՝ «Golden tulip» հյուրանոցում կայացած ասուլիսը: Անցած տարվա ընթացքում ռետրոսպեկտիվների շարքով ռեժիսորի աշխատանքները ներկայացվել են Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, այնուհետեւ՝ Մոնտեվիդեոյում եւ Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում: Իսկ իտալացի հայտնի սոցիոլոգ, կինոյի տեսաբան ու քաղաքական գործիչ Դարկո Բրատինայի անվան հեղինակավոր մրցանակի առթիվ՝ ռեժիսորի ֆիլմերը ցուցադրվել են նաեւ Իտալիայի եւ Սլովենիայի 5 քաղաքներում: Ռետրոսպեկտիվ ցուցադրությունների հրավերները շարունակվեցին նաեւ 2010-ին՝ Իսպանիայից, Իսրայելից ու նաեւ ԱՄՆ-ից:
Մայիսի 30-ից մինչեւ հունիսի 6-ը Իսրայելի Սդերոտ քաղաքում կայացած 9-րդ «Cinema South» միջազգային փառատոնի «Համաշխարհային կինո» ծրագրում «Հայկական կինո» բաժինը ներկայացված էր Հարություն Խաչատրյանի 4 ֆիլմերի հետահայաց ցուցադրությամբ՝ «Սահման», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը» եւ «Վերադարձ ավետյաց երկիր»: Ավելի վաղ՝ մայիսի 7-16-ը Մադրիդում կայացած Վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնում (Docmenta Madrid) Հ. Խաչատրյանը պատվավոր հյուրերից էր, նրա 6 ֆիլմերի հետահայաց ցուցադրություններն ընդգրկված էին Տեղեկատվական ծրագրում: Մինչեւ հիմա որեւէ կինոփառատոնում հայ ռեժիսորներից միայն Սերգեյ Փարաջանովի եւ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ էին կազմակերպվել: Այս տարի Հ. Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ նախատեսված են նաեւ սեպտեմբերի  3-6-ը ԱՄՆ Կոլորադո նահանգում՝ Թելուրայդի 37-րդ միջազգային կինոփառատոնում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել