Լրահոս
Օրվա լրահոսը

Ժնեւյան բանակցությունները կողմերից որեւէ մեկին չեն բավարարել

Հունիս 10,2010 00:00

Ժնեւում Ռուսաստանի եւ Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բանակցություններն ավարտվել են Աբխազիայի վարչական սահմանից ոչ հեռու տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելով: ԵՄ դիտորդական առաքելությունը անհանգստություն է հայտնել Աբխազիայի տարածքում մեծ մասամբ էթնիկ վրացիներով բնակեցված սահմանամերձ Գալիի շրջանում հունիսի սկզբին ծավալված իրադարձությունների առնչությամբ, որոնց արդյունքում առնվազն հինգ մարդ էր զոհվել: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիեր Մորելը, որը նախագահել է ժնեւյան բանակցությունների հերթական փուլը, ըստ BBC-ի, հաղորդել է, թե Ռուսաստանի եւ Վրաստանի պատվիրակությունները հաջորդ շաբաթվա սկզբին Գալիում կքննարկեն «միջադեպերի կանխարգելման եւ դրանց արձագանքելու մեխանիզմները»: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին սպանվել էր սահմանի մաքսատան էթնիկ աբխազ մի աշխատակից, հունիսի 3-ին անհայտ անձինք սպանել էին Ռեպի գյուղի վարչակազմի ղեկավարին, հունիսի 6-ին Վրաստանի վերաինտեգրման նախարարության պնդմամբ՝ նույն գյուղում եւ Դիխազուրգա բնակավայրում իրականացվել էին ուժային գործողություններ, որոնց արդյունքում երեք մարդ էր զոհվել: Հունիսի 1-ի եւ 3-ի միջադեպերի համար աբխազական կողմը մեղադրել էր վրացական հատուկ ծառայություններին, իսկ հունիսի 6-ի իրադարձության մեղքը Թբիլիսին բարդել էր աբխազների վրա:
«Ժնեւյան քննարկումները գտնվում են ճգնաժամում»,- news.am-ի մատուցմամբ, հայտարարել է հարավօսական կողմի ներկայացուցիչ Բորիս Չոչիեւը՝ հավելելով, թե հարավօսական եւ աբխազական կողմերը հատուկ հայտարարություն են պատրաստում, որում ներկայացնելու են իրենց դիտողությունները: Չնայած բանակցություններից կողմերի բավարարված չլինելու հանգամանքին, վերջիններս պայմանավորվել են բանակցությունների հաջորդ՝ 12-րդ փուլն անցկացնել հուլիսի 27-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել