Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի վճռին սպասելիս

Հունիս 10,2010 00:00

Այս տարվա մայիսի 20-ին տեղեկացրել ենք, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի նախկին 13 աշխատակիցները դիմել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 2005-2009 թվականների իրենց չվճարված գիշերային աշխատավարձերը ընկերությունից ստանալու պահանջով:
Արդեն հայտնի է, որ դատական նիստերը կկայանան հունիսի 29-30-ին եւ հուլիսի 16-ին: Կոմբինատում այսօր կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնց նույնպես ընկերությունը չի վճարել գիշերային աշխատավարձերը՝ սկսած 2005 թվականից, բայց ներկայիս աշխատակիցները չվճարված գիշերային աշխատավարձերը պահանջելով՝ կարող են այլ պատճառով ազատվել աշխատանքից, ինչպես պահակ Աշոտ Գրիգորյանի դեպքում, ով նույնպես դիմել է դատարան: «Մոտ 10 տարի կոմբինատում եմ աշխատել, բրիգադիր էի, իսկ վերջին ժամանակները՝ պահակային ծառայությունում: Բայց էնպիսի պայմաններ են ստեղծել, որ ես դուրս գամ: Ամեն պահի պահանջում էի, որ մեզ գիշերվա հերթափոխի համար վարձատրեն, 1,5 տարի չէին վարձատրում: Մի խոսքով, էնենց արեցին, էնպիսի պայմաններ ստեղծեցին, որ դուրս եկա գործից, հիմա էլ անգործ եմ, դատարան եմ դիմել, որ գոնե նախկին գիշերավարձերի պարտքս տան՝ կարողանամ ընտանիքս պահել»,- ասում է Աշոտ Գրիգորյանը:
ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը քննարկել է հարցը եւ բազմաթիվ խախտումներ արձանագրել: «Խախտվել են Աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի պահանջները, այն է՝ խոր փորման հաստոցների մեքենավարներին եւ նրանց օգնականներին չի հաշվարկվել եւ չի վճարվել գիշերային աշխատանքի հավելում՝ ընդհանուր գումարով 11 367 374 դրամ: Բացի այդ, խախտվել է նաեւ «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի N 1907-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված շինարարական վերանորոգման արտադրամասի աշխատողներին չի վճարվել առողջության համար վնասակարության հավելումը՝ նրանց դրույքաչափի 50%-ի չափով՝ ընդհանուր գումարով 6742000 դրամ»,- ասված է Աշխատանքի պետական տեսչության գրությունում: Արձանագրված խախտումները վերացնելու եւ նշված գումարները վճարելու նպատակով ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետային տրվել է պարտադիր կատարման հանձնարարական:
Հիշեցնենք, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը մեզ ասել էր, որ գիշերային աշխատավարձերի խնդրում կան շատ վիճելի հարցեր, մանրամասն ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա, եւ որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունը կկատարի դատարանի վճիռը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել