Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐ ՈՒՏՈՂՆԵՐԸ՝ ԱՐՎԱՄՈԼ

Հունիս 10,2010 00:00

Ցմահ դատապարտվածի մտորումները

Ժամանակին Խորեն Աբրահամյանին հարցրին մահապատժի վերաբերյալ իր կարծիքը: «Ես դեմ եմ ոչ միայն մահապատժին, այլ նաեւ ցմահ բանտարկությանը: Չարը չար է ծնում, դաժանությունը՝ դաժանություն, եւ միայն բարի վերաբերմունքն է բարիացնում մարդուն: Ափսոսում եմ նրանց համար, ովքեր կողմ են նման պատժատեսակներին: Երեւի նրանք չարացած են, քանի որ ավելի շատ չարն են տեսել, քան՝ բարին», այսպիսին էր ճանաչված դերասանի կարծիքը:
6 տարի շարունակ ինձ պահեցին խոնավ, մութ, կեղտոտ խցում:
Բաղնիք էին տանում տարին մեկ անգամ: Սոված էին պահում ու շաբաթը մեկ դաժան ծեծի էին ենթարկում: Այսպես Հայաստանում «հայերը» սպանեցին 14 մահապատժի դատապարտվածների: Իսկ Եվրոպային խաբում էին, թե Հայաստանում մահապատիժ չկա: Ինչքան չար ու դաժան պետք է լինի համակարգը, որ բավարարվի միայն դանդաղ տանջամահ անելով:
1996թ. հուլիսի 12-ին Իոսիֆ Աղաջանովին սպանել է Արամ Հարությունյանը՝ իր իսկ բնակարանում: Նա այդ մասին հայտարարել է իր սկզբնական ցուցմունքներում: Այդ նույն ցուցմունքներում նա շեշտել է, որ ես՝ Մ. Ենոքյանս, սպանությանը չեմ մասնակցել եւ հակառակը՝ արել եմ հնարավորը, որ կանխեմ այդ սպանությունը: Սակայն հետագայում Արամը սկսում է տալ նոր ցուցմունքներ եւ առաջ է քաշում մի նոր հորինված վարկած, նոր դրդապատճառ: Ըստ հետագայում տրված ցուցմունքների՝ նա ինձ էլ է դարձնում սպանության մասնակից եւ սկսում է խոսել ինչ-որ շահադիտական դրդապատճառի մասին: Դատարանի կողմից ներկայացված մեղադրանքը եւ դատավճիռը հիմնվում են միայն մարդասպանի՝ Արամի կողմից հետագայում տրված անհիմն եւ իրարամերժ ցուցմունքների վրա: Էդ ո՞ր մի գումար պահանջելու նպատակ ունեցող հանցագործն է ներկայանում ոստիկանություն: Ծիծաղելի է: Ախր ոչ ոք ոչ մեկից ոչ մի գումար էլ չի պահանջել: 16 կետից բաղկացած ապացույցներ կան, ներառյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, որոնք միանշանակ ապացուցում են Արամի կողմից հետագայում առաջ քաշված շահադիտական վարկածի եւ իր ցուցմունքների կեղծ լինելը: Զարմանալին նաեւ այն է, որ մինչ այսօր տուժող կողմը աչք է փակում փաստերի վրա: Արամը մինչեւ վերջ էլ ասում էր, որ անմիջական մահվան պատճառ հանդիսացող հարվածը կոկորդին ինքն է հասցրել: Զարմանալի է, որ իրենց զավակին սպանողին չեն հետապնդում… լռության դիմա՞ց…Հենց տուժող կողմն էլ չի ցանկանում, որ ճշմարտությունը ջրի երես դուրս գա:
Իմ ամեն մի փախուստ մեծ աղմուկ է բարձրացնում, այս անգամ նաեւ արդարադատության աշխատակիցներ ձերբակալվեցին: Այս ամենի պատճառը ոչ թե մեր փախուստներն են, այլ անարդար դատավճիռները: Պատճառահետեւանքային կապը մինչեւ ճիշտ չընկալվի եւ սխալ դատավճիռները չվերականգնվեն՝ սպասեք նոր հետեւանքների: Փախուստի գործով դատախազությունը՝ ի դեմս դատախազ Հարությունյանի, ցույց տվեց իր աշխատաոճը: Դատախազը փորձեց հանրության ուշադրությունը շեղել, ինչ-որ կերպ վարկաբեկել ինձ: Նա ասաց՝ «թող հրապարակի ինքնակամ թլպատման փաստը»: Ես միացա նրա այս պահանջին եւ ասացի՝ Մհեր Ենոքյանը թլպատված չի, ամեն ինչ բնական վիճակում է, ոչ մի ամաչելու բան չունեմ, միայն՝ հպարտանալու: Եկեք նայեք, մի հատ էլ նկարեք՝ տվեք դատախազին: Ես քրիստոնյա եմ, ոչ թե հրեա կամ մահմեդական, որ թլպատված լինեմ: Սրանով դատախազը ցույց տվեց, որ մի կողմից կրոնական խտրականություն է ցուցաբերում մեղադրելիս, մյուս կողմից էլ՝ ուղղակի զրպարտում է: Դատախազը նույնիսկ իջավ անգրագետ դատապարտյալների այն շերտի մակարդակին, որոնք կարմիր խնձոր ուտողներին արվամոլ են համարում: Նրանց մոտ տաբու է դրված կարմիր խնձորի վրա, ինչը տարածվում է նաեւ լոլիկի վրա: Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ընդունենք նման տաբուները, ապա նշանակում է՝ դատախազը գեթ մեկ անգամ կարմիր խնձոր կերել է, հետեւաբար…Ինչեւէ, սա է դատախազության աշխատաոճը. զրպարտությունը եւ ակնհայտ սուտը անվանել փաստ, իսկ իսկական փաստերից խուսափել, փորձել ապատեղեկատվություն տարածել:
Ինձ անհիմն են մեղադրել, անօրեն դատապարտել մահվան: Ես մարդասպան չեմ: Իոսիֆի սպանության իրական դրդապատճառը հայտնի է իշխանություններին, արդեն իսկ՝ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Թող նրանք էլ բարձրացնեն վարագույրը: Վերջապես, եթե այս անգամ էլ չվերանայվի իմ նկատմամբ նշանակված պատժաչափը՝ ես կդիմեմ էլ ավելի ծայրահեղ քայլերի: Ըստ էության՝ համակարգը սպանում է ինձ: Աչք փակելով ճշմարտության վրա, «արդարադատությունը» ինձ դատապարտում է մահվան: Եթե ազատության ճանապարհին ինձ սպանեն, մահիցս անմիջապես հետո վարագույրը CNN-ի, BBC-ի, արտերկրի դեսպանատների առջեւ կբացվի մի տեսագրության ձեւով: Վարագույրը կբացվի մի շատ աղմկահարույց գործի հետ կապված՝ երբ աշխարհը կլսի այդ ձայնագրությունը:
Ու երբ դրանից օգտվեն մեր թշնամիները, չասեք՝ էս ինչ արեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել