Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԳ նախարարությունը պետք է ինքնալուծարվեր»

Հունիս 10,2010 00:00

Հայտարարում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

«Միայն գաղութային կախվածություն ունեցող երկրներն են դպրոցներում բազային կրթությունը այլ լեզվով կազմակերպում, հիմնականում աֆրիկյան պետություններում կամ Հնդկաստանում է այդպես, այն էլ այն դեպքերում, երբ իրենց մայրենի լեզուները ի վիճակի չեն պետական գործառույթների համապատասխան կիրառություն ունենալ, օտարալեզու կրթությունը ընդունված է նաեւ, երբ որեւէ ժողովուրդ ուծացվում է մեկ այլ ժողովրդի հետ»,- երեկվա ասուլիսում հավաստիացրեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա պարզաբանմամբ, արդարացված չէ կառավարության առաջարկությունը, թե օտարալեզու կրթությունը նախատեսվում է ավագ դպրոցներում:
Ռուսական կրթություն ստացած ճարտարապետ Լեւոն Իգիթյանին չի մտահոգում օտարալեզու դպրոցների ստեղծման նախաձեռնությունը, նրան այլ բան է անհանգստացնում. «Մատենադարանի տարածքում երիտասարդները ցեխոտ ոտքերով բարձրանում են Մաշտոցի արձանի վրա ու փորձում են ճշմարտություններ քարոզել կամ էլ առօրյա խոսակցությունը վերածվում է գռեհկաբանության: Վերջերս ճանապարհին երկու երիտասարդի զրույցի ականատեսը եղա, նրանք միմյանց հրավիրում էին «պիվցվելու», այ, սրա համար պետք է մտահոգվել»: Ճարտարապետի բնորոշմամբ, հայերը հին ու պինդ ազգ են, բայց ոչ հիվանդ պառավ. «Ինչո՞ւ հանկարծ վախեցանք մի քանի օտարալեզու դպրոցների ստեղծման նախաձեռնությունից, եթե այդ 15 դպրոց բացելով որպես էթնոս պետք է պարտվենք, ուրեմն թող պարտվենք, եթե այդքան թույլ ու փխրուն ենք… Հզոր էթնոս ենք, բայց կեղծ ու կասկածելի հայրենասիրությամբ դրա հիմքը քանդում ենք: Ախր պետք է բացվենք աշխարհի առաջ, հակառակ դեպքում, ինչպես բնության մեջ՝ նեխման գործընթաց կսկսվի»:
Բեմադրիչ, ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանն էլ կարծում է. «Պետք է կառավարությանն ասենք՝ խնդրեմ, բացեք օտարալեզու դպրոցներ, բայց պայմանով, որ դրանք համապատասխանեն հայկական դպրոցի մակարդակին: Խնդիրն այն չէ՝ բացենք, թե չբացենք օտարալեզու դպրոցներ, այլ այն, թե ինչպես բարձրացնենք հայկական դպրոցի մակարդակը: Ես դեմ եմ օտարալեզու դպրոցներին, եթե դրանք հայերենի հաշվին են լինելու»: Տիկին Խառատյանն էլ ասաց. «Այլ երկրներում էթնիկ փոքրամասնությունների համար են նախատեսված օտարալեզու դպրոցները, իսկ մեր երկրում ի՞նչ իմաստ ունեն: Ուրիշ հարց է առաջանում, ինչո՞ւ 15 եւ ոչ թե համատարած օտարալեզու դպրոցներ, ինչո՞ւ են սահմանափակ մարդկանց համար նախատեսում, անարդար է»: Հ. Խառատյանի խոսքով, ՀՀ ԿԳՆ-ն օտարալեզու դպրոցներ բացելու մասին որոշում ընդունելով՝ պետք է ինքնալուծարվեր, քանի որ «այսպիսով նախարարությունը խոստովանում է, որ չի կարողանում բավարար իրազեկ կրթություն ապահովել եւ ստիպված գնում է մասնավոր շերտի համար մասնավոր դպրոցներ ստեղծելու ճանապարհով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել