Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԻ ՎՐԱ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ

Հունիս 10,2010 00:00

\"\"\"\"

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում տեղի ունենալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Անգլիայի եւ ԱՄՆ-ի հավաքականների շաբաթօրյա խաղի արդյունքը փորձել են կանխատեսել ոչ միայն բուքմեյքերական գրասենյակները, այլեւ բարձրաստիճան դիվանագետները, որոնք գրազ են եկել: Գրազի արժեքը ճաշի հրավերն է: BBC-ի մատուցմամբ, խաղի վրա իրենց խաղադրույքները ԱՄՆ-ում Միացյալ Թագավորության դեսպան սըր Նեյջել Շեյնուոլդն (ձախից) ու Լոնդունում ԱՄՆ դեսպան Լուիս Սուսմանը կատարել են իրենց օգնականների միջեւ հաղորդագրությունների փոխանակման ընթացքում: Հաղորդագրությունների փոխանակման մասին առաջինը հաղորդել է քաղաքական լրագրողների ամերիկյան կազմակերպության politico.com կայքը:
«Մենք կհասկանանք, եթե դուք հրաժարվեք՝ նկատի ունենալով նման վերջին հանդիպման արդյունքը»,- իր բրիտանացի գործընկերոջն ուղղված հաղորդագրության մեջ նշել էր ամերիկացի դիվանագետի օգնականը՝ նկատի ունենալով 1950թ.-ին տեղի ունեցած ֆուտբոլային խաղը, որի արդյունքում անգլիացիները պարտություն էին կրել: Պատասխան հաղորդագրության մեջ բրիտանացի դեսպանի օգնականը շեշտել էր՝ «սըր Նայջելը ընդունել է սթեյքով ճաշկերույթ մարտահրավերը, ինչը նրա դեպքում հազվադեպ երեւույթ է»:
Փորձագետներն ասում են, որ եթե ամերիկացիները պարտվեն, ԱՄՆ-ում լոնդոնյան դեսպանությունը «կաղքատանա» ճիշտ այնքանով, որքան կարժենա սթեյքով ճաշկերույթը:
Վաշինգտոնում բրիտանական դեսպանության աշխատակիցներն ու նրանց հարազատները ֆուտբոլային այդ խաղը դիտելու են դիվանագիտական գերատեսչության տարածքում տեղադրվելիք մեծ հեռուստաէկրանից: Քանի որ բրիտանական դեսպանության աշխատակիցների մոտ մեկ քառորդը ԱՄՆ քաղաքացիներ են, ուստի՝ ակնկալվում է, որ խաղի դիտումը շատ աշխույժ մթնոլորտում է ընթանալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել