Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՂՋՈՒՄ ԵՄ, ՈՐ ԲԺՇԿԱԿԱՆՈՒՄ ԵՄ»

Հունիս 10,2010 00:00

Իրանցի ուսանողնե՞րն են ծույլ, թե՞ այս բուհում կրթության որակն է ցածր

Իրանցի ուսանողներ-Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հակամարտությունը տարիների պատմություն ունի: Անցյալ տարի մեծ աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այլեւս չի ճանաչում Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ավարտական դիպլոմները: Լրատվամիջոցները հեղեղվեցին հաղորդագրությամբ, որ Իրանի առողջապահության նախարարության կրթության բաժնի վարիչ Գուլամռզա Հասանզադեն հայտարարել է, թե Երեւանի բժշկական համալսարանի դիպլոմներն անվավեր են ճանաչվելու Իրանում. պատճառը կրթության ցածր որակն է: Ի պատասխան՝ ՀՀ-ում շրջանառվեց այն կարծիքը, որ Հայաստանում բժշկական կրթության որակը գցում են ոչ պետական բուհերը, օրինակ՝ «Հայբուսակը»: Ստուգումներից հետո ԿԳ նախարարը կասեցրեց արտասահմանցիների համար իրականացվող անգլալեզու կրթությունն այս կրթօջախում՝ ուսանողներին առաջարկելով տեղափոխվել իր մայր օջախը՝ ԵՊԲՀ: Սակայն իրավիճակը չփրկեց նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ մայիսի 22-25-ի այցը Իրան. չնայած Իրանի համապատասխան նախարարությունը հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել ՀՀ 3 պետական բուհերի՝ ԵՊՀ-ի, ԵՊԲՀ-ի եւ ՀՊՃՀ-ի դիպլոմները, միեւնույն է, իրանցի ուսանողները չեն դադարում դժգոհել Բժշկական համալսարանի տված կրթության որակից:
«Առավոտի» հետ զրույցում իրանցի ուսանողների մեծամասնությունը վրդովված էր գրականության պակասից, դասախոսների մասնագիտական եւ օտար լեզվի տիրապետման ցածր մակարդակից, կարգուկանոնից եւ այլն: Օրինակ՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Սաիդ Ռապոնին նեղսրտեց. «Ստիպված ենք ինքնակրթությամբ զբաղվել, քանի որ դասախոսները հիմնականում չեն տիրապետում իրենց տված նյութին, դրանք էլ հնդկական, ռուսական գրականությունից արտատպություններ են: Պատճառն այն է, որ չկան լավ մշակված ուսումնական ծրագրեր արտասահմանցի ուսանողների համար, մեր ուսուցումը կազմակերպվում է իմիջիայլոց: Չկան լաբորատոր պայմաններ, էլ չեմ խոսում, որ վերջերս պարզ դարձավ, թե բակալավրիատն ավարտելուց հետո մեզ ոչ մի փաստաթուղթ չեն տալու»: Ուսանողուհի Փաիլ Եքֆամզադեն էլ կես-կատակ, կես-լուրջ ասաց. «Այս համալսարանում ամենակարեւորը բժշկական համազգեստ կրելն ու դասերից չբացակայելն է, ոչ թե կրթության որակը: Երբ մի անգամ պրոռեկտորին հարցրի՝ ավարտական կուրսի քննությունը պարտադի՞ր է, ասաց՝ ոչ: Մեկ ամիս անց, թե՝ պարտադիր է, եթե չհանձնես՝ պիտի հետ գնաս: Իրանում ֆակուլտետի դեկանները կիրթ, քաղաքավարի, զորեղ մարդիկ են, բայց այստեղ երբ մի բան է պատահում, դեկանները գալիս հայերեն վիրավորական խոսքեր են հնչեցնում մեր հասցեին, մտածելով՝ միեւնույն է, չենք հասկանում: Մի խոսքով, մեր իրավունքներն այստեղ պաշտպանված չեն: Այժմ զղջացել եմ: Երբ գնամ Իրան՝ քննություն պիտի հանձնեմ, եւս երկու տարի սովորեմ, որպեսզի կարողանամ աշխատանք գտնել»: Փաիլը նախորդ օրվա քննությունից մի օրինակ բերեց՝ հարցատոմսում անգլերենով լեզուն որպես մարմնի մաս՝ language էին գրել, որը նշանակում է լեզու՝ հաղորդակցման միջոց, փոխանակ գրեին tongue: Փաիլի պատմելով, մի անգամ էլ դասախոսներից մեկը նկատողություն անելու փոխարեն «հարձակվել» է իր վրա: Պատճառն այն է, որ ուսանողուհին սխալմամբ իգական սեռի դերանվան փոխարեն այդ կնոջ մասին he-ով է խոսել: «Ընդամենը 5-6 դասախոսների եմ հավանել, օրինակ՝ վիրաբուժության դոկտոր Ավագյանին,-ասում է Փաիլը եւ շարունակում:- Կարգուկանոնից են խոսում, բայց գրադարան մտնել չի լինում, աղմուկ է, քննությունների ժամանակ եւս: Այսպիսի կրթության համար վճարել 1 400 000 դրամ՝ անիմաստ է»:
Նշված դժգոհությունները անհիմն համարեց Բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վլադիմիր Շեկոյանը. «Բոլոր ձեռնարկները 800 օրինակով տպագրվում են երեք լեզվով: Բոլոր դասախոսությունները ամբիոններից կարող են վերցնել: Թեստերի բանկը եւս նրանց տրամադրության տակ է: Արտասահմանցի ուսանողներին անգլերեն դասավանդողները ատեստացիա են անցել: Ընդհակառակը՝ իրանցիները լեզուն չեն հաղթահարում, դեռ իրենց գիտելիքների պակասի պատճառով էլ դժգոհում են: Բայց կան նաեւ լավ ուսանողներ: Դիպլոմի մասին էլ բոլոր ավարտական կուրսերին բազմիցս բացատրել ենք, որ 4-րդ կուրսն ավարտելուց հետո պիտի հանձնեն փոխադրական պետական քննություն, բայց իրենց դիպլոմ չենք տալու, նրանց համար ծրագիրը գրել ենք, որ մեկ տարի էլ սովորեն, նոր տանք MD դիպլոմ: Իրենց ասել ենք. ով կուզի՝ դիպլոմ կտանք, չեն ուզի՝ չենք տա: Այս դեպքում գնալու են մեկ տարի էլ սովորեն եւ ստանան դիպլոմավորված մասնագետի դիպլոմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել