Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՈՒՆԸ ԿԱ, ԱՄԱՆՈՒՄ՝ ՈՉ

Հունիս 10,2010 00:00

Ազգային ակադեմիական լինելով՝ մշակութային օջախներն ու կոլեկտիվները բնավ չեն տարբերվում «շարքայիններից»

Խորհրդային տարիներին որոշ թատրոնների, նվագախմբերի, երգչախմբերի եւ պարային անսամբլների շնորհվում էր ակադեմիականի կոչում: Դա տեսակի մեջ բարձրագույնը լինելու կարգավիճակի արտահայտությունն էր, ինչն անդրադառնում էր նաեւ, օրինակ, տվյալ կոլեկտիվի բյուջեի վրա: Հայաստանում ակադեմիական են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի, Գ. Սունդուկյանի անվան թատրոնները եւ Հովհաննես Չեքիջյանի գլխավորած երգչախումբը: ՀՀ-ի անկախանալուց հետո հիշյալ կոլեկտիվները այլ երկրների օրինակով ակադեմիական «տիտղոսին» ավելացրին նաեւ ազգայինը, բայց դա չխանգարեց, որ «շարքային» մշակութային օջախների պես իրենք էլ 2004թ.-ից տեղավորվեն ՊՈԱԿ հասկացության մեջ: Ի դեպ, մեր երկրում ՊՈԱԿ-ներ են բուհերը, մանկապարտեզները, դպրոցները… եւ դրանց կողքին՝ ազգային ակադեմիական նշանավոր կոլեկտիվները:
ԱԺ-ն արդեն որերորդ տարին «տորպեդահարում» է «Թատրոնի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, փաստորեն այդպես էլ չկամենալով օրենսդրական համամասնության մեջ դնել թատրոնների կարգավիճակն ու գործունեությունը, առանձնակի վերաբերմունք արտահայտել թատրոնների «կատեգորիաների» նկատմամբ: Չունենք նաեւ Մշակութային օրենսգիրք, օրենքներ՝ ստեղծագործական միությունների, կինոյի եւ այլնի մասին:
«Առավոտը» կապվեց ազգային ակադեմիական կոլեկտիվների տնօրենների հետ՝ ուղղելով հետեւյալ հարցը. դուք կրում եք ազգային ակադեմիականի «կոչում», արդյոք դա որեւէ կերպ արտահայտվո՞ւմ է պետական մոտեցումներում (բյուջե, կառավարման սկզբունքներ եւ այլն), թե՞ «ազգային ակադեմիականը» ֆիկցիա է, ձեւական մի բան:
Ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասաց, որ նման բարձր կոչման արժանացած մշակութային օջախների հանդեպ ցանկալի է եւ անհրաժեշտ, որ պետական ուշադրությունն ավելի շոշափելի լինի. «Մինչեւ 2006թ. թատրոնում ոչ մի բեմադրություն պետպատվերի շրջանակներում չի իրականացվել: Միայն վերջին տարիներին զգացինք ուշադրություն մեր հանդեպ, որի արդյունքում բեմադրվեցին 5 օպերա, 3 բալետ: Այժմ էլ, դարձյալ պետպատվերով, աշխատանքներ են տարվում Վերդիի «Աիդա» օպերան եւ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետը բեմ հանելու համար»: Տնօրենը հավելեց, որ իրենք սուբսիդիա են ստանում տարեկան բյուջեի 75%-ի չափով, իսկ 25%-ն արտաբյուջեն է, որ լրացվում է ներկայացումների տոմսերի վաճառքից գոյացած գումարով, ինչպես նաեւ վարձավճարներից: Մայր թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի խոսքերով՝ ազգային ակադեմիականը ամենաբարձր ու պարտավորեցնող կարգավիճակն է, բայց բնավ էլ չպետք է առաջին հերթին պետության կողմից ակնկալել մեծ նյութական միջոցներ. «Այս կարգավիճակը նաեւ վերաբերմունք է, օրինակ, մեր թատրոնը միակն է, որ ստանում է պահպանման ծախս»: Պետական ակադեմիական երգչախմբի տնօրեն Արթուր Մխիթարյանի խոսքը հակիրճ էր. «Եթե ազգային ակադեմիական թատրոն է կամ նման կոլեկտիվ, ինչը արեւմուտքից է գալիս, ուրեմն ուշադրությունը եւս պետք է համապատասխանի արեւմտյան չափանիշներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել