Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ն ընդդեմ ՀՅԴ-ի

Հունիս 10,2010 00:00

«Առավոտը» տեղեկացրել է, որ անցած տարվա նոյեմբերին Տավուշի մարզի Աչաջուր, իսկ դեկտեմբերին՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղերում համայնքապետի ընտրությանը իրար դեմ էին դուրս եկել, մրցակցում էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Սյունիքի մարզի Աճանան գյուղը գյուղապետ է ընտրելու հունիսի 20-ին եւ դարձյալ՝ «հանրապետականն ընդդեմ հանրապետականի» ձեւաչափով:
Հունիսի 27-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն է լինելու Գեղարքունիքի մարզի 15 համայնքում: Հինգ համայնքում՝ Ավազան, Ծափաթաղ, Տորֆավան, Փամբակ, Շատջրեք, առաջադրվել են միայն համայնքի գործող ղեկավարները:
Երեք գյուղում կուսակցական ընկերներն են «կռվում» գյուղապետի աթոռի համար: Կախակնում՝ գործող գյուղապետ, ՀՅԴ անդամ Գագիկ Պետրոսյանն ընդդեմ իր կուսակցական ընկեր Մակիչ Վաթյանի եւ ԺԱԿ կուսակցության անդամ Արմենակ Շիրվանյանի, Փոքր Մասրիկում՝ գործող գյուղապետ, հանրապետական Գագիկ Սարոյանն ընդդեմ հանրապետական Սուսաննա Բարսեղյանի եւ անկուսակցական Վարդան Մարգարյանի: Վանեվանում գործող գյուղապետ, հանրապետական Նորայր Հարությունյանի հակառակորդը հանրապետական Էդգար Սարգսյանն է: Տրետուքի գործող, անկուսակցական համայնքապետ Սուրիկ Եղիազարյանը չի առաջադրվել, փոխարենը այստեղ գյուղապետ դառնալ են ուզում ԲՀԿ-ական, գործող գյուղապետի եղբորորդի Ալիկ Եղիազարյանը եւ հանրապետական Հովհաննես Երանոսյանը: Չեն առաջադրվել նաեւ 1996 թվականից Դրախտիկը ղեկավարող հանրապետական Մելս Ղալեչյանը եւ նույն թվականից Կութ գյուղի ղեկավար՝ հանրապետական Կարո Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել