Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները պասիվ են, իրավունքներ չունեն

Հունիս 10,2010 00:00

Հայտարարում է Երիտասարդական ակումբների համադաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը

Հայաստանում 16-30 տարեկան երիտասարդները կազմում են բնակչության մեկ քառորդը՝ շուրջ 800 000: Հայաստանում ակտիվ է նրանց 5%-ը՝ շուրջ 40 հազարը: Ըստ որոշ հետազոտությունների ու միջազգային փորձագիտական տվյալների, Հայաստանում 20 հազար երիտասարդ է ակտիվորեն ներգրավված հասարակական կյանքում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանում տարվող երիտասարդական քաղաքականության մասին, այսպիսի տվյալներ ներկայացրեց Երիտասարդական ակումբների համադաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը: Նա, մեջբերելով Լիտվայում անցկացված հետազոտության արդյունքները, նշեց, որ այդ երկրում, որտեղ երիտասարդության ոլորտում մշակված կոնկրետ մեխանիզմներ կան, երիտասարդների միայն 7-8%-ն է ակտիվ: Արեւելյան Եվրոպայի երկրներում այդ թիվը 15% է, իսկ Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում՝ 50%-ից ավելին է ներգրավված հասարակական ակտիվ գործունեության մեջ: Ըստ Ա. Մխիթարյանի, ՀՀ այս տարվա բյուջեով 400 մլն դրամ է հատկացված երիտասարդական ծրագրերին, իսկ լիտվացի երիտասարդներին պետության կողմից հատկացվող գումարը 2-3 անգամ ավելի է: Բանախոսը գտնում է, որ մեր երկրում պասիվ են երիտասարդները եւ ընդհանուր պասիվության ֆոնի վրա դժվար է ակտիվացնել նրանց. «Այն երիտասարդները, որոնք ակտիվ են, կուսակցական են դառնում եւ նրանք, ովքեր չեն ուզում կուսակցական դառնալ, հետ են կանգնում շարժումից»: 
Հարցին՝ Հայաստանում երիտասարդների իրավունքները պաշտպանվա՞ծ են, Ա. Մխիթարյանը պատասխանեց. «Իսկ երիտասարդն ի՞նչ իրավունք ունի: Երիտասարդը իրավունքներ ունի՞ որպես մարդ, որպես երիտասարդ, ցավոք սրտի՝ չունի»: Բանախոսը նշեց, որ երիտասարդների իրավունքների մասին փորձում են բարձրաձայնել «Երիտասարդության մասին» օրենքի նախագծով: Նախագիծը մի քանի անգամ մտել է ԱԺ-ի օրակարգ եւ երկրորդական դասվելով՝ դուրս մնացել: Ըստ բանախոսի, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախագծում երիտասարդների համար նախատեսում են որոշակի արտոնություններ, որոնք պատկան մարմինների համար անընդունելի են: Ա. Մխիթարյանը հայտնեց նաեւ, որ հուլիսի 3-9-ը նախաձեռնել են հասարակական դիվանագիտության մեջ երիտասարդների ներգրավման «Երիտասարդական երկխոսության տրամվայ» միջազգային ծրագիրը, որին մասնակցելու են տարբեր երկրների 20-25 երիտասարդներ: Նրանք 3 օրերի ընթացքում Երեւանում եւ մարզերում կծանոթանան այստեղ տարվող երիտասարդական քաղաքականությանը, իսկ 3 օր էլ կլինեն Արեւմտյան Հայաստանում՝ Կարսում, Մուշում եւ Վանում: Այս նախաձեռնությամբ երիտասարդները բաց նամակով դիմելու են Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներին՝ կոչով, որպեսզի ետ գալու ճանապարհն անցնեն բաց սահմանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել