Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանական օրեր

Հունիս 10,2010 00:00

«Լոռվա ձոր» հայրենակցական միությունը մինչեւ տարեվերջ մի շարք ծրագրեր է նախատեսել: Դսեղում նախատեսված են ավանդական «Թումանյանական օրերը», որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին: Առաջին անգամ Դսեղում հնարավորություն կլինի շփվելու Ռուսաստանից, Հոլանդիայից, Վրաստանից, Գերմանիայից ու այլ երկրներից Հայաստան եկած Թումանյանի ժառանգների հետ:
Նույն ամսին Ախթալայի վանքում կնշվի Մարիամ Աստվածածնի տոնը, որի ժամանակ տեղի կունենա «Մատանիների հուշարձանի» տեղադրումը: Մոտկորում կկազմակերպվի նկարիչների սիմպոզիում, որը նվիրված կլինի Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյակին, իսկ տարեվերջին սիմպոզիումի արդյունքներով կկազմակերպվի «Հրանտ Մաթեւոսյանի աշխարհը» պայմանական խորագրով ցուցահանդես: Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում կստեղծվի Լոռվա մեծերի պուրակ՝ նվիրված Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսին, Հովհաննես Թումանյանին, Հրանտ Մաթեւոսյանին, Միկոյան եղբայրներին եւ այլոց: Պուրակում, որը յուրօրինակ հանգստի գոտի կլինի զբոսաշրջիկների, Երեւան-Թբիլիսի մայրուղով երթեւեկողների կամ Լոռի այցելողների համար, կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ: Հուլիսի 11-ին՝ Վարդավառի օրը, Հաղպատավանքում կլինի ժողովրդական տոնախմբություն, կտեղադրվի Սայաթ-Նովայի հուշաքարը:
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը նշեց. «Հաղպատավանքի տոնակատարության իրականացմամբ փորձում ենք Հաղպատի արժեքն ի ցույց դնել հանրությանը, Լոռվա ձորի պուրակը ստեղծելու նպատակն է, որ մատաղ սերունդը հաղորդակից լինի Լոռվա աշխարհի մարդկանց, կերպարների միջոցով ճանաչի, սիրի, գնահատի հայրենի եզերքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել