Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՁՈՒԼՎՈՒՄ ԵՆ

Հունիս 10,2010 00:00

Հայաստանից կտրված այս համայնքներում մտահոգված են Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հեռանկարից

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այս տարվա ապրիլ, մայիս ամիսներին Բուենոս Այրեսի հայկական դպրոցներում սովորող երեխաների հայեցի կրթությանը օժանդակելու նպատակով Արգենտինայում է եղել բանասիրության դոկտոր Պետրոս Բեդիրյանը, իսկ մայիսի 10-21-ը Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում չորս համերգ են ունեցել երգիչներ Արամոն, Էմմա Պետրոսյանը եւ Արսեն Գրիգորյանը (Մրոն): Այս նախաձեռնությունների արդյունքները երեկ ներկայացվեցին լրագրողներին:
Ըստ ՀՀ Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանի՝՝ Հարավային Ամերիկայում ապրում է մոտ 170 հազար հայ, սակայն ուծացումը ահագնացող չափերի է հասել. խառն ամուսնությունները՝ 80%-ի են հասել, հայախոսությունը նվազել է 80%-ով, երիտասարդները կամ հայերեն չգիտեն, կամ գիտեն կենցաղային մակարդակով, հայերի 70%-ը չի մասնակցում համայնքային կյանքին: Արգենտինայում 75 000 հայի եւ մոտ մեկ տասնյակ հայկական դպրոցների գոյության պարագայում հազիվ 1000 երեխա է այս դպրոցներ հաճախում: «Հայկական դպրոցներում երեխաների թիվն աճում է, իսկ հայ երեխաների թիվը՝ նվազում»,- տեղեկացրեց Արսեն Գրիգորյանը:
Ըստ Ստեփան Պետրոսյանի՝ ուծացման պատճառն այն է, որ այս համայնքները կտրված են Հայաստանից, Լատինական Ամերիկայում չեն հեռարձակվում հայկական հեռուստաալիքներ: Երգիչ Արամոն սակայն ասաց, որ հայերը ինտերնետի միջոցով լավ էլ տեղեկացված են Հայաստանի մասին: Օրինակ՝ տեղյակ են, որ Հայաստանը մտադիր է արտոնել օտարալեզու հանրակրթական դպրոցների բացումը, մտահոգվել են ու իրենց մտահոգությունները փոխանցել ՀՀ Սփյուռքի նախարարությանը: Արամոն հանդիպել է Ռիկարդո եւ Անդրեյ օտար անուններով հայերի, որոնք հայերեն հասկանում են, բայց չեն խոսում, սակայն համայնքի համար մեծ գործեր ու բարեգործություններ են անում ու ասում՝ մեր հոգին ու սիրտն է հայերեն: «Իսկ Հայաստանում կան մարդիկ, որ հայերեն են խոսում, բայց…», խոսքը կիսատ թողնելով ու ձեռքերը լայնորեն տարածելով՝ ամեն ինչ ասաց սիրված երգիչը: Էմմա Պետրոսյանն էլ հավելեց, որ այսպիսի համերգները վերացնում են բոլոր տեսակի անջրպետները եւ «բոլորս դառնում ենք մեկ, միասնական»:
Հարավային Ամերիկայի հայերի ուծացումը կանխելու կամ գոնե հայերի հայախոսության ծավալները մեծացնելու համար պրոֆեսոր Բեդիրյանը տեղի հայկական դպրոցների մոտ 100 ուսուցիչների հետ քննարկումներ է անցկացրել եւ նրանց փոխանցել 100 կտոր ուսումնաօժանդակ գրքեր եւ նյութեր:
Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը տեղեկացրեց, որ ծրագիրը շարունակվելու է. Լատինական Ամերիկայի հայ համայնքներ կայցելեն նոր արտիստներ, գրողներ, կտպագրվի հայերեն-պորտուգալերեն բառարան: Հարավային Ամերիկայի հայ համայնքների համար ծրագրերի եւ նախաձեռնությունների վրա այս տարի ՀՀ Սփյուռքի նախարարությունը կծախսի մոտ 20 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել